Ասել-խոսելու, մեկ-մեկ էլ լսելու մասին

18/10/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մի այսպիսի անեկդոտ կա։ Մի քանի հոգով վիճում են, թե ում հոր թաղումն է ավելի ճոխ կազմակերպված եղել։ Վիճաբանողներից մեկն ավելի պատկերավոր ներկայացնելու համար ասում է, որ իր հոր թաղմանն այնքան շատ մարդ կար, որ դիակը երկու տեղով էին դրել։

Միգուցե համեմատությունը մի քիչ տեղին չէր, բայց առաջինը հենց այս անեկդոտը հիշեցի, երբ տեսա, որ դոլար-դրամ փոխարժեքի թեմայով նույն օրը կազմակերպվել է երկու լսում՝ մեկը` Ազգային ժողովում, մյուսը՝ «Մարիոթ» հյուրանոցում՝ Հակակրիմինալ շարժման մասնակիցների կողմից։

Նշեմ, որ թեեւ թեման նույնն էր, սակայն անվանումն արդեն որոշակի տարբերություններ էր պարունակում։ Մասնավորապես, ԱԺ-ում քննարկվում էր «դրամի արժեքավորումը», իսկ «Մարիոթում»՝ դոլարի արժեզրկումը։ Թեեւ ժողովուրդը լավ խոսք ունի տարբեր տեղեր գտնվող, բայց միեւնույն քիմիական բաղադրությունն ու բովանդակությունն ունեցող նյութերի մասին։ Իսկ այդ բովանդակությունը դժվար է դրական անվանել, եւ այդ մասին արդեն խոստովանում են անգամ մեր պաշտոնատար անձինք։

Սկսենք ԱԺ-ից։ Գլխավոր զեկուցողը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն էր։ Նրա կարծիքով, ազգային արժույթի (դրամի) արժեքավորումը ստեղծում է մի շարք հիմնախնդիրներ եւ շատ ցավոտ է անդրադառնում բնակչության որոշակի շերտերի վրա։ Իսկ այդ շերտերի մեջ մտնում են արտահանող տնտեսվարող սուբյեկտները, դրսից ստացվող մասնավոր տրանսֆերտներով գոյատեւող մարդիկ, դոլարով աշխատավարձ ստացող եւ դոլարային խնայողություններ ունեցող հարուստ խավը։ Ի դեպ,

Տ. Սարգսյանի խոսքում հերթականությունն այլ կերպ էր. սկզբից` հարուստները, հետո՝ դոլարով աշխատողները եւ այսպես շարունակ։ ԿԲ նախագահն անդրադարձավ նաեւ արժեւորման պատճառներին։ Իսկ պատճառների ցուցակն, իհարկե, գլխավորում էր «բարձր տնտեսական աճը՝ երկնիշ թվով» (մասնավորապես, շինարարության եւ ծառայությունների ոլորտում) եւ դոլարային մեծածավալ ներդրումները։

Չենք ուզում ընթերցողին ծանրաբեռնել մասնագիտական բացատրություններով։ Պարզապես նշենք, որ, ըստ Տ. Սարգսյանի, ԿԲ-ն անում է իր գործը, վերահսկում է գնաճը, իսկ փոխարժեքը ձեւավորվում է շուկայական գործոնների ազդեցությամբ։ Իսկ այն, որ մեր տնտեսական քաղաքականության մեջ նախապատվությունը տրվել է ոչ թե փոխարժեքին, այլ գնաճին, արդեն ոչ թե ԿԲ-ի «մեղքն» է, այլ՝ ԱԺ-ի, որն օրենքն այդպես է ընդունել։ ԿԲ նախագահն անդրադարձավ նաեւ ֆիքսված փոխարժեք սահմանելու առաջարկներին՝ եւ Արգենտինայի օրինակով ապացուցեց, որ դա կարող է բերել տնտեսության «կոլապսի»։ Ամփոփելով՝ Տ. Սարգսյանը եզրակացրեց. «Գնաճի նպատակադրման քաղաքականությանն այլընտրանք չկա»։ Լուծման մյուս եղանակների մասին Տ. Սարգսյանը, ցավոք, չկարողացավ խոսել՝ ժամանակի սղության պատճառով։

Իսկ ժամանակի սղությունն առավել խորն իր վրա զգացել էր պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը։ Վերջինս նախ հիշեցրեց «ԿԲ-ի շուլերության» մասին, հետո լսումները վարող Գագիկ Մինասյանի հետ սկսեց բանավիճել «շուլերություն» բառն օգտագործելու նպատակահարմարության հարցում, իսկ հետո՝ հակասություն գտավ ԿԲ նախագահի ասածների մեջ։ Տ. Սարգսյանը նախ նշել էր, որ հարուստները արժեքավորումից օգտվում են, քանի որ խնայողությունները պահում են դոլարով, իսկ հետո՝ որպես ներդրումների օրինակ, հիշատակել էր Կենտրոնում կառուցվող մոտ 45 շենքերը։ Հ. Հովհաննիսյանը գտնում է, որ օլիգարխներն իրենց փողերը «բարձի տակ չեն պահում» եւ շենքերի մեջ ներդրումներ անելով՝ «փրկում են իրենց դոլարները»։ Իսկ 150-200 դոլար ստացող թոշակառուն այդպիսի հնարավորություն չունի։ Հ. Հովհաննիսյանը դեռ ասելիք ուներ, սակայն նրա ժամանակն էլ սպառվեց՝ ինչի պատճառով պատգամավորը լսումների վարման կարգը համեմատեց բռնապետության հետ։ Սակայն Հ. Հովհաննիսյանը դեռ առիթ ունենալու էր իր սրտում կուտակվածը արտահայտելու. նա եւ պատգամավորներից մի քանիսը ժամը 13։30-ի սահմաններում գնացին նույն թեմայով խոսելու «Մարիոթ» հյուրանոցում։

Մթնոլորտն այստեղ մի փոքր տարբերվում էր ԱԺ-ից, իսկ հիշատակման ամենից արժանի պահն այն էր, որ լսումները վարում էին Արտաշես Գեղամյանն ու Արամ Կարապետյանը՝ կողք կողքի նստած։

Ա. Գեղամյանի խոսքը համեմված էր վիճակագրական տվյալներով, որոնց օգնությամբ նա հիմնավորում էր պետությանը հասցված տասնյակ միլիարդների (դրամով իհարկե) վնասը։ Դրամի արժեքավորումը տնտեսական աճով բացատրելը Ա. Գեղամյանը համարեց բլեֆ, քանի որ 2002-2003թթ. տնտեսությունը երկնիշ աճ է ունեցել, բայց դրամը ոչ թե արժեւորվել է, այլ արժեզրկվել։ Իսկ իրական պատճառը «արտադրական ծախսերն են»։ «2003թ. ընտրությունների ժամանակ տղաները ահագին ծախս քաշեցին, իսկ այդ ծախսերը որոշեցին փակել ժողովրդի հաշվին։ Եվ դա արեցին շատ հնարամտորեն»,- ասաց պրն Գեղամյանը։

Իսկ հայաստանյան իրավիճակը «հոլանդական հիվանդությամբ» ախտորոշելն Ա. Գեղամյանն անընդունելի է համարում, քանի որ, ի տարբերություն Հոլանդիայի, մենք ոչ մի պաշար չենք հայտնաբերել եւ մեր արտահանումը գնալով նվազում է։ Իսկ նման վիճակը, ըստ Գեղամյանի, ձեռնտու է միայն ներմուծողներին, որոնք իշխանությանը մոտ են կանգնած եւ շուկայում մոնոպոլ դիրքեր ունեն։

Հ. Հովհաննիսյանը խոսեց այն մասին, թե ինքը ինչ էր ասել (կամ ցանկացել ասել) ԱԺ-ում։ Պարույր Հայրիկյանն այս անգամ ուղղագրությունից չխոսեց։ Եվ ընդհանրապես, Պ. Հայրիկյանն ավելորդ համարեց «խամաճիկ» իշխանությունների հետ որեւէ հարց քննարկել։

Խոսելու հնարավորություն տրվեց նաեւ ԿԲ ներկայացուցչին՝ Վարդան Արամյանին։ Վերջինիս վիճակը, ճիշտն ասած, նախանձելի չէր։ Ինչպես ասում են՝ “ճցՋՏռ րՐպՊՌ րՉՏՌւ”։ Պարզ ասած, ԿԲ-ի ղեկավարությունը վերջինիս «պաստավկա» էր արել։ Վ. Արամյանը գրեթե բառ առ բառ կրկնում էր այն ամենն, ինչ ասում էր իր ղեկավարը ԱԺ-ում 2 ժամ առաջ։ Սակայն լսարանն այստեղ շատ ավելի անհանդուրժողական էր (մանավանդ Ա. Գեղամյանի ելույթից հետո)։ Պետք է նաեւ նշել, որ Վ. Արամյանը խոսում էր մասնագիտական լեզվով, ինչը շատերի համար անհասկանալի էր եւ ձանձրալի, ուստի դժգոհություն առաջացրեց ներկաների մեջ։ Այդ դժգոհությունը կարող էր շատ բուռն արտահայտվել, եթե Արամ Կարապետյանը չհուշեր, որ «երիտասարդին» պետք է արժանին մատուցել գոնե նրա համար, որ համարձակվել է գալ եւ ուրիշների արածների համար պատասխան տալ։

Իսկ Հակակրիմինալ շարժման կազմակերպած լսումները եզրափակեց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։ Վերջինիս կարծիքով, միակ լուծումն այն է, որ այս կրիմինալ իշխանություններն օր առաջ հեռանան։ Իսկ տնտեսական հիմնախնդիրներն այդ ժամանակ կլուծվեն, քանի որ, ըստ պրն Մարգարյանի, խելացի մարդիկ կան։

Հիմա փորձենք ի մի բերել այս ամենը։ Չգիտեմ՝ ով է որոշել այսպիսի քննարկումների համար օգտագործել «լսումներ» բառը, բայց ով էլ լինի՝ այնքան էլ ճիշտ չի վարվել։ Որովհետեւ գրեթե բոլորը շատ ավելի հակված էին ասելու, քան լսելու։ Միգուցե ավելի ճիշտ կլիներ օգտագործել «ասումներ» բառը, եթե մի քիչ տգեղ չհնչեր։

Ու որքան էլ ԱԺ լսումները վարող, ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գ. Մինասյանը հորդորում էր լսել մյուսների կարծիքը եւ թաքուն հույս էր փայփայում «վերջում մի լավ բանի հասնել», դժվար թե գտնվեր մեկը, որն այդպիսի լավատեսական տրամադրություններով եկած լիներ ԱԺ։ Բոլորն էլ ի սկզբանե եկել էին՝ զինված ամենաճիշտը լինելու եւ իրենցն «առաջ բրթելու» հստակ մտադրությամբ։

Կենտրոնական բանկը, ինչպես միշտ, ասում էր, որ իրենք անում են այն, ինչ ճիշտ է։ Իսկ թե ով է որոշել այդ «ճիշտը»՝ գնաճը սրբացնելը, սահուն կերպով մեղքը գցվում էր խորհրդարանի վրա։ Էդուարդ Աղաջանովը նորից խոսում էր «Ջուլանո Բերենգոյի» մասին, որն ասել է, թե մեր փոխարժեքը կառավարվող է։ Իսկ ընդդիմությունն ամեն ինչ կապում էր իշխանության կրիմինալացվածության հետ եւ հարցի լուծումը տեսնում միայն իշխանափոխության մեջ։ Եվ այս դեպքում հույս ունենալ, թե մարդիկ կարող են համախմբվել ու գոնե տնտեսական այս հարցում միասնական լուծում առաջարկել, ֆանտաստիկայի ոլորտից է։

Առիթից օգտելով հիշեցնեմ, որ մեր թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբում քննարկում էինք կազմակերպել՝ նվիրված դրամի արժեւորման հետեւանքներին։ Վերջում, հենց մասնակիցների խորհրդով, բոլոր տնտեսագետներին առաջարկել էինք ուղարկել իրենց դիտարկումները եւ առաջարկները։ Պատրաստակամություն էինք հայտնել այդ ամբողջ ինֆորմացիան համակարգել, առանձնացնել բոլոր դիտողություններն ու առաջարկությունները, ուղարկել բոլոր շահագրգիռ կողմերին, եւ առարկայական քննարկում անցկացնել՝ կոնկրետ, արդյունավետ առաջարկներով։ Սակայն այդպես էլ որեւէ մեկը չարձագանքեց։ Եթե իշխանությունների անտարբերությունը հասկանալի է, ինչպես ասում են՝ «մենք այստեղ էլ վատ չենք ապրում», բա մյուսնե՞րը։ Շահագրգռվա՞ծ չեն դրամի արժեքավորման հետեւանքների դեմ քայլեր ձեռնարկել, մասնագետներ չկա՞ն, թե՞ վախենում են խոսել, թե՞ մտածում են՝ միեւնույն է, այս իշխանությունների վրա ոչինչ չի ազդելու, եւ սպասում են պայծառ ժամանակներին։

Վերը թվարկվածներից ոչ մեկն էլ չի կարող արդարացում լինել։ Իսկ երեկ կազմակերպված լսումների նման լսումներ միշտ էլ կազմակերպվել են, եւ միշտ էլ տեսել ենք՝ թե նրանք ժամանակի ինչպիսի անիմաստ վատնում են։ Չենք կասկածում, որ այս լսումներից հետո էլ ամեն ինչ շարունակվելու է այնպես, ինչպես հիմա. դոլարն էլի իր համար իջնելու է, մարդիկ դժգոհելու են, թերթերը գրելու են, ընդդիմությունը քննադատելու է, իշխանություններն էլ անելու են այն, ինչ անում են։ Չէ, վատ բան մի մտածեք՝ շարունակելու են «երկնիշ աճ» ապահովել։

Հ.Գ. Այս ամբողջ գործընթացը հիշեցնում է հայտնի առածը՝ խեցգետնի, կարապի եւ գայլաձկան մասին, որոնք չեն կարողանում սայլը մի ուղղությամբ քաշել։ Ի դեպ, վերջերս ինտերնետում հայտնվել էր այդ առածի նոր վերջաբանը՝ կարապն ու գայլաձուկը որոշում են ոչ մի տեղ էլ չգնալ, գարեջուր են գնում եւ մեծ հաճույքով այն վայելում սայլի մոտ՝ «զակուսկա» անելով կարմրացրած խեցգետինը։