«Հայկական առավոտը» Մոսկվայում

15/10/2006

Նոյեմբերի 19-ին Մոսկվայի Պատմության թանգարանում բացվելու է «Երազում սկսեցի հայկական առավոտը տեսնել…» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այդ պոետիկ տողը պատկանում է ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամին, ով, Հայաստան այցելելով, Հայաստանին ու հայերին նվիրված բանաստեղծական շարք է գրել: Հոլանդացի գեղանկարիչ Սիցե Բաքքերը Մանդելշտամի բանաստեղծություններից ներշնչվելով, իր համար բացահայտել է Հայաստանն ու նրա գեղեցկությունը: Նրա գրաֆիկական աշխատանքները շատ նուրբ ու զգացական երանգներ ունեն, նկարիչը փորձում է բանաստեղծական ոգին վերածել գրաֆիկայի` օգտագործելով հայկական նախշերն ու պատկերները: Դրանք բանաստեղծությունների յուրահատուկ իլյուստրացիա են: Ցուցահանդեսը ներառելու է Սիցե Բաքքերի 12 աշխատանքները: Այդ աշխատանքները վերջերս ցուցադրվել են Հայաստանի պատկերասրահում, սակայն Մոսկվայում ներկայացված կլինեն ավելի լայն ցուցադրությամբ, քանի որ հոլանդացի նկարչի հետ միասին կցուցադրեն Փարիզում ու Սանկտ Պետերբուրգում ստեղծագործող հայ քանդակագործներ Լեւոն Լազարեւի, Լեւոն Բեյբությանի, Ցոլակ Սիմոնյանի ու Ալբերտ Ավետիսյանի քանդակները: «Մանդելշտամը միշտ փորձել է ժամանակն ու տարածությունը միացնող բառեր գտնել, նույնը փորձում եմ ես անել»,- ասել է Սիցե Բաքքերը: