Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինին: Վերջինս ներկայացրել է ԵԱՀԿ միջնորդությամբ ներգրավված միջազգային կազմակերպությունների կողմից վերջերս արված փորձաքննությունների արդյունքները, համաձայն որոնց` ԼՂՀ որոշ շրջաններում վերջին ամիսներին բռնկված հրդեհներն ունեն բնակլիմայական պատճառներ, եւ ադրբեջանական կողմից միտումնավոր հրկիզումների մեղադրանքներն անհիմն են: Վ. Պրյախինը ներկայացրել է նաեւ ՀՀ-ում հրթիռային վառելիքի բաղադրիչների պաշարների (մելանժ) վերացման երրորդ փուլում տարվող աշխատանքների ընթացքը: Ծրագրի իրականացման արդյունքում մելանժը վերամշակվում է ընդունելի եւ էկոլոգիապես մաքուր պարարտանյութի, որն օգտագործվում է թթվահիմնային հաշվեկշռով աղքատ հողերը պարարտացնելու համար: Ըստ նրա` հոկտեմբերի 13-ի դրությամբ Հայաստանում վերամշակման ընդունված 360.5 տոննա մելանժից վերամշակվել է 332.2-ը, ինչի արդյունքում ստացվել է մոտ 1900 տոննա պարարտանյութ: Բանակի օգնությամբ պարարտանյութը տեղափոխվել է Լոռու մարզ եւ մարզպետարանի հսկողության տակ անվճար տրամադրվել թթվա-հիմնային հաշվեկշռով (pH) աղքատ հողեր ունեցող անհատների: