Արտառոց բան չկա՞

18/10/2006

Անդրադառնալով իր ղեկավարած կուսակցության կողմից կասկածելի ճանապարհներով Երեւանի կենտրոնում ձեռք բերած շենքի մասին մամուլի հրապարակումներին՝ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը երեկ հայտարարել է, թե ՕԵԿ-ն արտոնյալ պայմաններով շենքեր ու տարածքներ չի սեփականաշնորհել: Ըստ նրա, արդեն վեց ամիս է, կազմակերպված է «բավականին սեւ քարոզարշավ»՝ ՕԵԿ-ի զբաղեցրած տարածքի հետ կապված, եւ զանազան «կեղտոտ, ստահոդ» լուրեր են տարածում: «ՕԵԿ-ը 10-ամյա քաղաքական կենսագրություն ունեցող քաղաքական ուժ է, ի՞նչ է, մի քանի հարյուր քառակուսի մետր տարածք ունենալու իրավունք չունի՞: Էդ որ Հանրապետական կուսակցությունը կառավարության կողքին հսկայական շենք է սարքել, էդ ինչո՞ւ որեւէ մեկը չհետաքրքրվեց, կամ ՀՅԴ-ն, կամ նույն ՀԺԿ-ն: Ուզում եմ ասել, որ ոչ մի արտառոց բան չկա, որ կուսակցություններն ունեն շենքեր: Շատ լավ է, որ ունեն, ի՞նչ է պատահել, ինչի՞ չպետք է ունենան»,- ասել է Ա. Բաղդասարյանը: Վերջինիս պնդմամբ՝ իրենց կուսակցությանը, օրենքով սահմանված կարգով, հատկացվել է համապատասխան հողատարածք, իրենք էլ կնքել են պայմանագիր համապատասխան կազմակերպության հետ, որն այդ շենքը կառուցել է եւ մի մասն էլ փոխանցել է ՕԵԿ-ին:

Ճի՛շտ է ասում Արթուր Բաղդասարյանը՝ 100քմ-ն ի՞նչ է, որ իրենք չունենան, բայց այս «ճշտի» հետ Ա. Բաղդասարյանը «մոռացել» է ասել նաեւ այն, թե ինչպե՞ս է այն ձեռք բերել, եւ թե հետագայում ի՞նչ անօրինական ճանապարհներով է փորձել խուսափել հարկային պարտավորություններից: Հիշեցնենք, որ «168 Ժամը» վերջերս մանրամասն փաստերով անդրադարձել է ՕԵԿ ղեկավարի «100քմ տարածքի» անօրինականություններին: Այնպես որ՝ Ա. Բաղդասարյանն իզուր է փորձում այն որակել որպես «կեղծ ու ստահոդ» կամ «պատվիրված»: Դրա փոխարեն նա լավ կաներ խոսեր այդ «կեղծ» բաների մասին, ցանկալի է՝ հակափաստարկներով, ինչից երեկ նա, ըստ էության, դարձյալ խուսափել է: