Հայ-ադրբեջանական ծեծկռտուք` Բելգիայում

15/10/2006

Եվրոպայի 2008 թ. ֆուտբոլի առաջնության Բելգիայի եւ Ադրբեջանի թիմերի միջեւ Բրյուսելում տեղի ունեցած ընտրական խաղն ավարտվել է հայ եւ ադրբեջանցի ֆուտբոլասերների ծեծկռտուքով: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հոլանդիայի եւ Բելգիայի որոշ քաղաքներից ժամանել են շուրջ 200 ադրբեջանցի ֆուտբոլի սիրահարներ, որոնք հսկայական դրոշ են տարածել մարզադաշտի՝ իրենց հատկացված տրիբունայում:

«Սակայն, որոշ ժամանակ անց մի քանի տրիբունա այն կողմ գտնվող երկու հայ բարձրացրել են իրենց երկրի դրոշը՝ անպարկեշտ ժեստեր անելով դեպի ադրբեջանցի հանդիսատեսի կողմը: Դրանից հետո մի քանի ադրբեջանցիներ, հայկական դրոշն անձամբ հեռացնելու նպատակով, ներխուժել են հայ հանդիսատեսի տրիբունան, որտեղ էլ ծեծկռտուք է սկսվել»,- գրում է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը: Բելգիայի անվտանգության ծառայության աշխատակիցները ծեծկռտուքի մասնակիցներին ոստիկանության բաժին են տեղափոխել, սակայն խաղի ավարտից որոշ ժամանակ անց նրանք ազատ են արձակվել։

Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլային հանդիպմանը, ապա ադրբեջանական ակտիվիստներն անզոր են եղել խաղի հաշիվը փոխել։ Ադրբեջանը պարտություն է կրել 0:3 հաշվով:

Մի բան անհասկանալի է մնում՝ ի՞նչ գործ ունեին հայերը, այն էլ՝ ազգային դրոշով, Բելգիա-Ադրբեջան հանդիպմանը։