«Սուրեն Աբրահամյանի նկատմամբ ոտնձգությունը` ոտնձգություն է նաեւ հակակրիմինալ շարժման նկատմամբ: Իշխանությունների գործելակերպը մնում է նույնը` ցույց տալ՝ ո՞վ է տանտերը»,- երեկ հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա նաեւ հայտարարեց, թե պատրաստ են ցանկացած քայլի, որը կթելադրի «Հանրապետություն» կուսակցությունը՝ հայտարարությունից մինչեւ պատասխան ծեծ: «Իսկ ո՞ւմ են ծեծելու, եթե չգիտեն, թե ով է ծեծել Ս. Աբրահամյանին» հարցին նա պատասխանեց. «Ում բռնենք»: Նա դժվարացավ ասել, թե ո՞վ կարող է կազմակերպած լինել Ս. Աբրահամյանի նկատմամբ բռնությունը, սակայն նշեց. «Փաստն այն է, որ ծեծը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ս. Աբրահամյանն ասաց, որ եթե վարչապետը կրիմինալի անուն է ուզում, իրենից էլ լավ կրիմինա՞լ»: Սակայն Ա. Կարապետյանը չի կարծում, թե «վարչապետն այնքան հիմար կարող է լիներ», որ Ս. Աբրահամյանի հայտարարությունից անմիջապես հետո պատվիրեր նրան ծեծել: ՆԺԿ ղեկավարը նաեւ չի բացառում, որ իրավիճակից կարող էին օգտվել երրորդ ուժեր՝ կազմակերպելով Ս. Աբրահամյանի ծեծը: