Մարդու իրավունքների հելսինկյան միջազգային ֆեդերացիան նախօրեին հրապարակել է «Թուրքիա. սիստեմատիկ ժխտման քաղաքականություն փոքրամասնությունների նկատմամբ» վերնագրված 26 էջանոց տեղեկագիրը: Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության համաձայն, տեղեկագրում ներկայացված են ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի կիրառած սահմանափակումների քաղաքականության իրավական հիմքերը, իշխանությունների կողմից այդ քաղաքականության մեկնաբանությունը, փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անհատների նկատմամբ օրենքների ի չարս գործադրման բազմաթիվ փաստերը: Տեղեկագրում բերված են օրինակներ, թե ինչպես են Թուրքիայում ոտնահարվում տարբեր էթնիկ, կրոնական եւ լեզվական փոքրամասնությունների, այդ թվում` քրդերի, հայերի, հույների, ալեւիների, լազերի, չերքեզների եւ գնչուների իրավունքները: «Եվրոպական միությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության եւ այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցը քննարկելիս գլխավոր չափանիշը պետք է լինի այն, թե ինչպես է Թուրքիան վերաբերվում իր փոքրամասնություններին,- հայտարարել է Հելսինկյան միջազգային ֆեդերացիայի նախագահ Ուլրիխ Ֆիշերն ու հավելել,- Այսօր լուրջ անհամապատասխանություն կա Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ եվրոպական չափանիշների միջեւ»: Ֆիշերը նաեւ շեշտել է, թե մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի է մի քաղաքականություն, որը բնութագրվում է շատ փոքրամասնությունների գոյությունն անգամ չընդունելով, փոքրամասնությունների կամ նրանց առնչվող պատմական փաստերի մասին խոսող մարդկանց նկատմամբ դատական հետապնդումներով, փոքրամասնությունների առջեւ ծառացած հիմնական խնդիրները լուծելու չկամությամբ: