Ավելի քան 18 տարվա ազատազրկում

12/10/2006

Նախօրեին թուրքական դատարանը 18 տարի 10 ամսվա եւ 20 օրվա ազատազրկման է դատապարտել դեռահասին, ով սպանել էր կաթոլիկ հոգեւորական Անդրեա Սանտորոյին: Ըստ «Turkish Daily News» օրաթերթի, 16-ամյա պատանին, ում անունը դատարանը չի հայտնել, մեղավոր է ճանաչվել փետրվարի 5-ին Տրապիզոնում 60-ամյա Անդրեա Սանտորոյին հրազենով սպանելու մեջ, երբ վերջինս ծնկաչոք աղոթում էր իր եկեղեցում: Պատանու պաշտպան Մահյա Յուստան հայտարարել է, որ ակնկալում էր նման դատավճիռ եւ պատրաստվում է բողոքարկել այն: Մարդասպանի ընտանիքը վրդովմունք է հայտնել, թե դատարանի նշանակած պատիժը «խիստ ծանր» է: Թուրքիայում կաթոլիկ հոգեւորականի սպանությունը տեղի է ունեցել փետրվարին, երբ մահմեդական աշխարհը վրդովված էր եվրոպական թերթերում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման կապակցությամբ: Ըստ վկաների ցուցմունքների, թուրք դեռահասը կաթոլիկ քահանայի վրա երկու կրակոց արձակելուց առաջ բացականչել է՝ «Ալլահ աքբար», ինչն արաբերենից թարգմանաբար նշանակում է՝ «Աստված մեծ է»: