Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել թուրք գրող Օրհան Փամուկը, ում հաղթանակը գրեթե կասկածներ չէր հարուցում: Դեռ անցյալ տարի Փամուկի անունը կար հավակնորդների ցուցակում, սակայն մրցանակի արժանացավ անգլիացի դրամատուրգ Հարոլդ Պինտերը, ով հայտնի է իր «հակաամերիկյան» հայացքներով: Իսկ Օ. Փամուկը, ով համարվում է ամենահետաքրքիր, բազմաշերտ ու վառ ժամանակակից գրողներից մեկը, բացի իր գրական վաստակից նաեւ` դեսիդենտ է: Իսկ դա Նոբելյան կոմիտեն բարձր է գնահատում: Անցյալ տարի Փամուկի գրքերն այրում էին Ստամբուլի փողոցներում, հետապնդում հայոց Ցեղասպանության եղելության ու քրդերի դեմ բռնության փաստերի մասին իր Հայրենիքում բարձաձայն խոսելու համար: Թուրքիայի կառավարությունը դատական գործ էր հարուցել նրա դեմ` մեղադրելով «թուրք ժողովրդին վիրավորանք հասցնելու մեջ», սակայն գրողի հանդեպ հետապնդումները կասեցվեցին համաշխարհային կազմակերպությունների միջամտության շնորհիվ: Բայց Ստոկհոլմում` մրցանակի հանձնման արարողության ժամանակ, ոչինչ չասվեց Փամուկի քաղաքացիական դիրքորոշման մասին, նշվեց, որ նա մրցանակի է արժանացել «իր հայրենի Ստամբուլ քաղաքի մելանխոլիկ ոգու որոնման համար», որի արդյունքում «հայտնագործվել է տարբեր մշակույթների բախումն ու միահյուսումը»: Թեեւ Փամուկը սովորել է Ամերիկյան համալսարանում ու երեք տարի ապրել է Նյու Յորքում, նա, միեւնույն է, միշտ ձգտել է իր հայրենի քաղաք վերադառնալ, նույնիսկ այն ժամանակ, երբ իրեն մահացու վտանգ էր սպառնում: Ստամբուլը նրա վեպերի գլխավոր գործող անձն է: Ժամանակակից ու միաժամանակ հնադարյան Ստամբուլն իր աղմկոտ շուկաներով, մզկիթներով, նեղլիկ փողոցներով ու բազմազգ բնակիչներով միշտ եղել է գրողի ստեղծագործության հիմքում: Նրա հայտնի գործերից են «Իմ անունը Կարմիր է», «Սեւ գիրք», «Սպիտակ ամրոց», «Ձյունը» վեպերը, իսկ վերջին գիրքը «Ստամբուլ` հիշողությունների քաղաք» վեպ-էսսեն էր:
Փամուկը գտել է այն կետը, որտեղ Արեւմուտքը հանդիպում է Արեւելքին:
Շվեդական ակադեմիան իր ոսկե մեդալն ու 10 մլն շվեդական կրոն (1,07 մլն եվրո) գումարային մրցանակը հանձնելու է դեկտեմբերի 10-ին: