Իսկ «Բարգավաճ Հայաստա՞նը»

12/10/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Քաղաքական, տնտեսական, վարչական եւ կրիմինալ կառույցներն արդեն ոչ թե սերտաճում, այլ միաձուլվում են, որի հետեւանքն էլ լինելու է իշխանությունը ձեռքից ձեռք փոխանցելը. Ժուռնալիստների միությունում հրավիրած ասուլիսում երեկ հայտարարել է պատգամավոր, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը:

Պատգամավորը կարծում է նաեւ, որ ստվերային տնտեսվարողներն ու քրեականացված տարրերը Հայաստանում հոգնել են սպասարկողի դերից եւ ուզում են իշխանության իրական տերերը դառնալ: Շ. Քոչարյանը գտնում է, որ եթե ընտրություններից վեց ամիս առաջ ընդդիմությունն իշխանության գալու հայտ չի ներկայացրել, ապա «պատահական չէ, որ այդ հայտը ներկայացնում են ստվերային տնտեսության ներկայացուցիչները եւ կրիմինալը»: Իսկ ստվերը մեր երկրում, ըստ Շ. Քոչարյանի, տարբեր գնահատականներով կազմում է 60-80%: Շ. Քոչարյանը տարօրինակ է համարում, որ փոխանակ միասնաբար իշխանության գալու հայտ ներկայացնեն, ընդդիմադիրներն ընտրություններից վեց ամիս առաջ միավորվել են հակակրիմինալ շարժման մեջ, ինչն, ըստ նրա, նշանակում է, որ նրանք որոշել են միշտ լինել ընդդիմություն ու այդկերպ պայքարել կրիմինալի դեմ: Մինչդեռ կրիմինալի դեմ, պատգամավորի համոզմամբ, պայքարում է իշխանությունը, որովհետեւ իշխանությունն է, որ ունի պայքարի իրական լծակներ: Այլ խոսքերով՝ Շ. Քոչարյանն այն կարծիքին է, որ եթե հակակրիմինալի մեջ համախմբված ընդդիմադիրներն իրոք ուզում են պայքարել կրիմինալի դեմ, նախ պետք է գան իշխանության: ԱԺԿ ղեկավարը դժվարանում է նշել այն խոշոր գործատուներին, ովքեր ստվերում չեն: «Եթե քո տնտեսության 80%-ը ստվերում է, ինչի՞ մասին է խոսքը: Եվ այս պարագայում մեկի անունը տալ, մյուսինը չտալ, դա ծիծաղելի է»,- կարծում է պատգամավորը: Հետաքրքիր է, ըստ Շ. Քոչարյանի, «Բարգավաճ Հայաստանը» մտնո՞ւմ է այդ ստվերի կամ կրիմինալի մեջ, որի ներկայացուցիչներն ուզում են, ինչպես պատգամավորն է նշում, իշխանության իրական տերը դառնալ: «Եթե ես ասեմ, որ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը ստվերում չի ու մաքուր աշխատում է, դուք դրան կհավատա՞ք»,- հարցին հարցով պատասխանեց ԱԺԿ ղեկավարն ու հավելեց, թե մեզանում ցանկացած խոշոր գործատեր «զգալիորեն գործում է ստվերում»: Ինչեւէ, Շ. Քոչարյանը գտնում է, որ Հայաստանի բարեփոխված Սահմանադրությունը որակապես նոր վիճակ ու նոր Հայաստան ունենալու հնարավորություններ է տալիս, սակայն «չի օգտագործվում այդ բարեփոխումների դրական ներուժը»: «Դրա ցանկությունն էլ չկա: ԱԺ վերահսկողական դերի բարձրացմանն ուղղված քայլ չի արվում, այդ թվում եւ` խորհրդարանական ընդդիմության կողմից»,- հայտարարեց ԱԺԿ ղեկավարը: Ընդհանրապես վերջինս երեկ բազմաթիվ հարցերում քննադատեց ընդդիմադիր իր գործընկերների որդեգրած քաղաքականությունը: Վկայակոչելով միջազգային կառույցներին, ԱԺ պատգամավորը նշեց, թե Հայաստանը դեռ բռնապետություն չէ, բայց կիսակայացած անձնիշխանական երկիր է: Շ. Քոչարյանն առաջարկում է պայքարել հետեւանքները ծնող պատճառների դեմ, այլ ոչ թե միայն անձերի: Իսկ իշխանությունները սցենարներ են մշակում: Ըստ այդմ, պատգամավորի համոզմամբ, եթե Ռոբերտ Քոչարյանն ուզում է մնալ քաղաքականության մեջ, ապա 2007-ին ԱԺ ընտրություններից հետո ԱԺ-ում իշխանական ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չի ունենում, Ռոբերտ Քոչարյանը դառնում է մեծ լծակներ ունեցող վարչապետ, իսկ մեծ հավակնություններ չունեցող մեկը, օրինակ` Վարդան Օսկանյանը, դառնում է նախագահ: Իսկ երկրորդ տարբերակով, եթե Ռ. Քոչարյանը հեռանում է, ապա դարձյալ իշխանական ուժերը համաձայնության են գալիս, նրան հստակ երաշխիքներ են տալիս, սակայն ուժերից մեկը ԱԺ-ում ունենում է բացարձակ մեծամասնություն: Այս դեպքում նախագահ է դառնում Սերժ Սարգսյանը: Ինչեւէ, անդրադառնալով պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ կապված խնդրին ու պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ հատկապես Հ. Հակոբյանը, չէ՞ որ առաջ էլ եղել են դեպքեր, երբ պատգամավորը կրակել կամ խուլիգանություն է արել՝ Շ. Քոչարյանը կարծիք հայտնեց, թե Հ. Հակոբյանը խախտել է խաղի ընդունված կանոններն ու դրա համար պետք է պատասխան տա: «Խնդիր ունեիր, գաղտնի մարդ ուղարկեիր, թող տանը բռնացնեին, լավ ծեծը տային ու վերջ»,- խաղի կանոնները հիշեցրեց ԱԺԿ ղեկավարը: