Տհաճ զգացումներ

12/10/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Այն, ինչ տեղի է ունենում, ինձ մոտ տհաճ զգացումներ է առաջացնում»,- երեկ ասաց Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը։ Խոսքը ռուս-վրացական հարաբերությունների եւ, մասնավորապես, օրենսդրական այն նախաձեռնության մասին էր, որը պետք է արգելի Ռուսաստանից Վրաստան կատարվող դրամական փոխանցումները։

Հիշեցնենք, որ այդպիսի առաջարկությամբ հանդես էր եկել «Ռոդինա» կուսակցության նախագահ Ալեքսանդր Բաբակովը։

Պրն Թոսունյանը պարզաբանեց, որ օրենսդրական նախաձեռնությունը ոչ թե ուղղակիորեն արգելելու է դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանից Վրաստան, այլ պետությանը տրվելու են որոշ իրավասություններ, եւ այն կարող է արգելել դրամական փոխանցման իրականացումը։

Գ. Թոսունյանն այս նախաձեռնությանը դեմ է։ «Դա ամենաճիշտ քայլը չէ։ Քաղաքականությունն իր տեղն ունի, սակայն սա ամենաարդյունավետ եղանակը չէ կրիմինալի դեմ պայքարելու համար։ Կան այլ միջոցներ։ Դրանից տուժելու են հասարակ քաղաքացիները, այդ թվում` նաեւ հենց ՌԴ քաղաքացիները»,- հայտարարեց Գ. Թոսունյանը՝ ավելացնելով, որ դեռ ոչինչ որոշված չէ, եւ առողջ բանականությունն ի վերջո կհաղթի։

ՌԲԱ-ի նախագահն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը բանկային համակարգի ազատականությանը վերաբերող մի շարք համաձայնագրեր ունի Արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլ կառույցների հետ։ Փոխանցումներն արգելելով՝ Ռուսաստանն ըստ էության կխախտի այդ համաձայնագրերն ու գործող օրենսդրությունը։

Ըստ պրն Թոսունյանի, ներկայումս ՌԴ-ից Վրաստան տարեկան փոխանցվում է մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ հակառակ ուղղությամբ՝ 61 միլիոն։ Օրինագծի ընդունվելու դեպքում ՌԴ բանկային համակարգն էական ֆինանսական վնասներ չի կրի։ Սակայն կա նաեւ հարցի բարոյահոգեբանական կողմը։ «Հարցը միայն թվերի մեջ չէ»,- համոզված է ՌԲԱ նախագահը, ում կարծիքով` Ռուսաստանի բանկային համակարգի վնասը հոգեբանական առումով ավելի մեծ կլինի։ Ավելացնենք, որ Գ. Թոսունյանը Երեւանում է գտնվում՝ «Դրամական փոխանցումներ։ Բանկային ծառայություններ» երրորդ միջազգային միջբանկային համաժողովին մասնակցելու նպատակով։ Բացման ընդունելությունը տեղի ունեցավ երեկ, որին մասնակցում էին Հայաստանի բանկերի միության նախագահ Ստեփան Գիշյանը, Մոսկովյան միջազգային արժութային ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Մամոնտովը, «Անելի ՌՈՒ» բանկի վարչության նախագահ Արմեն Ղազարյանը եւ ԱՊՀ այլ երկրների բանկերի ներկայացուցիչներ։ Համաժողովն իր աշխատանքները կսկսի այսօր, իսկ Մեքսիկայից վերադառնալուց հետո մասնակիցներին կմիանա նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։