«Հնարավոր է մի քանի հոգու հացից զրկել այս հայտարարությամբ, որովհետեւ այս թեման իրենց համար շատ ակտուալ էր վերջերս, բայց գտնում եմ, որ մենք բոլորս պետք է մտածենք մեր երկրի հեղինակության մասին»,- երեկ ասուլիսում ասել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ու հայտարարել, թե ինքը չի պատրաստվում երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը:
«Վերջին ժամանակներս առանձին հրապարակումներում հայտնվել են տարբեր մտացածին տեղեկություններ՝ ԼՂՀ նախագահի պաշտոնում նորից առաջադրվելու իբրեւ թե իմ մտադրության մասին: Մասնավորապես, շրջանառվում են լուրեր, թե հենց այդ նպատակով է ընդունվում ԼՂՀ Սահմանադրությունը,- ասել է Ա. Ղուկասյանը։ -Այդ հերյուրանքներին ուշադրություն չէի դարձնի, հատկապես, որ նման կարգի զրպարտությունների հեղինակները կաղապարված դեմքերի սահմանափակ շրջանակից են, եթե չլիներ երկու սկզբունքային հանգամանք. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ պետության վարկանիշը եւ Սահմանադրության հիմնարար նշանակությունը մեր երկրի կյանքում: Որպես քաղաքական գործիչ եւ քաղաքացի, ինձ համար չկա ավելի կարեւոր նպատակ, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն ու իրավական պետության կառուցումն է: Նախագահի պաշտոնում իմ գործունեության բոլոր տարիներին, իսկ մինչ այդ էլ՝ որպես արտաքին գործերի նախարար, ձգտել եմ ու շարունակում եմ ձգտել իմ ուժերի, հնարավորությունների, գիտելիքների ու փորձի չափով արագացնել այդ գործընթացները: Դուք ականատեսն եք այն բանի, թե ինչքան դժվար է մեզ համար ժողովրդավարության հաստատումը, ինչ բարդությունների ենք մենք առնչվել քաղաքացիական հասարակության ձեւավորման ճանապարհին: Ի՞նչ թաքցնեմ, ինձ գոհացնում է այն իրողությունը, որ երկրի համար ճակատագրական մարտահրավերներին մենք դիմակայել ենք մեր ժողովրդի շնորհիվ, որն աջակցել է նախագահի քաղաքական կուրսին: Ես չեմ նահանջել այդ ուղեգծից եւ այժմ էլ համարում եմ, որ այն այլընտրանք չուներ:
Իրավական պետություն կառուցելու գլխավոր պայմաններից մեկը Սահմանադրության առկայությունն է, եւ այս հարցում մեր երկրի բոլոր քաղաքական ուժերը միակարծիք են: Իմ նախընտրական ծրագրերում ես խոստացել էի անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ԼՂՀ Հիմնական օրենքի մշակմանը եւ ընդունմանը: Ցավոք, ղարաբաղյան հակամարտության լուծման հետ կապված մի շարք օբյեկտիվ հանգամանքներ խանգարել են Սահմանադրությունն ավելի վաղ ընդունելուն: Պիտի ասեմ, որ հիմա էլ մեր չարակամները ջանքեր չեն խնայում, որպեսզի Լեռնային Ղարաբաղը Սահմանադրություն չունենա: Մինչդեռ ես պարտավորված եմ ինձ զգում մինչեւ իմ լիազորությունների ավարտը կատարել ժողովրդին տված խոստումս:
Մնում է միայն ափսոսալ, որ իմ դիրքորոշումը եւ իմ գործողություններն այս ուղղությամբ առանձին անձանց կողմից միտումնավոր խեղաթյուրվում են: Վստահեցնում եմ ձեզ՝ երրորդ ժամկետով առաջադրվելու մտադրություն չեմ ունեցել եւ հիմա էլ չունեմ: Եթե նույնիսկ ապագա Սահմանադրությունն ինձ նման իրավունք ընձեռի, ապա դա ամենեւին էլ չի նշանակում, որ ես կօգտվեմ այդ հնարավորությունից: Ինձ համար բարոյական նորմերը նույնքան կարեւոր են, որքան իրավական նորմերը: Եվ որպես մարդ, եւ որպես նախագահ, ես արել եմ ինձնից կախված ամեն բան, որ մեր հասարակության ժողովրդավարացման գործընթացը դառնա անշրջելի: Դա միշտ չէ, որ անվտանգ է եղել: Եվ ուրեմն, ո՞րն էր իմաստն ամեն ինչ նժարի վրա դնելու պատրաստակամության, եթե այսօր հարցականի տակ պիտի դրվեն այն արժեքները, որոնց հավատարիմ է մեր ժողովուրդը, ստվեր գցվի ԼՂՀ վարկանիշի վրա»: Ապա Արկադի Ղուկասյանը հայտարարել է, թե իրեն բոլորովին էլ չի «հուզում» իշխանության մեջ չլինելու հեռանկարը, եւ, որ երբեք իշխանությունն իր համար ինքնանպատակ չի եղել: «Եթե ես կամենայի այսուհետ էլ զբաղեցնել նախագահական պաշտոնը, ապա տեսականորեն կարող էի ավելի հեշտ ու կարճ ճանապարհ ընտրել՝ խորհրդարանում համապատասխան օրենքի փոփոխության միջոցով: Ի դեպ, նման գաղափարով ինձ բազմիցս են դիմել նախորդ եւ ներկա գումարումների ԼՂՀ Ազգային ժողովի շատ պատգամավորներ: Բայց ես միշտ դեմ եմ արտահայտվել, քանի որ այդպիսի մոտեցումը լիովին հակասում է իմ սկզբունքներին: Ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել մեր երկրում ընթացող ժողովրդավարացման գործընթացի անշրջելիությունը: Ու նաեւ այս պատճառով է մեզ պետք Սահմանադրությունը, որպեսզի տեսականորեն անգամ բացառվի նման իրավիճակների հնարավորությունը: Համոզված եմ, Լեռնային Ղարաբաղը հերթական անգամ աշխարհին ցույց է տալու ժողովրդավարության բարձր մակարդակ եւ օգտագործելու է իշխանության քաղաքակիրթ հերթագայման իրեն տրված հնարավորությունը, ինչը միշտ չէ, որ հաջողվում է իրականացնել հետխորհրդային տարածքի նույնիսկ ճանաչված շատ պետությունների: Եվ այս առթիվ ես իմ գլխավոր խնդիրն եմ համարում ազատ եւ արդար նախագահական ընտրությունների ապահովումը գալիք տարում»,- ասել է Արկադի Ղուկասյանը:
Ասուլիսի վերջում նա հույս է հայտնել, որ իր հայտարարությունից հետո այլեւս վերջ կդրվի բոլոր այն «մտավարժանքներին», որոնք կարող են վնասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային վարկանիշը եւ ապակողմնորոշել հանրային կարծիքը ԼՂՀ Սահմանադրության ընդունման իրական նպատակների վերաբերյալ:
Ի պատասխան «Իսկ ի՞նչ կանի նախագահը 2007-ի նախագահական ընտրություններից հետո» հարցին, Ա.Ղուկասյանը նշել է, որ պատրաստ չէ պատասխանել այդ հարցին, «բայց միասին կմտածենք»: