Նախօրեին հայ ժողովուրդն ու Հայաստանի դիվանագիտությունը բարոյական հերթական հաղթանակը տարան. Ֆրանսիայի խորհրդարանը 106 կողմ եւ 19 դեմ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանող օրինագիծը, ընդ որում, չի ընդունվել այն առաջարկը, որով առաջարկվում էր օրինագծում բացառություն սահմանել եւ այն չտարածել պատմաբանների եւ հետազոտողների վրա, որպեսզի նրանք կարողանան շարունակել ուսումնասիրությունները:
Օրենքի համաձայն՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար նախատեսվում է 1 տարվա ազատազրկում եւ 45.000 եվրո տուգանք: Ուժի մեջ մտնելու համար այս օրենքը պետք է վավերացվի նաեւ խորհրդարանի Վերին պալատում՝ Սենատում, եւ ստորագրվի նախագահ Ժակ Շիրակի կողմից: Թուրքիան նախօրոք զգուշացրել էր, որ օրենքի ընդունումը խիստ կվնասի Ֆրանսիայի հետ հարաբերություններին: Ֆրանսիայի խորհրդարանի այս որոշումը նախօրեին Թուրքիայի վարչապետը որակել է «մեծ ամոթ» եւ «մեծ բիծ խոսքի ազատության համար»: Թուրքիայի արտգործնախարարն էլ հայտարարել է, թե «թող ոչ ոք համոզված չլինի, թե Թուրքիան սա թեթեւ կընդունի»: Թուրքիայի Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ էլ նշվում է, թե Ֆրանսիան՝ «որոշ կարճատես քաղաքական գործիչների՝ անհիմն պնդումների վրա հիմնված անպատասխանատու նախաձեռնություններով ծանր հարված հասցրեց Թուրքիայի հետ իր կապերին»: Երեկ հայտարարություն է տարածել նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ն, ուր ասվում է, թե՝ «ցավոք, Հայաստանը եւ իր սփյուռքը, փոխանակ ներդրում ունենալու խաղաղության եւ կայունության գործում, շարունակում են ծայրաստիճան ապակառուցողական դեր խաղալ տարածաշրջանում առկա իրավիճակում»: Ալիեւի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն էլ այն կարծիքին է, թե Ֆրանսիայի խորհրդարանն «ընկել է հայկական շրջանակների ազդեցության տակ»: Ն. Մամեդովը գտնում է նաեւ, որ ընդունված օրինագիծն առաջին հերթին վնաս է հասցնում հենց Ֆրանսիային: Իսկ Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Ժան Բատիստ Մասստեին հայտարարել է, թե Ֆրանսիան «շահագրգռված է» Թուրքիայի հետ երկխոսությամբ: Նա կրկին հայտնել է Ֆրանսիայի կառավարության տեսակետը, համաձայն որի՝ 1915-17թթ. Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանության հերքումը քրեական հանցանք համարող օրենքի նախագիծը «ժամանակավրեպ է եւ անհրաժեշտություն չէ»: Ֆրանսիայի խորհրդարանի կողմից վերոնշյալ օրինագծի ընդունումը քննադատել է նաեւ Եվրահանձնաժողովը: «Եթե այս օրենքն ուժի մեջ մտնի, այն կարգելի բանավեճը եւ երկխոսությունը, որոնք անհրաժեշտ են այս հարցի շուրջ համաձայնության հասնելու համար»,- հայտարարել է ընդլայնման հարցերով ԵՄ գործադիր մարմնի խոսնակ Քրիստինա Նեյգին: Նրա խոսքերով՝ անդամակցության չափանիշները նույնն են ԵՄ անդամության բոլոր թեկնածուների համար: «Թուրքիայի դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ»,- շեշտել է խոսնակը: Իսկ Թուրքիայում ԵԽ պատվիրակության փոխնախագահ Էնդրյու Դաֆն էլ կարծիք է հայտնել, թե նախօրեին Ֆրանսիայում ընդունված օրենքը հակասում է մարդու իրավունքներին վերաբերող եվրոպական օրենսդրությանը: Դաֆը ֆրանսիական Սենատին կոչ է արել մերժել օրենքը: «Խորհրդարանը ոտնահարել է խոսքի ազատության հիմնարար իրավունքը: Այն ուղղակիորեն հակադրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որի հիման վրա է կառուցվել ԵՄ-ն»,- ասել է Դաֆը: Վերջինիս կարծիքով՝ օրինագծի ընդունմամբ Ֆրանսիան մեծ վնաս է հասցրել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Իսկ ահա Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկի կարծիքով՝ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը «նպաստ չի բերի հայության ապագայի եւ աշխարհում ցեղասպանության ճանաչման գործընթացի տեսակետից»: «Թուրքերը զրկվում են խոսքի ազատությունից, եւ նրանք հենց այդպես էլ պնդում են: Կարծում եմ, սատարելով այս որոշմանը, մենք մեր ոտքին ենք զարկում»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է Հ. Դինկը: «Ես թուրքական դատարան եմ կանչվել, որովհետեւ ասել եմ, որ կատարվածը ցեղասպանություն է: 2007-ի մարտին կսկսվի իմ դատավարությունը, բայց եթե այս օրենքը հաստատվի Սենատի կողմից, ես կասեմ, որ կատարվածը ցեղասպանություն չէր: Սրտի ցավով, իմանալով ճշմարտությունը, դա կասեմ: Սա ոչ թե ուրանալ է, այլ խոսքի ազատության պաշտպանություն»,- եզրափակել է թուրքահայ լրագրողը: ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների համոզմամբ էլ` Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած վերոնշյալ օրինագիծը չի ազդի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա: Օրինագծի ընդունմանը լայնորեն անդրադարձել է համաշխարհային մամուլը: «The New York Times»-ը փաստում է, որ Ֆրանսիայի կառավարությունը դեմ է օրինագծին: «Washington Post»-ն էլ գրում է, թե «Թուրքիայի ու Եվրոպայի բարդ հարաբերությունները ներկայացան երկու մայրաքաղաքներում»: «Թուրքիայի լավագույն գրողը Ստոկհոլմում պարգեւատրվեց գրականության բնագավառում Նոբելյան մրցանակով, իսկ ֆրանսիացի պատգամավորներն օրինագիծ ընդունեցին, որով հանցագործություն է դառնում Օսմանյան Կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժխտումը»,- գրում է «Washington Post»-ը: Ըստ «Կոմերսանտի», «Ֆրանսիան հայերին հավասարեցրեց հրեաների հետ»: Թերթը նշել է նաեւ, որ եթե ցեղասպանությունը մերժելու համար պատիժ սահմանելու օրինագիծը վերջնականապես ընդունվի, Ֆրանսիայի դեմ կարող է դատական գործ հարուցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որն իրավասու է հարկադրել Փարիզին՝ չեղյալ հայտարարել հակասական օրենքը: «Բացի այդ, եթե ԵԽ Նախարարների հանձնաժողովը նույնպես Ֆրանսիայի գործողությունները որակի անօրինական, կարող է Ֆրանսիային սպառնալ ԵԽ-ից հեռացնելով»,- շարունակում է թերթը: «Gardian»-ն էլ նշել է, թե Աթաթուրքը, որի որդեգրյալ դուստրերից մեկը տարհանվածների փրկված աղջնակներից մեկն էր, հրապարակավ չընդունեց ճշմարտությունը՝ «թերեւս ամոթից, թե ինչ էին արել իր եղբայր զինակիցները, երբ ինքը բրիտանական ուժերի դեմ կռվում էր Գալիփոլիում»: «Գազետա» թերթն էլ «Ցեղասպանությունների փոխանակում» խորագրով նյութում գրում է, թե մի խումբ թուրք խորհրդարանականներ պատասխան օրինագիծ ընդունելու առաջարկ են արել՝ այսպես կոչված «ալժիրյան ցեղասպանության» մասին, ըստ որի, 1954-1962թթ. ֆրանսիական զորքերի կողմից Ալժիրի խաղաղ բնակչության ոչնչացումն իբրեւ ցեղասպանություն չորակելը պետք է պատժվի 50.000 եվրո տուգանքով ու 5 տարվա ազատազրկմամբ: «Նույնիսկ եթե ֆրանսիական օրինագիծը օրենք դառնա՝ ինչպե՞ս է այն կիրառվելու: Ինչպե՞ս կարող են դատարանները պայքարել հազարավոր թուրքերի դեմ, որոնք Ֆրանսիայի քաղաքացիություն ունեն եւ հերքում են Հայոց ցեղասպանությունը»,- հարցնում է Ստամբուլի «Սաբանջի» համալսարանի ներկայացուցիչ Գիզեմ Օզթոքը: Օրինագծի ընդունմանն անդրադարձել է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Նա Ֆրանսիայի խորհրդարանի կողմից վերոնշյալ օրինագծի ընդունումը համարում է «Ֆրանսիայի խորհրդարանի ինքնիշխան իրավունք»: Ըստ Օսկանյանի, անհասկանալի է Թուրքիայի կառավարության կողմից հասարակության ծայրահեղ հակազդեցության հրահրումը, հատկապես այն դեպքում, երբ Թուրքիան ինքն օրենք ունի, որով քրեական պատիժ է սահմանում նրանց նկատմամբ, ովքեր ընդամենն օգտագործում են ցեղասպանություն բառը կամ համարձակվում են քննարկել այդ իրադարձությունները: Օսկանյանը շեշտել է, որ Ֆրանսիայի Սենատի որոշումը «բնական շարունակությունն էր Ֆրանսիայի սկզբունքային եւ վճռական պաշտպանությանը մարդասիրական եւ պատմական իրավունքներին ու արժեքներին»: Ըստ նրա, այս որոշումը նաեւ բնական արձագանք էր հայերի ցեղասպանության հարցում «Թուրքիայի պետության կողմից ինտենսիվ, պաշտոնական, ագրեսիվ ժխտողականությանը»: Երեկ էլ Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ եւ Հնչակյան կուսակցության երիտթեւի ներկայացուցիչներ՝ թվով մոտ հարյուր երիտասարդներ «Ազատության» հրապարակից երթով շարժվել են դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ օրինագծի ընդունման կապակցությամբ երախտիքի խոսք են ուղղել Ֆրանսիայի խորհրդարանին: Երիտասարդների հետ անձամբ հանդիպելու համար դեսպանատան շենքից դուրս է եկել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին: Վերջինս իր խոսքում նշել է, թե այսօր արդեն ժամանակն է, որ «դուք մտածեք հարեւան Թուրքիայի հետ ձեր հարաբերությունների մասին»: «Լավ հարեւանի հետ լավ հարաբերությունները շատ կարեւոր են ցանկացած երկրի համար»,- երիտասարդներին ասել է դեսպանը: Ինչեւէ, շատերը համոզված են, որ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած օրինագիծը ոչ թե հայկական դիվանագիտության հաղթանակ է կամ հայերի հանդեպ Ֆրանսիայի մարդասիրական վերաբերմունքի արդյունք, այլ պարզապես այդկերպ փորձ է արվում լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացում: