Երեկ հայտարարություն է տարածել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը, որով հայտնում է, որ դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանը, ով հոկտեմբերի 10-ին դարանակալ հարձակման էր ենթարկվել Երեւանի մատույցներում եւ ստացել ծանր մարմնական վնասվածքներ, հաջորդ օրը կալանվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Ներկայանալով որպես այսինչ բաժանմունքի ոստիկանության աշխատակիցներ, նրանք Չախալյանին, խաբեությամբ, որպես տուժող, հրավիրվել են ոստիկանության բաժանմունք, սակայն տարել են ԱԱԾ նախաքննական մեկուսարան եւ կալանավորել: Ըստ հայտարարության հեղինակների, նրան ներկայացվել է անհեթեթ մեղադրանք` ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու վերաբերյալ եւ երեկ էլ Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանն արտոնել է Վ. Չախալյանին ենթարկել երկամսյա նախնական կալանքի: «Վրդովմունք է հարուցում հատկապես այն հանգամանքը, որ ավազակային հարձակման ենթարկված եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացած Վահագն Չախալյանի, վերջինիս ընտանիքի անդամների, ինչպես նաեւ Դաշինքի անդամ Գուգեն Շիրինյանի դեմ կատարված բռնարարքը հետաքննելու եւ վտանգավոր հանցագործներին հայտնաբերելու փոխարեն, մտացածին մեղադրանքներով, հետապնդվում է տուժողը: Նշված հանգամանքն անթաքույց վկայում է Վ. Չախալյանի դեմ իրականացված բռնարարքի եւ դրան հաջորդած ձերբակալության միջեւ ուղիղ կապի եւ որոշ ուժերի պատվերի առկայության մասին»,- ասված է հայտարարության մեջ: «Միասնական Ջավախքը» մտահոգված է, որ հետագա իրադարձությունները կարող են հանգեցնել վտանգավոր եւ անկանխատեսելի զարգացումների: