Օրերս, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ իր մտքերն է կիսել ռուսաստանյան «Կոմերսանտ» հրատարակության էջերում: Գլխավոր եվրագործչի այդ ոչ փոքր հարցազրույցը մտորումների տեղիք է տալիս նաեւ Ղարաբաղի ճակատագրի համար:
Հարցազրույցը սկսվում է Դեւիսի ցանկությամբ, որպեսզի Կոսովոյի հիմնախնդիրը հնարավորինս շուտ լուծվի: Սակայն, այդ ցանկությունն արտահայտելով, Դեւիսն անմիջապես վերապահություն է անում` «բայց, ոչ ի վնաս արդարության» խոսքերով:
«Դուք կարծում եք, որ Կոսովոյին պետք է անկախությո՞ւն տալ, թե՞ ընդարձակ ինքնավարություն» ուղիղ հարցին հետեւում է որոշ չափով խուսափողական, բայց ակնարկներ պարունակող, հետեւյալ պատասխանը. «Ես երբեք չեմ արտահայտում անձնական կարծիքս Կոսովոյի ապագա կարգավիճակի վերաբերյալ, քանի որ դա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի գործը չէ: Եվրոպայի խորհուրդը շատ է զբաղվում Կոսովոյի հիմնախնդրով… Բայց մենք ներկայումս ներքաշված չենք կողմերի միջեւ ընթացող բանակցային գործընթացի մեջ: ՄԱԿ-ը սկզբունքային որոշում կկայացնի, շատ հավանական է, ինչպես ինձ ասաց Մարթի Ահթիսահարին, անմիջապես Սերբիայում սահմանադրության վերաբերյալ հանրաքվեից հետո»:
Թղթակցի հարցին ի պատասխան, թե արդյոք պե՞տք է Բելգրադի համաձայնությունը Կոսովոյի անկախության ճանաչման համար, թե՞ բավարար կլինի ՄԱԿ-ի որոշումը, Եվրոպական քաղաքական գործիչն արտահայտել է ոչ երկիմաստ ենթադրություն. «որոշումն իսկապես կկայացնի ՄԱԿ-ը»: Այսուհանդերձ, Դեւիսը հայտարարել է իր համոզվածության մասին, որ ՄԱԿ-ի ղեկավարությունը եւ Մարթի Ահթիսահարին (կոսովյան հիմնախնդրի ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ), մասնավորապես, անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստանան երկու կողմերի համաձայնությունը: «Անձամբ ես կարծում եմ, որ Սերբիան, որը ՄԱԿ-ի անդամ է հանդիսանում, պետք է համաձայնի միջազգային հանրության որոշման հետ»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Իսկ հարցին, թե ի՞նչն է կարեւոր կոսովյան հիմնախնդրի լուծման հարցում. ազգի ինքնորոշման իրավո՞ւնքը, թե՞ Եվրոպայի դավանած պետական սահմանների ամբողջականության սկզբունքը, Թերի Դեւիսը պատասխանել է. «Ինձ համար, որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի, կարեւոր է ԵԽ-ի անդամ երկրների պետական սահմանների ամբողջականության սկզբունքը: Ես միանման եմ վերաբերվում Սերբիայի, Հյուսիսային Կիպրոսի եւ Թուրքիայի, Մոլդովայի եւ Մերձդնեստրի հիմնախնդիրներին: Ցանկացած փոփոխություն պետք է խաղաղ լինի, ես կտրուկ դեմ եմ սահմանների ուժային փոփոխություններին: Այդ սկզբունքը պետք է տարածվի բոլոր երկրների վրա: Այդ թվում` Ռուսաստանի, որը պետք է առավել հետեւողականորեն պահպանի այդ սկզբունքը: Մերձդնեստրում, Հարավային Կովկասում, Աբխազիայում անջատողական տրամադրություններին օժանդակելը ճիշտ չէ: Բայց Կոսովոն առանձնահատուկ դեպք է, որովհետեւ մարզը գտնվում է ՄԱԿ-ի կառավարման տակ այն պատճառով, ինչը տեղի ունեցավ յոթ տարի առաջ: Մենք չենք կարող ձեւացնել, թե ոչինչ չի պատահել: Մենք չպետք է անտեսենք անցյալը: Կոսովոյի հիմնախնդիրը դեռեւս լուծված չէ: Ես չեմ ուզում դատել` կլինի՞ արդյոք Կոսովոն անկախ, թե՞ կստանա ընդարձակ ինքնավարություն: Ես չեմ ուզում միջամտել պարոն Ահթիսահարի աշխատանքին»:
Սակայն հետաքրքրական է, որ Հյուսիսային Իռլանդիայի վերաբերմամբ Թերի Դեւիսն արտահայտել է կարեւոր դիրքորոշում. «…Ես միշտ համարել եմ, որ եթե Ուելսի, Շոտլանդիայի կամ Անգլիայի բնակիչները ցանկանան առանձնանալ Մեծ Բրիտանիայից, կամ Հյուսիսային Իռլանդիան ցանկանա միավորվել Իռլանդական Հանրապետությանը, պետք է նրանց թույլ տալ այդ: Ես չէի ցանկանա ուժով պահել Անգլիային կամ Շոտլանդիային Մեծ Բրիտանիայի կազմում, եթե նրանք դա չուզենային: Ես միշտ դատապարտել եմ բռնությունը եւ ահաբեկչության կամ պատերազմի օգնությամբ որոշումներ պարտադրելու փորձերը: Դա բացարձակապես անընդունելի է: Առանձնանալու, անկախության միակ ճիշտ ուղին խաղաղ եւ ժողովրդավարական քվեարկությունն է, ընտրությունները, որտեղ մարդիկ իրենք են ընտրում իրենց ներկայացուցիչներին: Դա ժողովրդավարական, քաղաքակիրթ ուղի է»:
Իսկ եթե Կոսովոն անկախություն ստանա` դա նախադեպ կդառնա՞ մյուս չճանաչված տարածքների, օրինակ, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի համար: Եվ պետք է ասել, որ եվրոպացին առանց դույզն-իսկ կասկածի ասաց, որ ՄՅՈՒՍ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿՕԳՏՎԵՆ ԿՈՍՈՎՈՅԻՑ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԴԵՊ: Այս հարցի վերաբերյալ Թերի Դեւիսն ասել է. «Ես չէի ուզենա, որպեսզի ինձ սխալ հասկանային, ես սատարում եմ սահմանների ամբողջականության սկզբունքը: ԵԽ-ի բոլոր անդամների սահմանները պետք է անխախտ մնան այնքան ժամանակ, քանի դեռ սահմանները չեն փոփոխվել ՄԱԿ-ի կողմից»:
Այս հարցազրույցից տպավորություն է ստեղծվում, որ Թերի Դեւիսը կամ ինչ-որ բան գիտի եւ փորձում է թաքցնել, բայց դա իր մոտ չի ստացվում, կամ նա քիչ բան գիտի, բայց փորձում է պահպանել իր այդքան բարձր աստիճանի համբավը, որն, ըստ կարգի, ենթադրում է քաղաքական-իրավական գործընթացների մասին ընդարձակ տեղեկացվածություն, համենայնդեպս՝ գոնե Եվրոպայում: Սակայն ամենահավանականն այն է, որ Դեւիսին հայտնի է Կոսովոյի վերաբերյալ ծրագիրը, բայց քանի որ նա լիազորված չէ բացահայտել դա, ապա փորձում է խուսափել ուղիղ պատասխաններից: Հաջորդը, միանգամից աչք է ծակում Հյուսիսային Կիպրոսի, Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Օսիայի հիմնախնդիրների շարքում Լեռնային Ղարաբաղը հիշատակելուց խուսափելը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԵԽ-ի գլխավոր քարտուղարը Լեռնային Ղարաբաղը չի դնում վերոհիշյալ հիմնախնդիրների շարքում: Կամ կարելի՞ է, արդյոք դրանից եզրակացնել, որ նա ԼՂՀ ղեկավարությանն անջատողական չի համարում:
… Այժմ հարցազրույցի առավել խճճված կողմի մասին: Թերի Դեւիսը մի կողմից` ասում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների տարածքային ամբողջականության պահպանման հետեւողական կողմնակիցներից է: Ավելին, նա նույնիսկ ասում է, որ իր համար տարածքային ամբողջականության սկզբունքը կարեւոր է, քան ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Այնինչ, միջազգային իրավունքի տեսության մեջ այդ երկու սկզբունքներն էլ իրենց արժեքով հավասարապես կարեւոր են համարվում: Բոլորովին այլ հարց է, որ ժողովրդի որոշման մեջ տարածքային սահմանները կարեւոր դեր են խաղում: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի առանձին որոշումներում: Առանց պետության սահմանները որոշելու անհնար է եւ ժողովրդի որոշումը: Այնպես որ, տարածքային հարցը կարեւորվում է ոչ թե որպես մեծ արժեք, այլ որպես գործնական նշանակություն: Հավանաբար, հենց դա էր ուզում ասել Թերի Դեւիսը: Բայց հարցազրույցում, ինչ-որ պատճառներով, այդ միտքը պարզորոշ արտացոլում չի գտել:
Այլ կերպ ասած, կարելի է զգուշորեն հույս հայտնել, որ աշխարհաքաղաքական դասավորության անսասան հիմնարար կանոնը, որը բաղկացած է նրանից, որ տարածքային ամբողջականությունը չի կարող զոհաբերվել առանձնանալու միակողմանի պահանջներին, անվերապահորեն հասկացվում եւ ընդունվում է Թերի Դեւիսի կողմից: Բայց իր մտքերի շարադրանքում որոշ խառնաշփոթը «խեղդել է» տվյալ կանոնի ընդունումն ու ըմբռնումը: Հետաքրքիր է հարցազրույցի նաեւ հետեւյալ հատվածը. Թերի Դեւիսն ասում է. «ԵԽ-ի բոլոր անդամների սահմանները պետք է անխախտ մնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն փոփոխվել ՄԱԿ-ի կողմից»: Նախ, անհասկանալի է, թե ՄԱԿ-ի շրջանակներում հատկապես ի՞նչ մեխանիզմ նկատի ուներ Թերի Դեւիսը: ՄԱԿ-ում ո՞վ եւ ինչպե՞ս պետք է ընդունի նման որոշումներ: Երկրորդը, որ առավել կարեւոր է. ՄԱԿ-ի Կանոնադրությունը, բացի մնացյալից, հիմնվում է անդամների անկախության հավասարության եւ նրանց տարածքային ամբողջականության հարգանքի սկզբունքների վրա: ՄԱԿ-ի անդամներն այդ կազմակերպությանն իրենց տարածքային կառուցվածքի հարցերը լուծելու իրավասություններով չեն լիազորել: ՄԱԿ-ը պարզապես իրավասու չէ հիերարխիկ կարգով լուծելու այդ հարցերը: Էլ չենք խոսում այն մասին, որ Դեւիսի այդ մտքում բովանդակվում է ակնհայտ տրամաբանական սխալ՝ ստացվում է, որ առանց ՄԱԿ-ի թույլտվության ԵԽ-ի անդամները չեն կարող փոփոխել իրենց սահմանները: Այսպիսով, իրավաբանական տեսակետից դեւիսյան այս թեզն իրենից աբսուրդ է ներկայացնում: Սակայն, պատմությունը չի ավարտվում Թերի Դեւիսի խառնաշփոթ մտքերով: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարից հետո, արդեն Եվրամիության արտաքին գործերի նախարար Խավիեր Սոլանան առավել հստակ հայտարարություն արեց: Եվ այն ավելի տագնապալի է, քան Թերի Դեւիսի խոսքերը: Խավիեր Սոլանան հայտարարեց, որ Կոսովոյի վերաբերյալ որոշումը, որ, ըստ ամենայնի, առայժմ սերբական այդ շրջանը կդառնա անկախ պետություն, կարող է ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼ աբխազական եւ օսյան հակամարտությունների համար: Սոլանան ասել է. «Մենք ծուղակում ենք: Նախագահ Սահակաշվիլին ծուղակում է: Մենք բոլորս երկակի մեխանիզմի ծուղակում ենք, որը ոմանց համար լավ հետեւանք կարող է ունենալ, մյուսների համար՝ վատ»:
Այսպիսով, եթե Թերի Դեւիսի խոսքերը կարող են անհետեւողական եւ մասնակիորեն անտրամաբանական թվալ իրավական տեսակետից, ապա Խ. Սոլանայի հայտարարությունը ստիպում է խորությամբ մտածել: Հարկավոր է հաշվի առնել, որ, ի տարբերություն Եվրոպայի խորհրդի, Եվրամիության հետ, որը ներկայումս հիմնավոր եւ անջատողական, թաքնվելով ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի թիկունքում, խաղում է պուտինյան Ռուսաստանի հետ, կատակել չի կարելի: Ավելին, հանգամանքների ներկա դասավորության պարագայում ԱԴՐԲԵՋԱՆԸ եւ ՎՐԱՍՏԱՆԸ պարզապես դատապարտված են պարզորոշ, ինստիտուտով հաստատված ՏԱՆԴԵՄԻ՝ ամրապնդված գործունակ, կազմակերպորեն ձեւավորված ռազմաքաղաքական դաշինքով: Չի կարելի նաեւ չասել, որ տարածքային ամբողջականության սկզբունքի առաջնայնությունը բարձրաձայնող Թերի Դեւիսի կողմից Ղարաբաղը չհիշատակելը խոսում է մեր երկրի մի այլ խնդրի մասին: Ով էլ եւ ինչ էլ որ ասի, Ադրբեջանը (ինչպես եւ, ի ուրախություն, Հայաստանը) առայժմ չի կարողացել տեղավորվել եվրոպական քաղաքական ընկալման մեջ որպես մենթալային տիրապետման եւ եվրոպական քաղաքական արժեքները պետականորեն յուրացնելու ձգտող երկիր: Այդ իմաստով Ադրբեջանի առջեւ գլոբալ խնդիրներ են ծառացած:
Եթե ուզում ենք վերադարձնել Շուշին եւ այն նորից ադրբեջանական քաղաք դարձնել, որտեղ լսվելու է թուրքական լեզուն, ապա մենք պետք է նպատակաուղղված մոդեռնացնենք երկիրը եւ դառնանք արեւմտյան եվրոպական քաղաքակիրթ տարածության եւ Եվրաատլանտյան դաշինքի մի մասը: Իսկ Ռուսաստանին հաճոյանալը կարող է նշանակել մերժվել՝ եվրաատլանտյան տարածաշրջանին ինտեգրվելուց, ինչն արդյունքում Ադրբեջանի համար ազգային աղետի շրջադարձ կունենա՝ սերբա-կոսովյան սցենարով: