Ո՞վ չի թողնում բուժել տնտեսությունը

12/10/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այս ամենի մասին իր տեսակետներն է ներկայացրել «Ակոս» հետազոտական խմբի փորձագետ Գրիգոր Բադալյանը։ «Ռեգնում» գործակալության կայքէջում տեղադրված հոդվածում հեղինակը տվել է իր բացատրությունները եւ առաջարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ։ Նյութը բավական մեծ ծավալ ունի, ուստի ներկայացնենք առավել ուշագրավ հատվածները։

Գ. Բադալյանի կարծիքով, առաջին հայացքից կարող է թվալ, թե մենք գործ ունենք տնտեսական անոմալիայի հետ։ «Վիճակագրությունը չի դադարում փաստել տնտեսական հրաշքի մասին (համաշխարհային պրակտիկայում հենց այդպես է ընդունված անվանել ՀՆԱ-ի 10%-ից ավելի աճը), իսկ կոնկրետ մարդիկ եւ կոնկրետ ձեռնարկությունները գնալով ավելի ու ավելի մեծ դժվարությամբ են կարողանում ծայրը ծայրին հասցնել»,- նշում է հեղինակը։

Վերջինիս կարծիքով, սակայն, ոչ մի պարադոքս էլ գոյություն չունի։ Մենք պարզապես գործ ունենք, այսպես կոչված, «հոլանդական հիվանդության» հետ։

Անցյալ դարի 60-ական թթ. Հոլանդիայում սկսեցին բուռն կերպով նավթ եւ գազ արդյունահանել։ Վառելիքա-էներգետիկ կոմպլեքսի արտահանման ծավալները սրընթաց մեծացան, իսկ դա կործանման եզրին հասցրեց տնտեսության մյուս ճյուղերը՝ վերամշակող արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, տուրիզմը եւ այլն։

Գ. Բադալյանի կարծիքով, այդ իրավիճակը կարելի է նույնացնել հայաստանյան իրավիճակի հետ։ Երբ տնտեսության մի ճյուղը՝ «պրովոկատորը», սկսում է շատ արագ զարգանալ եւ մեծացնել արտահանումը, ապա պետության չմիջամտելու դեպքում ազգային արժույթը սկսում է արժեւորվել, ինչը վնասում է մյուս ճյուղերին։ Շահում են միայն տվյալ «պրովոկատոր» ճյուղի ձեռնարկություններն ու ներմուծողները։

Գ. Բադալյանը Հայաստանում այդպիսի ճյուղ համարում է շինարարությունը, որը ավելի քան 40% զարգացման տեմպ ունի։ «Նկատենք, որ շինարարությունը de facto արտահանող ճյուղ է, քանի որ հիմնական գնորդներն արտասահմանյան երկրների ռեզիդենտներ են, որոնք վճարում են արտարժույթով»,- նշում է հեղինակը։ Ըստ նրա, այդ գումարները փոխանցումների ձեւով հոսում են Հայաստանի ֆինանսական շուկա եւ պահանջարկ են ներկայացնում դրամի նկատմամբ։ «Քանի որ այս պայմաններում դրամի զանգվածը չի փոխվում, այդ միտումն անխուսափելիորեն հանգեցնում է ազգային արժույթի արժեքավորմանը»:

Իսկ այս ամենն արդեն հանգեցնում է արտադրության անկմանը։ «Եթե ազգային դրամի արժեքավորման հետեւանքով գնային տարբերությունը «Կոտայք» եւ «Budweiser» գարեջրերի միջեւ նվազի կամ ընդհանրապես վերանա, ոչինչ չի կարող խանգարել ներքին «հայրենի» սպառողին նախապատվությունը տալ ճանաչված արեւմտյան բրենդին», – նշում է հեղինակը եւ ավելացնում, որ, օրինակ, հայրենի Ծաղկաձորում կամ Սեւանում հանգստանալն արդեն ավելի թանկ է նստում, քան Եգիպտոսում, Բուլղարիայում կամ Թուրքիայում՝ չհաշված Վրաստանը։

«Մեզ չի կարող չուրախացնել տնտեսական աճի «քանակը», սակայն մյուս կողմից` չի կարող չանհանգստացնել այդ աճի որակը եւ ներքին կառուցվածքը։ Ոչ ամենառազմավարական ճյուղի տնտեսական բումի արդյունքում «կթոշնեն» բոլոր այն ճյուղերը, որոնց վրա ազգը պետք է հիմնվեր 21-րդ դարում»,- գտնում է Գ. Բադալյանը։

Վերջինս համոզված է, որ իրավիճակը չշտկելու դեպքում երկրի տնտեսությունը կդեգրադացվի։

Գ. Բադալյանը կարծում է, որ լուծում, այնուամենայնիվ, կա։ Նա առաջին հերթին կարեւորել է պետության դերը՝ ոչինչ չանող եւ իրադարձություններին հետեւող պետությո՞ւն («գիշերային պահակ»), թե՞ բարդ մեխանիզմ, որը լուծում է այն խնդիրները, որոնք շուկան ինքնուրույն չի կարողանում լուծել։

Հեղինակն ինքը երկրորդ տեսակետի կողմնակիցն է, եւ հենց այս տեսանկյունից խիստ քննադատության է ենթարկել միջազգային կառույցներին։ Առաջին պնդման կողմնակիցները, ըստ Գ. Բադալյանի, «… սովորաբար կենտրոնացած են լինում Արժույթի միջազգային հիմնադրում (ԱՄՀ), Համաշխարհային բանկում (ՀԲ) եւ այլ կառույցներում, որոնք ամբողջ ուժով «քաշում են» հետամնաց տնտեսություններին՝ նրանց «զարգացման ուղու» վրա դնելով»։ Փորձագետի կարծիքով, ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի կողմից ձեռնարկվող քայլերը քայքայիչ դեր են կատարում։ Այս տեսակետը նա հիմնավորում է օրինակներով. այն երկրները, որոնք այս կամ այն ժամանակահատվածում գործել են ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի ազդեցության տակ, վաղ թե ուշ հայտնվել են տնտեսական կրախի եզրին՝ Արգենտինան, Ռուսաստանը (1998թ.), Թայլանդը (1997թ.)։ «Իսկ ԱՄՀ-ի «օգնությունը» մերժած երկրները, օրինակ՝ Թայլանդը՝ վարչապետ Մոհատհիր Մոհամմադի վարչապետության օրոք, կարողացել են ինքնուրույն հասնել որակյալ տնտեսական աճի լավագույն ցուցանիշների»։

Հեղինակը ցավով արձանագրում է, որ մեր Կենտրոնական բանկը ներկայումս գտնվում է հենց այս կառույցների ազդեցության տակ. «Այդ տեսությունների հետեւորդներին հատուկ է գնաճի նկատմամբ գրեթե կրոնական վերաբերմունքը. այդ «հիվանդության» (գնաճի.- Բ. Թ.) դեմ նրանք պատրաստ են պայքարել անգամ հիվանդի կյանքի գնով»։

Ներքին արտադրողի եւ արտահանողի համար ընդունելի փոխարժեքն, ըստ Գ. Բադալյանի, 1 դոլարը՝ 500-550 դրամն է։ Դրան հասնելու համար կարելի է օգտագործել ինչպես դրամավարկային (ռեպո տոկոսադրույք եւ այլն), այնպես էլ հարկաբյուջետային քաղաքականությունը՝ օրինակ հարկերի միջոցով փոքր-ինչ «սառեցնել» շինարարության ոլորտը։

Այդուհանդերձ, ըստ փորձագետի, ամենաբնական եւ ադեկվատ միջոցը դրամի զանգվածի մեծացումն է, այսինքն՝ ԿԲ-ն պետք է գնի դրսից եկող արտարժույթը, ինչի արդյունքում կձեւավորվի շուկայի բոլոր մասնակիցների համար ձեռնտու փոխարժեք։

Այս տարբերակն, ինչպես գիտեք, բազմիցս քննարկվել է։ Որպես հակափաստարկ նշվում է, որ այն կարող է հանգեցնել բարձր գնաճի։ Գ. Բադալյանն այդ կարծիքի հետ համաձայն չէ եւ կարծում է, որ ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչները՝ «զարգացող երկրները «փրկելու» հարուստ փորձի իրենց բարձունքից», մեզ պարզապես գնաճով վախեցնում են։ «Նման հայտարարություններն ինձ հիշեցնում են հայտնի անեկդոտը՝ թեփի դեմ լավագույն միջոցը մարդուն գլխատելն է։ Այո, այս քաղաքականության դեպքում գնաճ չի լինի, սակայն միեւնույն ժամանակ չի լինի նաեւ տնտեսություն՝ որպես այդպիսին»։

Գ. Բադալյանի կարծիքով` ներկայումս էլ գոյություն ունեցող գնաճը պայմանավորված է ոչ թե չափից դուրս մեծ պահանջարկով, այլ արտադրողների ծախսերի մեծացմամբ՝ գազի, նավթի, էլեկտրաէներգիայի գների աճ եւ այլն։ Իսկ այս պարագայում ԿԲ-ն չի կարող պայքարել գնաճի դեմ։

Փորձագետը համոզված է, որ սեփական արտադրողին օգնելու համար պետք է հետեւել Չինաստանի օրինակին՝ պահպանել ֆիքսված, արհեստական ցածր փոխարժեք, քանի որ լողացող փոխարժեք կարող են իրենց թույլ տալ միայն կայացած, հզոր տնտեսությունները՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ճապոնիան եւ այլք։ «Հարց է առաջանում, մի՞թե այն, ինչ ճիշտ է Չինաստանի, Մալայզիայի կամ Հնդկաստանի համար, չի կարող ճիշտ լինել Հայաստանի համար։ Թե՞ տնտեսական զարգացման մակարդակով մեր իշխանությունների աչքին Հայաստանը դասվում է Շվեյցարիայի, Քուվեյթի կամ Ճապոնիայի պես երկրների շարքին»,- ասում է Գ. Բադալյանը։

Նա համոզված է, որ նշված ճանապարհով գնալու դեպքում կշահեն ոչ միայն արտադրողները, այլ ԿԲ-ն կմեծացնի իր արտարժութային ռեզերվները։ Իսկ ի՞նչն է խանգարում ԿԲ-ին` վերանայել իր քաղաքականությունը։ Հեղինակի կարծիքով, խնդիրը միգուցե գտնվում է ոչ տնտեսական հարթության մեջ, եւ ԿԲ-ն պարզապես տեղի է տալիս միջազգային կառույցների ճնշմանը։ Հիշեցնելով, որ մեր արտաքին պարտքի մեծ մասը բաժին է ընկնում ՀԲ-ին եւ ԱՄՀ-ին, իսկ վարկեր տրամադրելիս այս կառույցները բավական կոշտ պայմաններ են դնում, Գ. Բադալյանը նշում է. «Գաղտնիք չէ, որ նրանց միջամտությունն առանձին երկրների ներքին գործերին հասնում է ընդհուպ այն աստիճանի, որ երկրների բյուջեները հաստատվում կամ մերժվում են ԱՄՀ-ի կամ ՀԲ-ի խորհրդում։ Կենտրոնական բանկերի քաղաքականության պես «փոքր կարեւորության» փաստաթղթերի մասին չենք էլ խոսում։ Եթե այս կառույցների կարծիքը ժամանակին ստիպված հաշվի էր առնում Ռուսաստանը, ապա գլոբալիզմի այդ «գործակալները» կարող են ամբողջությամբ իրենց ենթարկել փոքրիկ Հայաստանին»,- նշում է հեղինակը։

Նա չի բացառում, որ մեր չինովնիկները ժամանակին պարտավորվել են հետեւել ԱՄՀ/ՀԲ խորհուրդներին, որոնք Հայաստանի տնտեսական շահերի եւ գերակայությունների համար բավական կասկածելի են, եւ այժմ չեն կարող հակառակվել։

Ստացվում է, որ այս երկու կառույցները, որոնց մեր իշխանություններն ամեն պատեհ առիթով շնորհակալություն են հայտնում ցուցաբերած աջակցության համար, իրականում Հայաստանը տանում են կործանման։ Սակայն ո՞րն է դրա իմաստը։

Գ. Բադալյանը փորձել է տալ նաեւ այդ հարցի պատասխանը. «Այս կառույցների նախկին ներկայացուցիչները մի շարք գրքեր են գրել, որտեղ բացեիբաց խոստովանում են, որ իրենց նպատակը ոչ թե «խնամվող» երկրներին «ոսկե միլիարդին» միացնելն է, այլ ամեն ինչ անել, որ Արեւմուտքի համար իրադարձությունների այդպիսի անցանկալի զարգացումը տեղի չունենա»։

Չգիտենք` այս պնդումը որքանո՞վ է ճիշտ, սակայն փաստ է, որ մենք կամաց-կամաց վերածվում ենք ոչինչ չստեղծող եւ դրսի հաշվին ապրող «դեկորատիվ» երկրի։ Իսկ միջազգային կառույցներն այս ամենին արձագանքում են մեծ գոհունակությամբ։ Նրանց մոտ ամեն ինչ ստացվել է։ Ահա եւ ձեզ անկախությամբ հպարտանալու եւս մեկ առիթ։