Ասք փուչիկի մասին

18/10/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեկ հակակրիմինալ շարժումը դոլար-դրամ փոխարժեքի հետ կապված լսումներ էր կազմակերպել, որին ներկա էին «Նոր Ժամանակներ» եւ «Ազգային Միաբանություն» կուսակցությունների բազմաթիվ անդամներ: Ներկաներին իր ծավալուն ելույթով «թվախեղդ» արեց «Ազգային Միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը, ով այդկերպ փորձում էր ներկայացնել, թե դրամի տատանումներից ինչքան փող են «աշխատել վերեւներում»:

Այդ ընթացքում ներկաները նույնիսկ պատմական էքսկուրս կատարեցին դեպի այն ժամանակները, երբ սկիզբ առավ, այսպես կոչված, «հոլանդական հիվանդությունը»: Բացի այդ, ներկաները տեղեկացան նաեւ անցյալում Կոլումբիայում սուրճի արտադրության հետ կապված ինչ-ինչ նրբությունների ու դրա հետեւանքների մասին, սակայն, ինչպես երեւում էր, հակակրիմինալ շարժման մասնակիցներին առավել զայրացրել էր օրերս Ռոբերտ Քոչարյանի արած այն հայտարարությունը, թե ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ կապված դեպքի առնչությամբ ԱԺ նիստում ընդդիմադիրների դիրքորոշումներից պարզ դարձավ, որ պայթեց հակակրիմինալ շարժման «փուչիկը», եւ որ այն իրականում իր մեջ լուրջ բան չէր պարունակում: «Տնտեսական ոլորտը սպասարկողները պարոն Քոչարյանին դրել են փուչիկի տեղ եւ այդ դատարկ տարածությունը լցնում են անհեթեթ տեղեկատվությամբ»,- թեմային անդրադարձավ Ա. Գեղամյանը, ում խոսքերով, վերոնշյալ դեպքի հետ կապված իր ելույթը հեռուստատեսությամբ ներկայացվել է կոնտեքստից կտրված մի քանի նախադասություններով, ինչի արդյունքում էլ մարդկանց մոտ թյուր տպավորություն է ստեղծվել: «Մենք ասացինք, որ չենք ուզում մասնակցել այդ ֆարսին, քանի որ դուք ոչ թե ուզում եք իրականում պայքարել կրիմինալի դեմ, այլ պարզապես պատրանք եք ուզում ստեղծել, թե պայքարում եք: Իսկ իրականում թոզ եք փչում ժողովրդի աչքերին»,- թեման փակեց Ա. Գեղամյանը: Իսկ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանն էլ այն կարծիքին է, որ «պարոն Քոչարյանը երեւի փոքր ժամանակ փուչիկի կոմպլեքս է ունեցել: Ամեն անգամ ինչ-որ բան պայթում է»: «Ես կարող եմ հստակ ասել, որ հակակրիմինալ շարժման բոլոր գործողությունները պայմանավորվում են հակակրիմինալ շարժման մեջ մտնող կուսակցությունների համատեղ հայտարարություններով»,- ասաց Ա. Կարապետյանը՝ հավելելով, թե իր կարծիքով, ոչ միայն Հակոբ Հակոբյանին, այլեւ ԱԺ դահլիճում նստածների կեսից ավելիին կարելի է հավաքել եւ ձերբակալել: «Եվ եթե դա ողջունելի է, ես` որպես ՆԺ նախագահ, ապագայում կասեմ էլի մարդկանց: Տեսնենք, այդպիսի փութաջանությամբ էլի կսկսե՞ն գործողություններ կատարել այդ մարդկանց նկատմամբ»,- նշեց Ա. Կարապետյանը: Վերջինս նշեց նաեւ, թե իրենք դատախազի գործողությունները «քաջարի ողջունում են» եւ ինչով կարող են պատրաստ են սատարել, որ շարունակի այդ գործընթացը: «Հ. Հակոբյանն ասեց, բա 1991-ից այդքանը տեսել եք, 15 տարվա մեջ ինչո՞ւ մի անգամ ձայն չեք հանել: Միգուցե (իր խոսքերն եմ ասում), ամեն մարդ եկել իրենը վերցրել գնացե՞լ է: Այսինքն՝ պարոն Հակոբյանը փաստացի ասաց, որ կոռուպցիայի դեպքեր են եղել: Ես դա համարում եմ պաշտոնական հայտարարություն, եւ պետք է կոռուպցիայի այդ դեպքերը նույնպես քննարկվեն»,- գտնում է ՆԺԿ ղեկավարը: Ինչո՞ւ հենց Հակոբ Հակոբյանը: Ըստ Ա. Կարապետյանի, երկու հանգամանք կա. կամ դա ներիշխանական պայքարի արդյունք է, այդ դեպքում «շատ ուրախ ենք, թող ներիշխանական պայքարի մեջ իրար այնքան կարողանան նստացնել, որ հասարակությունը մաքրվի»: Եվ երկրորդ. «Գիտե՞ք միշտ այդպես է լինում, ամեն ինչ հավաքված էր, մեկին պետք է պատժեին, պարոն Հակոբյանը գործողություն կատարեց: Դա առիթ էր եւ ոչ թե պատճառ»: ՆԺԿ ղեկավարի խոսքերով՝ նախագահը սխալվում է, եւ իրենք ողջունում են կրիմինալի դեմ յուրաքանչյուր պայքար, «լինի դա իշխանական դաշտում, թե ընդդիմադիր»: «Նույնիսկ եթե դա իմիտացիա է, մենք ողջունում ենք, որովհետեւ ավելի լավ է իմիտացիայից սկսեն, մի տեղ հասնեն, քան թե ոչինչ չանեն: Այդ պատճառով էլ ես համարում եմ, որ դա շատ ողջունելի փաստ է»,- ասում է

Ա. Կարապետյանը: Վերջինս կոչ է անում երկրի նախագահին, ԱԺ-ի այն «լավ հատվածին» եւ գլխավոր դատախազին՝ Հ. Հակոբյանի վրա կանգ չառնել, «որովհետեւ առաջ շարժվելու այնքան տեղ ունեն…»: «Եվ նախագահը թող կրիմինալի փուչիկներից չվախենա: Ոչինչ չի պայթել»,- ասում է նա: Ա. Կարապետյանի համար կարեւոր չէ Հ. Հակոբյանի «հետապնդման նպատակը», որովհետեւ Հ. Հակոբյանն իրենց չի դիմել եւ ասել՝ գիտե՞ք, ինձ սխալ են հետապնդում: «Հ. Հակոբյանը հանդիսացել է այս իշխանության հենասյունը, նա, ինչպես մյուսները, կեղծել է ընտրությունները, մասնակից է եղել այդ ամբողջ գործողություններին, եւ «Արդշինինվեստբանկը» Հ. Հակոբյանին բաժին չի ընկել որպես գրագետ ինվեստորի: Այն ժամանակ, երբ որ կեղծում էին, թող մտածեին, թե ինչ է գալու իրենց դուռը չոքելու»,- նշեց ՆԺԿ ղեկավարը: Վերջինիս խոսքերով՝ Հանրապետական կուսակցությունից եւս մեկ օլիգարխ կարժանանա Հ. Հակոբյանի ճակատագրին: Իսկ նա այստեղ միտում չի՞ տեսնում: Մի՞թե ՀՀԿ-ից դուրս կրիմինալ չկա: «Կամ ՀՀԿ-ից դուրս չեն փնտրում, որը սխալ են անում, կամ երեւի ՀՀԿ-ում այնքան մեծ քանակ է կուտակված, որ որոշել են այդտեղից սկսել»,- մեր վերոնշյալ հարցին այսպես պատասխանեց Ա. Կարապետյանը: Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը սիամական երկվորյակների նման կապված են, եւ նրանց միջեւ հակասություններ չկան, սակայն Ս. Սարգսյանը, ըստ Ա. Կարապետյանի` ցանկանում է դառնալ նախագահ, իսկ Ռ. Քոչարյանը չի ուզում Ս. Սարգսյան նախագահի պարագայում լինել վարչապետ, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ եթե Ս. Սարգսյանը դառնա նախագահ, ապա, ըստ ՆԺԿ առաջնորդի, «շատ արագ փոխելու է Սահմանադրությունը, վարչապետական բոլոր լիազորությունները կրճատվելու են»: Միաժամանակ ՆԺԿ ղեկավարը տեսնում է, որ նախագահի թեկնածու կարող է առաջադրվել նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ես այն կարծիքին եմ, որ պրոամերիկյան անցյալ ունեցող մարդ ՀՀ նախագահ չի կարող դառնալ: Բայց լավ կլինի, որ Օսկանյանը թեկնածու լինի, որովհետեւ հեշտ է նրան հաղթել»,- թեման եզրափակեց Ա. Կարապետյանը: