Կրակոցներ Ախալքալաքում

12/10/2006

Երեկ առավոտյան հետընտրական լարված իրավիճակ է ստեղծվել Ախալքալաքում: Շրջանում համամասնական կարգով ընտրություններին մասնակցող «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությանը միացած «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինք հասարակական կազմակերպության ներկայացուցիչները որոշել են շրջանային ընտրական հանձնաժողովում ստուգել ընտրությունների արդյունքները: «Ա-Ինֆո»-ի փոխանցմամբ՝ շրջանային ընտրական հանձնաժողովի մոտ ընդդիմադիրներին դիմավորել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները: Անմիջապես տեղի է ունեցել ընդհարում, որի ընթացքում օգտագործվել է նաեւ հրազեն: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը փորձել է հանդարտեցնել կրքերը: Արդյունքում ծեծի է ենթարկվել նաեւ շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը: Հրազենից վիրավորվել է նաեւ մեկ երիտասարդ, որին տեղափոխել են ՀՀ Աշոցքի հիվանդանոց: Ի դեպ, «Միասնական Ջավախքի» ներկայացուցիչներն իրենց բողոքի միջոցառումը լուսաբանելու համար նախապես Ջավախք են հրավիրել վրացական մի շարք լրատվամիջոցների: «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինք հասարակական կազմակերպությունը երեկ դիմել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին՝ հոկտեմբերի 5-ին Ախալքալաքի շրջանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չեղյալ հայտարարելու առաջարկով: Նրանք համոզված են, որ այդ ընտրությունները կեղծվել են: