Անցնող շաբաթվա տնտեսական նորությունները հիմնականում բացահայտումներ են: Բացահայտվել է գազի գողության դեպք, որն իր մասշտաբով ցնցող է: Հասարակությունը ոգեւորված է, թամաշան իսկապես ապահովված է: Նման տեսարանները հասարակության համար լավագույնն են ու կատարյալ: Որակով բացարձակապես չեն զիջում բրազիլական սերիալներին: «Հարուստներն էլ են լաց լինում» տեսարանը որպես խայծ անգերազանցելի է: Ողջ հասարակությունն ուշադիր հետեւում է Հակոբ Հակոբյան «Ճոյտի» ճակատագրին: Մի քանի օր առաջ հարուստ, չաղ ու բախտավոր մարդը՝ մեծահարուստի ու Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակով Զվարթնոց համայնքի 60-ամյակի միջոցառման հովանավորն էր: Տոն ու տեսարան էր կազմակերպել ժողովրդի համար: Ոչինչ չի փոխվել: Նա այսօր էլ է տեսարանի կազմակերպիչ: Բայց այլեւս ոչ տոնական տեսարանի, առաջին հերթին: Եվ կազմակերպիչ է քրեական տեսարանի: Սա` երկրորդ հերթին եւ, որ առավել կարեւոր է՝ ըստ ՀՀ Գլխավոր դատախազության: Օրենսդիր մարդը` պարզվում է, գող է եւ խուլիգան: Բայց, որ ազատազրկված է՝ դա արդեն տեսարան է: Հարուստներն էլ են լաց լինում որակի տեսարան: Եվ այն ավելի մեծ ուշադրության արժանացավ, քան, ասենք, Բուզանդի փողոցի բնակիչների հետ կատարվածը: Ճոյտի ու նրա ունեցվածքի, «ՀայՌուսգազարդ» ընկերության ծանր բախտի մասին զրույցներից այսօր հասարակությանը դժվար է շեղել: Մի սովորական դարձող պատմություն շարադրելուց առաջ ես էլ մեծահարուստի ողբերգությունից սկսեցի: Որովհետեւ հասարակությունն ու իշխանությունները հասարակ մարդու հոգսին անհաղորդ են: Ոչ մեկիս հետաքրքիր չէ ուրիշի դարդը: Մայրաքաղաքի կենտրոնի հին բնակիչները վաղուց են կորցրել իրենց սեփականություն հանդիսացող անշարժ գույքը: Կորցրել են իբրեւ սեփականություն: Իրավական իմաստով: Կոնդ թաղամասի սեփականատերերը խիստ հարաբերականորեն են սեփականատեր: Նրանց տները արդեն հինգ տարի է հայտնվել են մի վիրտուալ տարածքում, որն իրացման գոտի է հայտարարված: Լեոյի փողոցի 8 հասցեն կրող տան տերը՝ Մարգո Աբրահամյանը, արդեն երեք տարուց ավելի է, փորձում է իշխանություններից թույլատրություն ստանալ իրեն պատկանող տունը վաճառելու համար: Նա այդ տանը բնակվում է 1935-ից: Կենտրոնում սեփական հողատարածքով տան գնորդ գտնելն իհարկե բարդ բան չէ: Պարզապես իշխանությունները հրաժարվում են ձեւակերպել առք ու վաճառքի պայմանագրերը: 86 տարեկան կինն ամեն անգամ իշխանության տեղական մարմիններից միշտ նույն պատասխանն է ստանում՝ «Ձեր տունը գտնվում է իրացման գոտում»: «Չգիտեմ, այդ պատճառաբանությունները որքանով են հիմնավորված իրավական առումով, եւ կապրե՞մ արդյոք մինչեւ տարածքի օտարումը»,- հերթական դիմումում գրում է ծեր կինը: Իշխանություններն առայժմ անհողդողդ նույն պատասխանն են տալիս: Սեփականության իրավունքը Հայաստանում կարծես ոչ մեկի համար պաշտպանված չէ: Ոչ օրինախախտ օրենսդրի, ոչ օրինապահ թոշակառուի:
Սահմանադրական դատարանում ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանը կարողացավ ապացուցել, որ Երեւանի կենտրոնում բնակչությունից օրենքի խախտումով են սեփականությունն օտարել: Սահմանադրական դատարանի թեթեւ ձեռքով այդ օտարումները հայտնվեցին օրենքից դուրս: Եվ որպես հավելում` իշխանության որեւէ օղակի այսօր չի հետաքրքրում այն անձանց վիճակն, ում սեփականությունը հայտնվել է իրացման տարածք հայտարարվածում: Զուտ խորհրդային ծագում ունեցող այս մոտեցումը խորհրդային հմտություններ ու անցյալ ունեցող մեր իշխանավորներն են ոգեկոչել: Ոգեկոչել են հաստատ սեփական շահերից ելնելով: Պետությունը (ավելի ճիշտ՝ չինովնիկները) բավական հաջող իրականացրին սեփականության օտարումը մայրաքաղաքի կենտրոնում: Ամեն ինչ անցավ «Օտարում պետական կարիքների համար» կագախոսի քողի ներքո: Հիմա հերթը Կոնդինն է ու կենտրոնի մյուս թաղամասերինը: Սեփականատերերը «օրենսդրական» բլոկադայի մեջ են: Իրացման տարածքում հայտնված տները վաճառքի ենթակա չեն ու վերջ: Կարծես պետության համար լուրջ տարբերություն կա, թե սեփական կարիքների համար վաղը կամ մի քանի տարի հետո ո՞ր սեփականատիրոջից է գնելու (օտարելու) պետական կարիքների համար անհրաժեշտ տարածքը: Խորհրդային տարիներին իրացման տարածք հայտարարվածը վաճառքի ենթակա չէր, որովհետեւ պետությունը բնակարանով ապահովելու պարտավորություն ուներ այդ տարածքում բնակվողների նկատմամբ: Հետեւաբար զգուշանում էր, որ մի ընտանիքի փոխարեն իրացման գոտում մի քանի ընտանիք չհայտնվի: Հիմա այդ պարտավորությունները չկան: Հետեւաբար խորհրդային մեթոդի «վերադարձը» պետական շահով բացատրելն անիմաստ է: Եվ այս կարգի արգելքների հետեւում շատ ավելի ճիշտ է չինովնիկի շահ փնտրելը: Չինովնիկի, ով կարող է 86 տարեկան կնոջը խորհուրդ տալ սպասել: