ԱՄՆ-ի հայկական համայնքը քարոզարշավ է սկսում՝ Կոնգրեսի կողմից ցեղասպանության մեղադրանքների ճանաչման առնչությամբ: Նախընտրական օրերին այդ քարոզարշավներն ավելի ինտենսիվ են դառնում: Իր հերթին Անկարայում նույնպես իրարանցում է սկսվում եւ Արտաքին գործերի նախարարության միջոցով Թուրքիան սկսում է ճնշում գործադրել Սպիտակ տան վրա: ԱԳՆ-ն բացատրում է Սպիտակ տանը Թուրքիայի հետ լավ հարաբերությունների ողջ ռազմավարական կարեւորությունը, ինչը կտուժի նման փաստաթղթի ընդունումից: ԱՄՆ են ուղարկվում պատվիրակություններ, հայտարարություններ են արվում մամուլի համար, եւ վերջին պահին սեփական դարպասին հարված ստանալուց հաջողվում է խուսափել:
Այս ողջ ընթացքում Թուրքիան զայրույթ է շնչում հայկական սփյուռքի նկատմամբ: Մասնավորապես, նշվում է, որ կոտորածը, իրականում, կազմակերպվել է հայերի կողմից: Որպես «փաստարկ» ցուցադրվում են ինչ-որ սեւ-սպիտակ ֆիլմեր: Մասնավոր սեկտորը եւ պետապարատը պատմում են, թե ինչ քարոզարշավներ կիրականացվեն հետագայում:
Հետագայում կրքերը թուլանում են: Մինչ հայկական գրոհի նոր շրջապտույտը, որը տեղի է ունենում մեկ տարի անց, օրակարգում այդ հարցը չի լինում:
Համարյա նույն սցենարը, միայն այլ ժամանակ, կրկնվում է Ֆրանսիայում: Ֆրանսիայի հայկական սփյուռքն իրեն այլ կերպ է պահում. նա ավելի ուժեղ է եւ լավ գիտի ֆրանսիացի քաղաքական գործիչների թուլությունները: Նա միանգամից նշանակետին է խփում: Այսպես, 2001թ. ֆրանսիական խորհրդարանը ցեղասպանության ճանաչման որոշում ընդունեց: Այժմ էլ խորհրդարանը պատիժ է սահմանում նրանց համար, ովքեր հերքում են ցեղասպանության փաստը:
Հայկական սփյուռքը, հավանաբար, շատ գոհ է այս հաջողությամբ: Բայց նրանք մոռանում են մի գործոնի մասին: Որ Հայաստանը այդ որոշումից տանուլ է տվել: Այժմ Հայաստանին արդեն չի հաջողվի երկխոսություն վարել Թուրքիայի հետ: Սահմանների բացումը նույնիսկ չի էլ քննարկվի:
Ի՞նչ ենք մենք անելու
Ոչինչ, որոշ ժամանակ անց մեզ մոտ էլ ամեն ինչ կմոռացվի: Այ, կտեսնեք, ոչ ոք չի հետեւի հնչած կրքոտ ճառերի իրագործմանը: Չեն լինի ոչ նորմալ աշխատանք, ոչ էլ նոր մոտեցումներ:
Իսկ հայերը չեն մոռանա: Նրանք նպատակաուղղված կսկսեն սղողել Թուրքիայի գլխին կախված դամոկլյան սուրը պահող մազը:
Նախագիծը, որն այսօր հաստատեց Ազգային ժողովը, վաղը կամ էլ մի քանի տարի անց կհաստատի նաեւ Սենատը: Դրանից հետո այն կվավերացնի Ֆրանսիայի նախագահը: Եվ այդ ողջ ընթացքում մեր աչքերի առջեւով կվազեն այդ նույն կադրերը:
Ես այս իրավիճակին վերաբերվում եմ ոչ թե որպես հայերի հաջողություն, այլ որպես մեր անհաջողություն: Եթե դու չես կարող պաշտպանել քո ճշմարտությունը, որեւէ մեկը կստիպի քեզ ընդունել այն, ինչին դու չես հավատում:
Պետք չէ մեղքն ու պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա: Ըստ էության, մեղավորը մենք ենք:
Եվրոպան հաջող քննություն է հանձնում Ֆրանսիայի առջեւ
Ֆրանսիական խորհրդարանում վիճաբանությունների ժամանակ շատերի հայացքներն ուղղված էին Եվրամիության կողմը: Հետաքրքիր էր ԵՄ-ի արձագանքը: ԵՄ-ն, արդյո՞ք, անմասնակից կմնա: Ի՞նչ կասի Եվրոպական հանձնաժողովը: Առաջինը Օլլի Ռեհն էր:
Անմիջապես հետո խոսեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոսսոն:
Երկուսն էլ ճիշտ գնահատեցին Ֆրանսիայում տեղի ունեցածը: Երկուսն էլ նշեցին, թե ինչ բացասական ազդեցություն կունենա օրենքի նախագծի ընդունումը ԵՄ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա:
ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Լագենդիյկը եւ Թուրքիայի գծով զեկուցող Քամիլ Օյրլինգսը նույնպես հանդես եկան օրենքի նախագծի քննադատությամբ…
Այդ ձայները շատ կարեւոր էին: Եթե Թուրքիան այդ պահին միայնակ մնար, կհաստատվեր որոշ ուժերի անվստահությունը Եվրոպայի նկատմամբ: Այնինչ եվրոպական պաշտոնյաները հանդես եկան ի պաշտպանություն Թուրքիայի եւ Եվրամիության անդամ Ֆրանսիայի դեմ:
Հատկանշական է, որ դա արեց Եվրոպական հանձնաժողովը: Իմ մշտական ընթերցողները գիտեն, որ բարձր եմ գնահատում Հանձնաժողովի աջակցությունը Թուրքիային:
Այսօր մենք ավելի լավ ենք հասկանում, ով է ճշմարիտ բարեկամը:
Ո՞ւմ կվնասի այս օրենքը
Եթե այս օրենքը ուժի մեջ մտնի, ո՞վ ինչ կշահի եւ կկորցնի:
Միակ շահած կողմը կլինի հայկական սփյուռքը: Ունենալով Ֆրանսիայի օրինակը, նրանք նման օրենքների ընդունման նպատակով կշարունակեն ճնշումը մյուս եվրոպական երկրների, իսկ հետո նաեւ՝ Ամերիկայի վրա: Ֆրանսիական խորհրդարանի որոշումը խորհրդանիշ կդառնա: Նրանք կսկսեն ողջ աշխարհով մեկ բարձր ազդարարել, որ ցեղասպանությունը պատմական ճշմարտություն է:
Մեծ վնաս կհասցվի Ֆրանսիային: Նա կկորցնի Թուրքիայի վրա ազդեցության լծակները: Քաղաքական հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կսառեցվեն: Այսպիսով վնաս կհասցվի նաեւ Ֆրանսիայի տնտեսական շահերին: Ֆրանսիական ընկերություններին հատկացված պայմանագրերը կփոխանցվեն այլ երկրներին:
Մեծ վնաս կհասցվի նաեւ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ:
Դրանից հետո ցեղասպանության հարցում թուրքական հասարակայնության դիրքորոշումը կխստանա, եւ եթե հիմա որեւէ փոխընդունելի բանաձեւ էր փնտրվում, հետագայում դա անհնար կդառնա:
Թուրք-հայկական սահմանների բացումը կհետաձգվի առավել ուշ ժամանակով:
Թուրքիայի ու Հայաստանի միջեւ երկխոսությունը կսառեցվի անորոշ ժամանակով:
Վնաս կհասցվի նաեւ Թուրքիային: ԵՄ-ի անդամակցության հարցում Ֆրանսիան, ի պատասխան Թուրքիայի արձագանքի, բացասական դիրք կգրավի: Ֆրանսիացի զբոսաշրջիկները եկող տարի, ամենայն հավանականությամբ, Թուրքիայից կգերադասեն մյուս երկրները: