«Ես սովորական ծաղրածու եմ, ոչ ավելին»

18/10/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Արմեն Ջիգարխանյանը Երեւան է այցելել Ռոբերտ Քոչարյանի հրավերով: «Որպեսզի չմոռանամ, որ հայ եմ»,- կատակում է Ա. Ջիգարխանյանը: Այսօր տեղի կունենա բոլոր հայերի սիրելի դերասանի 70-ամյակին նվիրված հանդիավոր երեկոն, իսկ Ա.Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը կցուցադրի Դիմիտրոս Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» ներկայացումը: 45 տարի առաջ Երեւանում հենց այդ նույն ներկայացման մեջ խաղում էր նաեւ Ջիգարխանյանը: «Թատրոնն ուզեց ինձ համար հաճելի բան անել ու ժամանակի յուրահատուկ կապը ստեղծել»,- ասաց նա ու ավելացրեց, որ ներկայացման նոր երանգներին դեռ ծանոթ չէ:

Արմեն Ջիգարխանյանը հրապարակային տոնական միջոցառումներ չի սիրում, երկար ժամանակ խուսափել է իր հոբելյանների անցկացումից, քանի որ չի ընդունում ձեւական, պաթոսային նախաձեռնությունները: Բայց հիմա, երբ նա ըստ Դանթե Ալիգիերիի` «բարեպաշտ մարդու» տարիքի է հասել ու նշում է իր 70-ամյակը, կարող է իրեն թույլ տալ մի քիչ առաջ նայել եւ սթափ տեսնել, որ ըստ Դանթեի` առջեւում «միայն անապատ է»: Ա. Ջիգարխանյանն, արդեն մի քանի տարի է, բեմ դուրս չի գալիս՝ ասելով. «Ավելի լավ է` մի քանի տարի շուտ հեռանալ բեմից, քանի մի օր ուշ»: Խոստովանում է, որ մեկ-մեկ կարոտում է բեմը, բայց խաղալ շարունակելը սխալ է համարում. «Չեմ ուզում, որ ինձ վրա ներողամտությամբ նայեն: Մեր բոլոր սխալները ծնվում են այն ժամանակ, երբ մենք կորցնում ենք ժամանակի ու տարածության տիրապետումը: Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք դեֆորմացիայի ենք ենթարկվում, կարեւոր է հիշել, որ դա բնական երեւույթ է: Ես հիմա տոնում եմ իմ հոբելյանը, բարեպաշտի տարիքից դուրս եմ գալիս ու անապատ եմ մտնում»: Իր տարիքին նա փորձում է հանգիստ նայել. «Մեզ մեր ցանկություններն են հարստացնում, այլ ոչ թե այն, ինչին տիրում ենք»: Այսօր Ա. Ջիգարխանյանի ցանկությունների մեծ մասը կապված են իր թատրոնի հետ, որն այս տարի իր 10-ամյա հոբելյանն է տոնում: Իմաստուն, տաղանդավոր ու համակրելի Ջիգարխանյանն ասում է. «Ապրում եմ, շնչում են, շարժվում եմ, ուրեմն՝ երջանիկ պիտի լինեմ: Հիմա ինձ այլեւս ոչնչով չես գայթակղի»:

Թատրոնի մասին

«Թատրոնը դաժան հիմնարկություն է: Թատրոնը ոչ սրբավայր է, ոչ էլ հարազատ տուն կամ ընտանիք: Թատրոնը բնության մոդել է, որտեղ փոխհարաբերությունները կառուցվում են մարդկանց արժանիքների ու արատների հիման վրա: Թատրոնում, ինչպես եւ բնության մեջ, միշտ հաղթում է ուժեղագույնը, այստեղ էլ «բնական ընտրություն» գոյություն ունի: Ո՞վ ում է ուտելու, ո՞վ է ավելի ուժեղ. այդ բոլորը կա թատրոնում: Եվ դրանում է թատրոնի արժանիքը: Իսկական թատրոնը մի քիչ տարբերվում է ՈՒՀԱ-ից, թեեւ ասում են, որ այնտեղ էլ են նման օրենքներ գործում: Թատրոնը մի տեղ է, որտեղ քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում: Մարդը` թատրոն գալով, ներքուստ փոփոխությունների է ենթարկվում: Եվ նա գալիս է թատրոն այն ժամանակ, երբ պրոբլեմներ է ունենում: Նա գալիս է «Օթելլո» նայելու, որպեսզի հասկանա` այսօր նա Օթելլո՞ է, թե՞ ոչ, կարո՞ղ է արդյոք մարդ խեղդել,- ասում է Արմեն Ջիգարխանյանը:- Թատրոնում բոլորս իրար սիրում ենք, «ուզում» ենք կամ նախանձում ենք իրար: Այնտեղ «սան» հասկացողություն գոյություն չունի: Ընդհանրապես, դերասաններին շատ են խանգարում ուսումնական հաստատությունները: Այնտեղ երիտասարդները թորած մթնոլորտում են աճում, հետո գալիս են թատրոն ու… կոտրվում:

Թատրոնին ամենամեծ վնասը հասցնում է նախանձը: Նախանձը կարող է եւ առաջ տանել, եւ ետ մղել: Իմ ղեկավարած թատրոնում 52 մարդ է աշխատում, եւ շատ հետաքրքիր է հետեւել դերասանների շփմանը: Նայում ես, թե ինչպես են իրար հետեւում ու փորձում հաշվել` ո՞ւմ ինչքան ծաղկեփունջ տվեցին ներկայացումից հետո, ո՞ւմ ավելի շատ ծափահարեցին: Շատ հետաքրքիր է, քանի որ սկսում ես հասկանալ նրանց: Ամենաշատը վախենում են, որ իմ թատրոնի դերասանները կվերածվեն թշնամիների: Վերջերս մի քանի դերասանի «վաստակավոր արտիստի» կոչում շնորհեցին ու դա նախանձ առաջացրեց մյուսների սրտերում: Իմ թատրոնում ոչ մի չափանիշ չկա, միակ չափանիշը տաղանդն է: Ինչպես ասում էր իմ ուսուցիչ Արմեն Գուլակյանը` «թատրոնում ամեն ինչ ընդունելի է»: Բացի, թերեւս, հարբեցողությունից:

Ասում եք՝ թատրոնը մեռնո՞ւմ է: Կպատասխանեմ` փառք Աստծո, որ վատ թատրոնը մեռնում է: Թատրոնն ինքը պետք է փոփոխվելու պատրաստ լինի: Պատրաստ լինելը խորհուրդներով ու հրահանգներով չես ստեղծի: Օրինակ, ես տեսականորեն գիտեմ` ինչ է դեմոկրատիան, բայց գործնականորեն դեմոկրատիային պատրաստ չեմ»:

Կոչումների ու երազանքների մասին

«Ես կոչումները ընդհանրապես կվերացնեի: Եթե ես հանկարծ բեմ դուրս գամ ու չկարողանամ Համլետ կամ Օթելլո լինել, այլ միայն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ լինեմ, սարսափելի կլինի: Մեր մասնագիտության մեջ ամեն ինչ շատ պարզ երեւում է: Կոչումներ պետք չեն: Ես շատ լավ ընկեր ունեի, որին կորցրեցի այն պահին, երբ «ժողովրդական արտիստ» դարձա: Նա չներեց ինձ, որ ես «ժողովրդական» եմ, իսկ ինքը` ոչ: Ուզում էի նույնիսկ ասել. «Վերցրու իմ կոչումը», եւ Դանկոյի նման սիրտս հանեի կրծքիցս: Համոզված եմ, որ յուրաքանչյուր դերասան բեմում իր երազանքներն է խաղում: 50 տարվա ընթացքում բեմում ես հազարավոր կին, քույր ու ծառա եմ ունեցել: Ինքս ինձ բեմում շատ եմ հավանել: Երբ Ներոն եմ խաղացել, համոզված եմ եղել, որ աշխարհի ամենասեքսապիլ տղամարդն եմ: Նույնիսկ կարմիր վարտիքով էի բեմ դուրս գալիս, քանի որ այդ դերում ինձ շատ էի դուր գալիս»,- պատմում է Արմեն Ջիգարխանյանը:

Սիրո մասին

«Երբ հարցնում են` ո՞ւմ եք ավելի շատ սիրում` շիկահերների՞ն, թե՞ սեւահերներին, ասում եմ` ցույց տվեք այդ կնոջն` ու ես կպատասխանեմ: Սերը կարող եմ մի բառով բնորոշել, դա պատասխանատվություն է»,- վստահեցնում է դերասանը:

Փիլիսոփայության մասին

«Մեկ-մեկ խելոք մտքեր ասում եմ, բայց ես փիլիսոփա չեմ: Ես սովորական ծաղրածու եմ: Մարդը երբեք չպիտի կորցնի զարմանալու ունակությունը: Երեխաներն ու կենդանիներն ինձ ավելի շատ են ուրախացնում ու զարմացնում, քան յուրաքանչյուր փիլիսոփայի ամենափայլուն միտքը: Ամենից շատ վախենում եմ կորցնել զարմանալու կարողությունը»,- ասում է Արմեն Ջիգարխանյանը: