Ստեղծվեց «Այլընտրանք»

12/10/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախօրեին հրավիրված բրիֆինգով իր ծնունդն ազդարարեց «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, որի 18 հոգանոց նախաձեռնող խմբի թվում են «Արմատ» հ/կ-ի նախագահ, ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Սամսոն Ղազարյանն ու Սամվել Գեւորգյանը, ՀՀՇ վարչության եւ «Արմատ» հ/կ-ի անդամներ եւ այլք:

«Մենք ազդարարում ենք մեր համատեղ քաղաքական գործունեության մեկնարկը: Այս որոշման դրդապատճառը մեր մտահոգությունն է` ՀՀ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, եւ պատասխանատվության զգացումը` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետագա ճակատագրի հանդեպ»,- ասված է «Այլընտրանքի» տարածած հայտարարության մեջ: «Այլընտրանքն» արդեն ունի ինտերնետային կայք՝ www.ayl.am եւ տպագրել է ծրագրային գրքույկ, որտեղ հստակ նշված են նախաձեռնողների կարծիքներն ու գնահատականներն այս կամ այն իրադարձության վերաբերյալ ու ներկայացված են իրավիճակից դուրս գալու հստակ ելքերը:

«Այլընտրանքն» իր համախոհ է համարում բոլոր նրանց, ում համար Հայաստանի անկախությունը եւ քաղաքացիության բացառիկությունը բարձրագույն արժեք են, ովքեր ընդունում են համազգային շարժման հիմնարար գաղափարները, Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի ուղենիշները, առաջարկվող այլընտրանքային փաթեթը եւ պատրաստ են քաղաքական գործունեության ընթացքում առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ: Քաղաքական այլընտրանքի գաղափարները կյանքի կոչելու հաստատակամությամբ` «Այլընտրանքն» առաջանային խնդիր է դիտարկում «Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտի՝ ինքնապաշտ վարչախմբի օր առաջ հեռացումը»: Նախօրեին հրավիրած բրիֆինգի ժամանակ «Ալընտրանքի» նախաձեռնողները հայտնել են, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին չեն առաջարկել մասնակցել տարածված փաստաթղթի ստեղծմանը, բայց Լ. Տեր-Պետրոսյանը ծանոթ է դրա բովանդակությանը:

Նախաձեռնող խմբի անդամ Ն. Փաշինյանի խոսքերով՝ նախաձեռնող խմբում կան մարդիկ, ովքեր քաղաքական ճանապարհ են անցել Լ. Տեր-Պետրոսյանի հետ, եւ կան մարդիկ, ովքեր քաղաքական ճանապարհ «դեռեւս չեն անցել Տեր-Պետրոսյանի հետ»: «Մեր նախաձեռնող խմբի ընդհանուր կարծիքը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ մեծագույն հարգանքն է»,- նախօրեին նշել է Ն. Փաշինյանը:

Փաստենք, որ «Այլընտրանքը» մինչ օրս ստեղծված ընդդիմադիր բոլոր ֆորմատներից, դաշինքներից, միություններից ու նմանատիպ այլ կազմավորումներից տարբերվում է իր հստակ աշխարհայացքով, ներկայացված հստակ ծրագրով ու գնահատականներով եւ Հայաստանի ու ԼՂ-ի ապագայի հստակ պատկերացմամբ, ու իր ստեղծման հենց առաջին օրից շատ հստակ հանրությանը ներկայացրեց իր մոտեցումները Հայաստանի արտաքին քաղաքականության, երկրում ստեղծված իրավիճակի եւ հնարավոր ելքերի, ԼՂ հիմնախնդրի կարգավորման իր պատկերացրած ուղիների, ընտրական, տնտեսական, դատական համակարգերում անհրաժեշտ փոփոխությունների եւ այլնի վերաբերյալ:

Նշենք նաեւ, որ «Այլընտրանքն» անձերի եւ ոչ թե կուսակցությունների կամ այլ կազմակերպությունների միավորում է, ինչպիսին եղել են մինչ օրս ստեղծված ընդդիմադիր ֆորմատները: Իսկ թե ի՞նչ հաջողությունների կհասնի «Այլընտրանքը», ցույց կտա ժամանակը: «Մենք դուրս ենք գալու դեպի հասարակությունը, փորձելով ստանալ հասարակության աջակցությունը, եւ համոզված ենք, որ այդ աջակցությունը կստանանք»,- նախօրեին նշեց «Այլընտրանքի» նախաձեռնող խմբի անդամ Պետրոս Մակեյանը: