Նա չի ցանկանում կանխատեսել, թե քանի ձայն կստանա իր գլխավորած կուսակցությունը, սակայն վստահ է, որ գալիք ԱԺ-ում ՕԵԿ-ը ծանրակշիռ տեղ կունենա: ՕԵԿ ղեկավարի խոսքերով՝ ՕԵԿ-ի նկատմամբ արդեն լուրջ ճնշումներ կան. հանդիպումների համար դահլիճ չեն տրամադրում եւ հեռուստաեթերի հետ կապված խնդիրներ կան՝ մոռանալով, որ երբ ինքն իշխանության էր ու իրեն բոլ-բոլ դահլիճներ ու հեռուստաեթերներ էին տրամադրում, ընդդիմությունը բողոքում էր, որ իրեն դրանից ոչինչ չի հասնում:
Ա. Բաղդասարյանը երեկ նաեւ հերքեց Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության եւ վերջերս պառակտված ՍԻՄ-ի հետ դաշինք կազմելու մասին լուրերը: «Մենք դաշինք կազմելու մասին որեւէ քաղաքական կազմակերպության հետ պայմանավորվածություն չունենք: Մենք ստվերային գործունեությանը դեմ ենք: Մենք ինչ-որ բան անելուց առաջ հրապարակային կասենք: Մենք ինչ-որ մեկից չենք վախենում կամ ամաչում»,- վստահեցնում էր նա: Ըստ նրա, դաշինքների մասին խոսելը դեռ վաղ է, սակայն նա միաժամանակ նշեց, թե լինում են քաղաքական պարբերական շփումներ, եւ ՕԵԿ-ը «հետընտրական եւ նախընտրական շրջանում քաղաքական գործակցության համաձայնագիր» է ստորագրել ՍԻՄ-ի հետ: ԱԺ նախկին խոսնակի խոսքերով՝ առաջիկայում նմանօրինակ համաձայնագրեր կստորագրվեն մի շարք այլ կառույցների հետ եւս: Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ որոշմանը՝ Ա. Բաղդասարյանը կարծիք հայտնեց, թե դատախազի միջնորդությունն իր մեջ «ծանրակշիռ մեղադրանքներ էր պարունակում»: «Մենք կողմնակից ենք ոչ թե մերկապարանոց հայտարարություններին, այլ կողմնակից ենք իրոք հստակ հրապարակային դատաքննության գործընթացին»,- նշեց ՕԵԿ ղեկավարը: Վերջինս երեկ նաեւ հայտարարեց, թե իրենք վերապահումներով են ստորագրել հակակրիմինալ շարժման հայտարարությունը, եւ ինքը համաձայն չէ հայտարարության այն ձեւակերպմանը, թե մեր երկրի բոլոր ոլորտները քրեականացվել են: «Շարժումը ենթադրում է գործողությունների ծրագիր, համակարգված գործունեություն, դրա համար մենք ունեցել ենք կոնկրետ վերապահումներ»,- իրենց դիրքորոշումն այսպես բացատրեց Ա. Բաղդասարյանը: Վերջինս նաեւ նշեց, թե պետք է հստակեցվի, թե գործողությունների ի՞նչ ծրագիր է իրագործելու հակակրիմինալ շարժումը: Ա. Բաղդասարյանը կարեւորում է հակակրիմինալ շարժման հայտարարությունը, որովհետեւ «մեծ թվով քաղաքական ուժեր իրենց մտահոգությունն արտահայտեցին երկրում քաղաքական եւ տնտեսական կյանքի մի շարք ոլորտներ կրիմինալի ներթափանցման մասին», սակայն հակակրիմինալ շարժման հետագա զարգացումների մասին գերադասում է չխոսել, որովհետեւ այդ շարժման մեջ կան կուսակցություններ, որոնք ունեն տարբեր քաղաքական ու գաղափարախոսական հայացքներ: Այդ պատճառով էլ ՕԵԿ-ում հակակրիմինալ շարժումն ինչ-որ միասնական քաղաքական թիմ չեն դիտարկում: «Մենք կողմ ենք, որ հնարավորինս շատ լինեն գաղափարական դաշինքները: Համոզված եմ, որ Հայաստանում լինելու են դաշինքներ: Լինելու են, եւ լինելու են բավականին ազդեցիկ դաշինքներ: Կապ չունի` դա կլինի խորհրդարանի ընտրությունի՞ց առաջ, թե՞ նախագահի ընտրությունից առաջ, բայց նման դաշինք անպայման կլինի»,- վստահեցրեց Ա. Բաղդասարյանը: Վերջինս` անդադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ նախորդ շաբաթ արված այն հայտարարությանը, թե Հ. Հակոբյանի հետ կապված հարցով ԱԺ-ում ընդդիմադիրների պահվածքը ցույց տվեց, որ հակակրիմինալ շարժումն իր մեջ ոչինչ չէր պարունակում եւ «պայթեց հակակրիմինալ շարժման փուչիկը»՝ ասաց. «Այն, որ երկրում կրիմինալը ներթափանցել է քաղաքական դաշտ, դա փաստ է: Մեզ համար սա ակնհայտ է, եւ ես հանրապետության նախագահի հետ համաձայնել չեմ կարող»: «Մենք էլ դեռ պետք է հասկանանք, թե հակակրիմինալ շարժում ասվածը հետագայում ինչպիսի՞ գործողություններ է ենթադրում: Մենք խոսել ենք երեւույթի քաղաքական գնահատականի մասին: Մեզ համար ակնհայտ է, որ այսօր քաղաքական տարբեր կուսակցություններ ներթափանցում են, իրոք, կրիմինալ, մականունավոր մարդիկ: Ես որպես ՀՀ քաղաքացի` հայտարարում եմ, որ մեր երկրի իշխանությանը պատիվ չի բերում, որ այն բաղկացած է փոքր ու միջին չափսի մականունավոր գործիչներից: Կապ չունի` դրանք ներկայացված են օրենսդի՞ր, գործադի՞ր, թե՞ դատական իշխանության մեջ»,- հայտարարեց Բաղդասարյանը: Իսկ հիշեցմանը, թե ամիսներ առաջ ՕԵԿ-ից մի խումբ պատգամավորների հեռանալուց շատ չանցած, մամուլում հրապարակվեցին նրանց մականունները, օրինակ՝ «ՍԱՍ-ի Արտակ», ՕԵԿ ղեկավարը պատասխանեց. «Եթե մարդն ունի չգիտեմ, ենթադրենք` խանութ, եւ խանութի հետ միասին նրա անունն են դնում, դա չի նշանակում՝ մականունավոր մարդ»: Սակայն ԱԺ նախկին խոսնակն այդպես էլ չասաց մականվան՝ իր սահմանումը: