Լցնենք դեմոկրատական վակուումը

12/10/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Տարածաշրջանային զարգացումների եւ մարտահրավերների մասին երեկ «Փաստարկ» ակումբում իր ներկայացրած վերլուծության արդյունքում նման եզրակացություն արեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը: Նա խոսեց նաեւ Լեռնային Ղարաբաղի «խորը ժողովրդավարական միտումների» մասին եւ կարեւորեց այն, որ ԼՂ-ում Սահմանադրության ընդունման կապակցությամբ նախատեսվում է շուտով հանրաքվե անցկացնել: Հիշեցնենք, որ ԼՂ Սահմանադրության՝ շրջանառության մեջ դրված նախագիծը ԼՂ գործող նախագահին հնարավորություն է տալիս երրորդ եւ նույնիսկ չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել ԼՂ նախագահի պաշտոնում: Դատելով Ա. Աշոտյանի երեկվա խոսքերից՝ այստեղ ոչ մի վատ բան չկա, ընդհակառակը՝ այդկերպ պետության եւ ժողովրդի անվտանգությունն ավելի լավ կապահովվի, ու դեմոկրատական վակուումը լցնելու գործընթացն էլ դրանից չի տուժի: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, հիմա նման քննարկում՝ նախագահը երրորդ անգամ անընդմեջ կարո՞ղ է ընտրվել, թե՞ ոչ, հարիր կլիներ «ենթադրենք Լյուքսեմբուրգին, որը մի տարածաշրջանում է, ապահով, տաք, եւ որեւէ խնդիր չունի»: Իսկ այ, ԼՂ հարցում, Ա. Աշոտյանի համոզմամբ՝ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի ժողովուրդը եւ պետությունը գնա ժողովրդավարացման ուղիով: Միաժամանակ նա հավելում է, թե ոչ մի երկիր «չի դարձել ժողովրդավար նախապատերազմական իրավիճակում» (իսկ մենք միամտաբար կարծում էինք, ոչ թե նախապատերազմյան, այլ հետպատերազմյան փուլում ենք): «Այսինքն՝ նախապատերազմյան եւ պատերազմյան ժամանակներում պետության եւ ժողովրդի անվտանգությունը գերակա է դառնում ցանկացածի, ցանկացած պետության համար: Հետեւաբար հարցի շահարկում չպետք է լինի, եւ հարցը շահարկողները ռոմանտիկ մտադրություններ ունեն»,- գտնում է ԱԺ պատգամավորը: Ասվածից կարելի՞ է ենթադրել, որ ԼՂ նախագահի՝ գործող նախագահից բացի, մյուս թեկնածուները սպառնալիք են ԼՂ-ի եւ նրա ժողովրդի անվտանգության համար: «Հոդվածով թույլ է տրվում երրորդ ժամկետի վերընտրություն: Դա չի նշանակում, որ չի կարող լինել մեկ այլ թեկնածու, որը կարող է այդքան հեղինակություն ունենալ, որպեսզի ընտրվի: Այստեղ բացառման խնդիր չկա, ուղղակի լրացուցիչ հնարավորություն է տրվում, եւ այս խնդիրը նախեւառաջ ԼՂ ժողովուրդը պետք է որոշի»,- նշեց Ա. Աշոտյանը: Հետաքրքիր է՝ արդյո՞ք պետության եւ ժողովրդի անվտանգության գերակայության պատճառաբանությամբ նույն մոտեցումը կարող է կիրառվել նաեւ Հայաստանում: Պատգամավոր Աշոտյանի խոսքերով՝ ՀՀ Սահմանադրությունը նման հնարավորություն չի տալիս, նոր հանրաքվե էլ մեր երկրում նախատեսված չէ, հետեւաբար «ԼՂ-ի մոդելի պրոյեկցիան Հայաստանի վրա տեղին չէ եւ կիրառական չէ»:

Ուրբաթ օրը` համեցեք տար

Ա. Աշոտյանը երեկ անդրադարձավ նաեւ թիվ 26 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանի հետ կապված միջադեպին: Ըստ Ա. Աշոտյանի տեղեկությունների, ուրբաթ օրը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում էլ հավանաբար կքննարկվի Հ. Հակոբյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Իսկ ՀՀԿ-ն հակված է այն մտքին, որ իրավապահներին պետք է հնարավորություն տալ լիարժեք կատարել գործի քննությունը, ինչը, ոմանց կարծիքով, նշանակում է, որ ՀՀԿ-ն հակված է «հանձնել» ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀԿ շարքերը համալրած Հ. Հակոբյանին: «Հանձնել» բառը Ա. Աշոտյանը կոռեկտ չի համարում` նշելով, թե դա ավելի շատ օգտագործվում է տարածքների պարագայում, սակայն գտնում է, որ «մեղավորը պետք է պատժվի»: Ա. Աշոտյանը չի կիսում այն կարծիքը, թե ՀՀԿ-ական պատգամավորի ձերբակալումը հաստատում է ՀՀԿ-ին ուղղված հակակրիմինալ շարժման մեղադրանքները: Ա. Աշոտյանը կարծում է, որ այդ շարժման բոլոր մեղադրանքներն անհիմն դուրս եկան: Նա գտնում է նաեւ, որ «հակակրիմինալ ալիքը մարում է»: «Կրիմինալի ուրվական Հայաստանում չկա ու չի էլ լինի»,- վստահեցնում է նա: Բացի այդ, Ա. Աշոտյանը փաստում է նաեւ, որ ասել, թե Հ. Հակոբյանը կրիմինալ է, ճիշտ չէ, որովհետեւ նախաքննությունը շարունակվում է, եւ կա անմեղության կանխավարկած: «Եվ հետո, Ավետարանչական շատ մի թեւավոր խոսք կա` իսկ ո՞վ է առանց մեղքի, թող առաջինը քար նետի ինձ վրա»,- թեման այսկերպ եզրափակեց Ա. Աշոտյանը: