Կովկասյան «տուզիկի» արկածները

15/10/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այս տուզիկը մի հետաքրքիր բնավորություն ուներ։ Երբ մենակ էր լինում, կուչ էր գալիս մի անկյունում ու վախից դողացնում, անգամ, երբ կողքով երեխա էր անցնում։ Սակայն բավական էր տեսներ տիրոջը՝ անմիջապես համարձակ էր դառնում, սկսում էր հաչել եւ անգամ հարձակվել մարդկանց վրա։ Հետո ինձ ասացին, որ գրեթե բոլոր տուզիկներն էլ նույն «խասյաթն» ունեն։ Ինչեւէ..

Հիմա եկեք առաջին հայացքից արտասովոր համեմատություն անցկացնենք՝ տուզիկի եւ… հայկական դրամի միջեւ։ Տեսեք, չնայած քննադատություններին եւ սպառնալիքներին՝ մեր ազգային դրամը տեւական ժամանակ խեղճացնում էր իրենից մեծ «գամփռներին»՝ դոլար, եվրո, ինչ ուզեք։ Ի՞նչ եղավ հետո։ Եղավ այն, որ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը մի քանի օրով մեկնեց Մեքսիկա՝ մասնակցելու Բանկային վերահսկողների 14-րդ միջազգային կոնֆերանսին։ Ու մինչ Տ. Սարգսյանը մեքսիկական Մերիդա քաղաքում իր պաշտոնակիցների հետ քննարկում էր գլոբալ ֆինանսական կայունությանը եւ այլ խնդիրներին վերաբերող հարցեր, նրա տու…, կներեք, ազգային արժույթը Հայաստանում կուչ էր եկել եւ սկսել էր ետ-ետ գնալ՝ 1 դոլարը 366 դրամից դարձավ 385 դրամ։

Սակայն տերը, բարեբախտաբար, երկար ժամանակով չէր գնացել։ Վերադառնալուն պես (անգամ նախօրեին), դրամը սկսեց համարձակության նշաններ ցույց տալ եւ «ատամ գցել»։ Իսկ երեկ փոխանակման կետերում դոլարն արդեն իջել էր մինչեւ 376 դրամի։

Մինչ «տուզիկի վերածնունդը» բնակչությունը մի որոշ ժամանակ թեթեւացած շունչ քաշեց՝ մտածելով, թե վերջապես որոշել են այս խայտառակության դեմ պայքարել։ Սակայն, ինչպես գիտեք, ամեն լավ բան ունի իր սկիզբը եւ վերջը։ Այնպես որ, ոգեւորության մի քանի օրը շատ արագ մոտեցավ ավարտին։

Իսկ դրամի կարճատեւ արժեզրկման պատճառը մեր դրամավարկային իշխանությունները բացատրեցին այն հանգամանքով, որ Կենտրոնական բանկը վերջին շաբաթվա ընթացքում մեծ ծավալների արտարժույթ է գնել։

Իսկ Տ. Սարգսյանը, Մեքսիկայից վերադառնալով, մասնակցեց «Դրամական փոխանցումներ։ Բանկային ծառայություններ» երրորդ միջազգային միջբանկային համաժողովին։

Նկատենք, որ կոնֆերանսի անունը՝ դրամական փոխանցումներ, արդեն սկսել է բացասաբար ընկալվել Հայաստանի ազգաբնակչության կողմից։ Սակայն դա բանկերի մեղքը չէ, պարզապես փոխարժեքի մասին խոսելիս մեր իշխանություններն իրավիճակը պատճառաբանում են հենց փոխանցումներով։ Ստացվում է այնպես, որ արդյունաբերության կործանման պատճառը դրսում ապրող մեր հայրենակիցների սրտացավությունն է իրենց բարեկամների նկատմամբ։ Եվ «դրամական փոխանցում» արտահայտությունից հայերին համակում են նույնպիսի զգացումներ, ինչպես ամերիկացիներին, երբ վերջիններս լսում են «տորնադո» բառը։

Եվ ահա, Մեքսիկայից վերադառնալով՝ Տ. Սարգսյանը մի շատ հետաքրքիր առաջարկ արեց դրամական փոխանցումներով զբաղվող ընկերություններին։ Վերջիններս պետք է հնարավորություն տան դրսում ապրող հայերին փոխանցումներ կատարել հայկական դրամով։ Այսինքն, եթե Մոսկվայում աշխատող եւ դոլարով վարձատրվող Պողոսը ցանկանում է գումար ուղարկել Հայաստան, նա կարող է այդ դոլարը դարձնել դրամ, նոր ուղարկել Հայաստան։ Առաջարկը հետաքրքիր է։ Սակայն հարց է՝ դրսում ապրող հայերը կօգտվե՞ն այդ հնարավորությունից։

Եվ երկրորդ, ԿԲ-ն կարող է կանխել դրամի հետագա արժեւորումը՝ գնելով դրսից եկող արտարժույթը։ Սակայն չի գնում այդ քայլին` այն պատճառաբանությամբ, որ դրամի զանգվածի ավելացումը կհանգեցնի ինֆլյացիայի։ Իսկ հիմա պատկերացնենք, որ բանկիրները համաձայն են հայկական դրամով փոխանցումներ կազմակերպել, իսկ դրսից գումար ուղարկողներն էլ որոշեն օգտվել այդ հնարավորությունից։ Ստացվում է՝ ամեն տարի Հայաստանի ֆինանսական շուկան պետք է համալրվի 700-800մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Իսկ ուղարկվող տրանսֆերտները նույնպես աճում են երկնիշ թվով։ Սա ինչպե՞ս է ազդելու գնաճի վրա։ Այս հարցի պատասխանը մենք կփորձենք պարզել եւ ներկայացնել առաջիկայում։

Հ. Գ. Վերջում ավելացնեմ, որ ծանոթիս տուզիկը շատ աննախանձելի ճակատագիր ունեցավ՝ ընկավ մեքենայի տակ։ Առանց հետին մտքերի։