Հանձնաժողովը «խաղեր» է տալիս

15/10/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկվա նիստում ուղղակի այդ նախագիծը դարձավ օրինական որոշում: Հանձնաժողովը գտել էր, որ սակագների բարձրացման տնտեսագիտական հիմնավորումը բավարար չէ: Իսկ հանձնաժողովի այս կարծիքի հետ համաձայն չէր «ԱրմենՏելի» ղեկավար Վասիլիս Ֆետսիսը: Նրա կարծիքով՝ «վերաբալանսավորման այս տարվա հայտը շատ ավելի ճշգրիտ է հաշվարկված, քան նախորդ տարվանը»: Նախորդ տարի ընկերության հայտը բավարարվեց:

Երբ հանձնաժողովն իր մերժողական որոշման նախագիծը հրապարակեց, տպավորություն ստեղծվեց, թե դա ավելի շուտ քաղաքական քայլ էր: 2006 թվականը նախընտրական տարի է, եւ մեր իշխանությունները չեն ուզենա, որ ժողովրդի մեջ դժգոհության ալիք բարձրանա: Դրա համար էլ «պատվիրել» են մերժել առաջարկը: Հիշեցնենք, որ «ԱրմենՏելն» առաջարկել էր ֆիքսված հեռախոսակապի համար սովորական բաժանորդների ամսական վարձը 1100 դրամից դարձնել 3000 դրամ, կրճատել անվճար եւ նվազագույն սակագնով տրամադրված րոպեների քանակը, ինտերնետի 1 րոպեի վարձը 1 դրամից՝ 2,4 դրամ դարձնել եւ այլն: Ընկերության ներկայացուցիչներն այս մերժողական որոշման հիմքում չցանկացան քաղաքական ենթատեքստ տեսնել: Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Արմեն Արշակյանն էլ վստահեցրեց, որ Սակագնային հանձնաժողովն անկախ մարմին է եւ չի ենթարկվում իշխանությունների ճնշումներին: Իբր թե հայտը գնահատել են միայն տնտեսագիտական հիմնավորումների մակարդակով: Իսկ Վ. Ֆետսիսի ելույթից հայտնի դարձավ, որ «ԱրմենՏելը» մտադիր է մինչեւ 2009թ. վերջը վերաբալանսավորել ծառայությունների սակագները, իսկ հետո՝ ազատականացնել ոլորտը: Ընկերության ներկայացուցիչների կարծիքով՝ որոշ ծառայություններ իրենք մատուցում են ինքնարժեքից ցածր գներով: Հիշեցնենք նաեւ, որ «ԱրմենՏելն» իր որոշ ծառայությունների սակագները վերջին անգամ բարձրացրել էր այս տարվա հունվարի 1-ից: Ընկերությունը սակագների փոփոխման հայտ ներկայացնելու իրավունք ունի տարին մեկ անգամ եւ չի ուզում կորցնել այս տարվա հնարավորությունը: Մանավանդ որ, մտադիր է մինչեւ իր մենաշնորհային ժամկետի ավարտը ներկայացնել եւս չորս հայտ եւ ձեւավորել ծառայությունների «իրական շուկայական սակագներ»: Իրական սակագներից մեկն էլ այն է, որ 2010թ. հետո ֆիքսված հեռախոսակապի ամսական վարձը 1100 դրամից աստիճանաբար դառնա 4000 դրամ: Եթե այս տարի հանձնաժողովն ընդհանրապես չբավարարի «ԱրմենՏելի»՝ ծառայությունների սակագների բարձրացման ցանկությունը, ապա ընկերությունն իր նպատակին հասնելու համար հաջորդ տարի ստիպված կլինի կտրուկ թանկացումներ նախաձեռնել: Իսկ եթե նկատի ունենանք, որ եկող տարին էլ է նախընտրական (2008թ. էլ տեղի է ունենալու նախագահական ընտրությունները), ապա չի բացառվում, որ հանձնաժողովն «ԱրմենՏելի» հետ որոշակի համաձայնության գա եւ մինչեւ տարեվերջ թանկացնի սակագները: Իհարկե, ոչ այն չափով, որքան ներկայացված էր: Բացի այդ, սակագներ հաստատելու այս մարտավարությունը հատուկ է Սակագնային հանձնաժողովին: Ընկերություններն իրենց հայտով միշտ առավելագույն չափն են ուզում, բայց հանձնաժողովը որոշակի նվազեցումներ է անում: Կարծես թե ուզում է ապացուցել, որ ինքն անկախ կառույց է: Այսինքն՝ չի բացառվում, որ «ԱրմենՏելի» հայտը որոշակի փոփոխություններով բավարարվի այս տարի, եւ մենք 2007թ. հունվարից ունենանք նոր սակագներ: