Ուրբաթ օրը Ազգային ժողովի պատգամավորները մեկառմեկ «հրավիրվել» են արտահերթ նիստի, ուր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի զեկույցը լսելուց հետո անցկացվելիք փակ-գաղտնի քվեարկությամբ բոլորովին վերջերս ՀՀԿ-ական դարձած պատգամավոր Հակոբ Հակոբյանին կզրկեն անձեռնմխելիությունից:
Իսկ եթե հանկարծ պատգամավորներից որեւէ մեկի մտքով անցնի իշխանությունների «հրահանգ-հրավերը» մերժել, ապա նրանք ԱԺ կբերվեն այլ մեթոդներով: Համենայնդեպս, երեկ մեզ հետ զրույցում այսպես էին ստեղծված իրավիճակի մասին պատմում պատգամավորներն ու դժգոհում, թե ինչպես պետք է իրենց գործընկերոջը «հինգ րոպեում» տան Աղվան Հովսեփյանի ձեռքը: «Բոլորին էլ նախագահական են կանչել ու խիստ հանձնարարական են տվել, որ ախպերությունն ու գողական «ճիշտը» մի կողմ դնեն ու կողմ քվեարկեն, որովհետեւ Հակոբն իրան ճիշտ չի պահել,- ասում էր պատգամավորներից մեկը,- Բայց Հակոբն իսկականից իրան ճիշտ չպահեց, սաղիս գցեց կրակը: Մենք էլ ուրիշ ելք չունենք»: ՀՀԿ-ում երկրորդ կարծիք չկա. իրենք «կողմ» են քվեարկելու, եւ այստեղ, ինչպես վստահեցրին ՀՀԿ խմբակցությունում, «ճիշտը մեկն է»՝ արել է, դե թող գնա պատասխան տա: «Հերիք է մենք իրենց փոխարեն գլուխներս կախ ման գանք, ինչո՞ւ պիտի իրենք նման անօրինականություններ անեն, ու մենք մտածենք, թե ոնց պիտի տակից դուրս գանք: Հերիք էղավ, բոլ էղավ»,- զայրացած ասում էր հին ՀՀԿ-ականներից մեկը՝ վստահեցնելով, որ իրենք ամբողջ խմբակցությունում նստել-խոսել են, ու բոլորն էլ այն կարծիքին են, որ Հակոբ Հակոբյանը պետք է պատժվի: «Բա ի՞նչ եք կարծում՝ մենք պիտի դեմ քվեարկե՞նք, որ ասեն՝ ժողովո՜ւրդ, տեսեք, բացահայտ հանցագործին ոնց են պաշտպանո՞ւմ: Չէ՛, թող հույս չունենան»,- ասում են ՀՀԿ-ում: ՀՅԴ-ում նույնպես որոշել են «կողմ» քվեարկել, որպեսզի, ինչպես նշել էր Վահան Հովհաննիսյանը, օրենք չդառնա արդեն հայտնի դարձած «մեթոդը», թե, եթե նախկինում նմաններին չեն պատժել, թող Հակոբ Հակոբյանին էլ չպատժեն: ՀՅԴ-ում մտածում են, որ հենց Հակոբ Հակոբյանից էլ պետք է սկսել հանցագործին պատժելու Հայաստանի ԱԺ-ում ընդունված համապատասխան օրենքը:
Նախորդ օրը Ռոբերտ Քոչարյանի մոտ, հատուկ այս հարցով, ինչպես նշեցին մեր զրուցակից պատգամավորները, հավաք է եղել, ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ է ԱԺ մի քանի խմբակցությունների ղեկավարների հանձնարարել դեմ չգնալ Գլխավոր դատախազության պահանջին: Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը հատկապես զգուշացրել է ՄԱԿ-ին, ՀՅԴ-ին, «Գործարար» խմբին ու մի քանի անկախ պատգամավորների: ՀՀԿ-ին այդ մասով նախազգուշացում չի եղել, քանի որ, ինչպես տեղեկացրին ՀՀԿ-ում, իրենք արդեն հայտարարել էին, որ «կողմ» են քվեարկելու:
Միայն ԱԺ ընդդիմության դիրքորոշումն է անորոշ, որոնք, ըստ ընդդիմադիր պատգամավորներից մեկի, որոշել են իրենց դիրքորոշումը պայմանավորել հանրապետականներին հակադրվելով: Այսինքն՝ եթե իշխանամետ պատգամավորները որոշել են «կողմ» քվեարկել, ապա իրենք միանշանակ դեմ են լինելու: «Անհասկանալի է, բայց այդպես է: Մերոնք ուզում են այնպես անել, որ իրենց ուզածը չլինի, որ հետո կարողանանք երեսով տալ, թե՝ իրենց բացահայտ կրիմինալին պահեցին: Սա էլ է տակտիկա, չէ՞,- ասում էր ընդդիմադիր պատգամավորներից մեկը՝ ավելացնելով,- Միեւնույն է՝ չի երեւում, թե ով ինչպես է քվեարկել, մենք կանենք՝ կգցենք իրենց վրա: Տեսնենք էդ ժամանակ ոնց են տակից դուրս գալու: Բա ո՞նց՝ ձեւեր կան»: Ընդդիմադիր պատգամավորին, ով խնդրում էր չհրապարակել իր անունը, տեղեկացրինք, որ միայն ընդդիմության ձայները նման «պռավալ» ապահովելու համար բավարար չեն, ու ինքը մեզ բացատրեց, որ դա իրենք հասկանում են ու դրա համար զգուշորեն մոտենում են ԱԺ «ճշտով» պատգամավորներին ու «թաքուն» պարզում են նրանց մոտեցումները: Հենց հասկանում են, որ դեմ է, անմիջապես առաջարկում են իրենց «պռավալ-օպերացիան»: Բայց ՀՀԿ-ից մեզ փոխանցեցին, որ «ճշտով» պատգամավորներն արդեն «հասկացել» են, որ ընդդիմադիրների «ծրագիրը» ոչ թե Հակոբ Հակոբյանին փրկելու համար է կամ «ճշտով» է, այլ՝ հանրապետականներին «քցելու», ինչն «իրենց չի հաջողվելու»: ՀՀԿ-ում վստահեցնում են, որ «ճշտով» պատգամավորները դա հասկացել են ու հիմա նրանք են թասիբի ընկել ընդդիմադիրներին «քցելու» համար: Այնպես որ՝ ընդդիմադիրների «սրտի երազանքը», թե կկարողանան ՀՀԿ-ին «քցել»՝ չի ստացվելու: «Այ մարդ՝ այդ, իրենց ասած՝ «ճշտով պատգամավորներին» քցելն էդքան հե՞շտ է: Ընդդիմությունն էնքան հացուպանիր պիտի ուտի, որ մեզ կարողանա խաբի: Ընդդիմությանը թվում է՝ իրենք էս մի քանի օրում խելոքացե՞լ են, իսկ մենք էնքան ենք «բթացել», որ իրոնց «բլեֆը» չենք ջոկելու»,- ասաց անկախ պատգամավորներից մեկը, ով իրեն համարում է «ճշտով հարց լուծող մարդ ու կյանքում մենթի ձեռը գործ չտված մարդ»: «Ամբողջ կյանքս էս տիպի բաներից հուշտ եմ եղել, բայց Հակոբը մեզ էն վիճակի մեջ դրեց, որ եթե դեմ քվեարկենք, մեր էրեխեքին պիտի տնից դուրս չթողենք, որովհետեւ հարեւանի էրեխեքը մեր էրեխեքին ասելու են՝ պապադ հանցագործ ա, որովհետեւ մարդու վրա կրակող մարդուն թողնում է, որ ազատության մեջ ֆռֆռա»,- ասում էր ՀՀԿ-ական նորաթուխ պատգամավորներից մեկը, ում հետ այդ պահին կային նաեւ մի քանի այլ գործարար պատգամավորներ:
Ի դեպ, երեկ «Արդարության» պատգամավոր Ստեփան Զաքարյանն «Ա1+»-ի թղթակցին ասել է, որ իրենք խմբակցությունում դեռեւս այս հարցը չեն քննարկել, սակայն հարցեր ունեն ուղղելու եւ՛ դատախազին, եւ՛ Հակոբ Հակոբյանին՝ պարզելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ս. Զաքարյանը նշել է, որ իրենք տեղեկություն ունեն, որ արեւելյան մարզաձեւերի ներկայացուցիչները ոչ թե «պահապաններ» են եղել, այլ ուղարկվել են հաշվեհարդար տեսնելու. «Եվ ո՞վ գիտի՝ Հակոբ Հակոբյանը ինքնապաշտպանության նպատակո՞վ է դիմել ինչ-որ միջոցների, թե՞ այլ: Ասում են նաեւ, որ հետքերը տանում են նախագահական նստավայր, այդ հարցերը կան եւ դրանք պետք է պարզաբանել»,- ասել է Ստեփան Զաքարյանը: «Ազգային Միաբանությունը» նույնպես դեռ չի քննարկել այս հարցը, բայց խմբակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն «Ա1+»-ին վստահեցրել է, որ որոշումը կկայացվի «միանշանակ ոչ իշխանությունների օգտին»:
Մի խոսքով, թե ինչպես կավարտվի Հակոբ Հակոբյանի հարցն Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ պարզ կդառնա ուրբաթ օրը: Մեր տեղեկություններով, ուրբաթ օրը Հակոբ Հակոբյանին ԱԺ են բերելու ձեռնաշղթաներով, որովհետեւ այդպես է պահանջում օրենքը: Փաստորեն, Հակոբ Հակոբյանի դեպքում ոչ ոք չի ուզում խախտել օրենքը՝ անգամ ձեռնաշղթաների մասով:
Հ.Գ. Ի դեպ, ԱԺ «Ժողպատգամավոր» խմբից տեղեկացանք, որ խումբն այս անգամ էլ է հետեւելու իր այն որոշմանը, որ անձին վերաբերող քվեարկությունների դեպքում՝ լինի դա ընտրություն թե պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու մասին հարց, խմբի անդամներն ազատ են իրենց դիրքորոշումներում: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանն ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամ է: