Մսագործի նման իր գործն արեց ու փախավ

12/10/2006

«Ես ամոթ եմ ապրում: Ամոթ ինձ համար, որ ես անօգնական գետնին պառկած օգնություն էի հայցում: Ամո՛թ այս երկրի համար, որի մեջ մենք ապրում ենք, երբ մարդ ասած արժեքը ոչ մի նշանակություն չունի: Ամո՛թ եմ ապրում բոլոր արժանի եւ ոչ արժանի գեներալների համար, իմ մարտական ընկերների համար, ովքեր կարող են հանդուրժել, որ վաստակ ունեցող գեներալի նկատմամբ մի ստահակ, որի նկատմամբ անգամ չարություն չունեմ, կարող է այսպես վարվել: Ուղղակի հենց այնպես, մսաղացի նման»,- երեկ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, գեներալ Սուրեն Աբրահամյանը, ով կիրակի առավոտյան իր տան բակում հարձակման է ենթարկվել ինչ-որ սափրագլխի կամ սափրագլուխների կողմից: Հաշվի առնելով վերջին օրերին Անդրանիկ Մարգարյան-Սուրեն Աբրահամյան հեռակա բանավեճը, «Հանրապետությունում» չեն բացառում, որ այն կարող է պատվիրված լինել հենց Ա. Մարգարյանի կողմից: Ի պատասխան հնչած մեղադրանքներին, երեկ կառավարության լրատվական ծառայությունից փոխանցեցին վարչապետի պատասխանը. «Իշխանություններին միշտ էլ քննադատում են, այն էլ` ընդդիմության մակարդակով: Իմ պաշտոնավարման շրջանում այդ քննադատությունները, ավելի հաճախ` սեւ տեխնոլոգիաների կիրառումը, որն առանձին դեպքերում նաեւ էթիկայի սահմաններից դուրս էր գալիս, պարբերաբար եղել է: Հատկապես նախընտրական շրջանում ավելի համակարգված եւ ուղղորդված բնույթ է կրել: Սակայն իմ քաղաքական մրցակիցների կամ հակառակորդների նման կեցվածքին ես միշտ հանգիստ եմ վերաբերվել եւ երբեք չեմ իջել այդ մակարդակին: Չեմ ցանկանում հետեւություններ անել, թե հերթական անգամ ով եւ ինչ նպատակ է հետապնդում` օգտագործելով այդ անձի կողմից հրապարակ նետված ինչ-ինչ մտքեր: Սակայն կարծում եմ, որ մամուլն այդ խայծը կուլ չի տա: ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ` ով էլ նա լինի, դատապարտելի է նման վերաբերմունքը»:

Կարդացեք Որ հետո չասեն՝ հետքերը Դավալու են տանում