Օրերս Ազգային պատկերասրահում բացված ֆրանսիացի դասական արվեստագետներ Ժ. Բրաքի եւ Գրոյի աշխատանքների ցուցադրությունը, որ տարվա ցուցահանդեսն էր, իր նշանակալիությամբ հանդերձ` փոքր-ինչ ստվերել էր ոչ պակաս ուշագրավ այլ պատկերահանդեսներ, որոնցից առաջինը ներկայացնում է XX դարի ֆրանսիական լուսանկարչության տարեգրությունը, իսկ մյուսը` ֆրանսահայ նկարիչներ Է. Շահինի, Հ. Գյուրջյանի, Գառզուի եւ Ժանսեմի պատկերասրահի պահոցից հանված գործերը։
Լուսանկարչությունը, որ սկիզբ է առել XIX դարի կեսերին, անցել եւ անցնում է անկայուն ստեղծագործական ճանապարհ, եւ, թերեւս, տեսողական արվեստներից միակն է, որ դեռ ձեռք չի բերել գեղարվեստական եւ պատմական ամբողջականություն։ Մինչեւ այսօր էլ կասկածելի է նրա տեղն ու դերը արվեստում, քանզի XIX դարում այն սկիզբ առավ որպես ապաստան բոլոր այն նկարիչների համար, ովքեր ձախողակ էին, քիչ օժտված կամ այնքան ծույլ, որ չէին ավարտում սկսած գործերը։ Ֆրանսիացի լուսանկարիչների աշխատանքները ցուցադրում էին լուսանկարչության անցած մոտավոր ճանապարհը` փաստագրական արվեստ լինելուց դեպի մյուս տեսողական արվեստներին հավասարվելու հավակնություն։ Շրջագայող ցուցահանդեսում առաջարկվող շարքը բացվում է 1990թ. Համաշխարհային ցուցահանդեսով, իսկ լուսանկարներն ընտրվել են քաղաքային հինգ մեծ հավաքածուներից (Փարիզի Պատմության թանգարան, Կարնավալե թանգարան, Արդի արվեստի թանգարան, Լուսանկարչության եվրոպական տուն եւ Արդի արվեստի քաղաքային հիմնադրամ)։ XXI դարի արշալույսին լուսանկարել Փարիզը, որտեղ տեղի է ունեցել լուսանկարչության պաշտոնական ծնունդը, կարծես դառնում է մարտահրավեր, քանի որ լուսանկարիչները բախվում են անցյալի պատկերների հետ (Գաբրիել Լոպե, Անդրե Կերտեզ, Պոլ Ժենիո, Բրասսայ, Կեիշի Տահարա, Ժան Քրիստոֆ Բալլո, Բոգդան Կոնոպկա, Ուիլյամ Կլեյն եւ այլք)։
Ինչ վերաբերում է ֆրանսահայ արվեստագետներին, ապա Է. Շահինն այն նկարիչներից է, որ երբեք չեն դադարել հայ եւ օտարազգի քննադատներին հետաքրքրելուց։ Նրա օֆորտները գնահատողներից Օկտավ Միրբոն, Արսեն Ալեքսանդրը հայտնի են Վան Գոգի, Սեզանի, Ռենուարի, Թուլուզ Լոտրեկի, Գոգենի, Մոնեի եւ այլ նկարիչների մասին գրած եւ հրատարակած մենագրություններով։ Է. Շահինի ստեղծագործությանն անդրադարձել է եւ Վիտտորիո Պիկան, որը 1905թ. Էդգար Շահինի օֆորտների վերաբերմամբ գործածում է «կինեմատոգրաֆիկ շարժում» արտահայտությունը, որ հատկապես հատկանշական է իր «Պտույտ» ստեղծագործությանը։ Պետք է ասել, որ Շահինի` պահոցից հանված գործերը նոր բան չէին ավելացնում Շահինի ստեղծագործությանը, որին պատկերասրահի այցելուն ծանոթ է մշտական ցուցադրությունից, բայց թույլ էին տալիս հետեւել նրա ձեւավորման եւ կայացման ընթացքի որոշ հատվածին։
Պատկերասրահի այցելուն լավ ծանոթ է Գառզուի «Կաթողիկե» եւ «Պոմպեյ» գործերին, բայց, թերեւս, նրա համար հայտնություն կլինեն պահոցից հանված այն բնանկարները, որոնք առավել շեշտված ճարտարապետական մոտեցում ունեն եւ որոշ մաներայնություն։ Եվ պարզ է դառնում, որ նկարիչն առավել անկեղծ եւ տպավորիչ է դառնում այն ժամանակ, երբ իր ցանկացածն արտահայտում է այլաբանական ձեւով, որտեղ եւ՛ գիծն է պահպանում իր առաջնահերթ կարեւորությունը, եւ՛ գույնն է հնչում նշանակալի, իսկ Հ. Գյուրջյանի քանդակագործությանը նետած հպանցիկ հայացքն էլ ապացուցում է, որ քանդակագործը հաջողում է հատկապես այն ժամանակ, երբ դիմում է ոճավորման, որը չի հասնում մերկապարանոց դեկորատիվության, այլ խթան է հանդիսանում արվեստագետի երեւակայության ծավալմանը ինչպես դիմաքանդակներում («Դերասանուհի Հենրիետ Պասկար»), այնպես էլ թեմատիկ («Հաղթանակ») հորինվածքներում եւ անիմալիստական քանդակներում։
Ինչպես Շահինը, Գառզուն եւ Գյուրջյանը, այնպես էլ Ժանսեմը կարողացավ արդիական արվեստի հոսանքների, արդիականության մոլուցքով տարված խմբավորումների ոլորտում «արդիականը» գտնել իր ինքնության մեջ։ Ճիշտ է, Ժանսեմն ընտրել էր իր ճանապարհը` ուղեցույց ունենալով անցյալի վարպետներին, մանավանդ` Բրեյգելին, Գոյային եւ Դոմիեին, սակայն մեծապես ոգեշնչվել էր նաեւ նոր ժամանակների արժեքներով, որոնց խմորումից էլ քաղել էր իր սեփական մտածողությունը։ Ժանսեմի եւ՛ գեղանկարչական, եւ՛ գրաֆիկական գործերում մենաշնորհը գծանկարինն է, որը կերպավորում է մարդկանց դալուկ դեմքերն ու աչքերի խորշոմները, նիհար մարմինների ու աղքատիկ հագուստների ուրվագծերն ու ծավալները, որոնք միշտ ջղաձիգ են եւ ներազդող եւ հաստատում են Ժանսեմին որպես միզերաբլիար (թշվառների նկարիչ), ինչպես բնորոշել է նրան ֆրանսիական տեսաբանությունը։