Ինչո՞ւ է աղմկում «Օրինաց երկիրը»

12/10/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Վանաձորի «Միգ» հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե հիմնական դժգոհությունը «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցից եղել է իր գործընկեր «Լոռի» հեռուստաընկերության հասցեին հնչեցրած զրպարտանքները:

Ըստ Ս. Հարությունյանի, դրա համար է ինքն Ա. Բաղդասարյանին խնդրել հեռարձակելուց առաջ վերանայել այդ հատվածները: Ս. Հարությունյանի պատճառաբանմամբ, հենց դրա համար է ինքը հրաժարվել այն ցուցադրել անգամ «վճարովի եթեր» լուսագրի տակ` զրկվելով նաեւ ստացվող գումարից: «Պիտի անպայման մայր հայհոյեն, որ ասենք զրպարտե՞ց»,- մեզ հետ զրույցում ասել էր Ս. Հարությունյանը:

Մինչ Վանաձորի «Միգ» հեռուստաընկերություն հասնելը, «Օրինաց երկրի» «Օրինաց երկիր» պաշտոնաթերթն արդեն «Լոռի» հեռուստաընկերությանը բավական կոշտ անդրադարձել էր` այն անվանելով «իշխանությունների կրնկի տակ գտնվող ու նրանց թերմացքներով սնվող» լրատվամիջոց: Պատճառը` Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնում Արթուր Բաղդասարյանի հանդիպման մասին պատմող հեռուստառեժորտաժն է եղել, ուր ասվել է, թե` «Վերջին շրջանում ՕԵԿ նախագահը եւ նրա գործընկերները բարձրագոչ ու պաթետիկ հայտարարություններ են անում այն մասին, որ ՀՀ-ում ծաղկում է կոռուպցիան, կաշառակերությունը, իշխանության օղակների ու քրեական տարրերի սերտաճումը, որ այդ երեւույթները հոգնեցրել են ժողովրդին, որ պետք է ազգովին դեմ դուրս գանք «զոռբայությանը» ու պարզապես հիշեցրել են, որ բոլորովին վերջերս, երբ ՕԵԿ-ը դեռ իշխանության էր ու Ա. Բաղդասարյանն էլ ԱԺ նախագահ, ինչ օբյեկտների ու տարածքների տիրացան ՕԵԿ-ականներն ու մասնավորապես Արթուր Բաղդասարյանը: «Լոռու «լրագրողներին» մտահոգել է «Օրինաց երկիր» կուսակցության շենքը մայրաքաղաքի Աբովյան փողոցում: ՕԵԿ-ը մի քանի տասնյակ հազար կուսակից ունի, որոնք անդամավճարներ են մուծում, քիչ չեն եղել այն կուսակցականները, ովքեր ներդրումներ են կատարել, տարբեր միջազգային «գրանտներ» կան, որոնցից կարող էր օգտվել «Օրինաց երկիրը»: Հետաքրքրվողները, որոնք զարմանալի «ճշգրտությամբ» են հաշվարկներ անում, կարող էին հետաքրքրվել, իմանալ…»,- հակադարձել էր ՕԵԿ պաշտոնաթերթը:

«Այսինքն` ՕԵԿ-ը, որ հիմա դժգոհում է, թե իրենց արգելում են ազատ խոսքի իրավունքից, մոռանում է, որ այն, ինչ արել է «Լոռի» հ/ը-ն` նույնպես տեղավորվում է ազատ խոսքի շրջանակներում»,- ասում են «Լոռի» հեռուստաընկերության աշխատակիցները: Իսկ նրանք ասել են, որ կոռուպցիայի, կաշառակերության, ֆինանսական կեղծարարությունների դեմ բավականաչափ ակտիվ կերպով հակաքարոզչություն իրականացնող «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ նրա նախագահ Ա. Բադդասարյանը իշխանության մեջ գտնվելու տարիներին` 2003-2006թթ. «ոչ միայն անմասն չեն եղել կոռուպցիայից եւ կեղծարարությունների միջոցով մեծ չափերի հասնող եկամուտներ ստանալուց, անշարժ գույք ձեռք բերելուց, այլ նաեւ հետեւողականորեն օգտվել են բոլոր հնարավորություններից դրան հասնելու համար»: Նշենք, որ «Լոռի» հ/ը վերոնշյալ ռեպորտաժում բավական հիմնավորված փաստարկներ է նշել մասնավորապես Երեւան քաղաքի կենտրոնում` Աբովյան 43 հասցեում գտնվող ՕԵԿ 8 հարկանի հսկա նորակառույց կենտրոնական գրասենյակի վերաբերյալ: Նշել է, որ այն վերանորոգված է եվրոպական թանկ շինանյութով, եւ որ ներսի կահավորանքը նույնպես եվրոպական է: Իսկ դրա շուկայական արժեքը 3-4 մլն ԱՄՆ դոլար է: Հաշվի առնելով ՕԵԿ, մեղմ ասած, դժգոհություններն այդ ռեպորտաժից, մենք նույնպես փորձեցինք որոշակի մանրամասներ պարզել ՕԵԿ կենտրոնական նորակառույց եվրո գրասենյակի շինության մասին: Արդյունքում բավական ուշագրավ տվյալներ ձեռք բերեցինք: Իրականում ճիշտ էր «Լոռի» հեռուստաընկերությունն` ասելով, որ ՕԵԿ վերոհիշյալ կենտրոնական գրասենյակի համար հողահատկացումը եւ դրա շինարարությունն իսկապես իրականացվել է 2004-2006թթ., երբ Ա. Բաղղասարյանն Աժ նախագահն Էր: Նաեւ ճիշտ է Ա. Բաղդասարյանը, որ ասում է, թե իրենք երբեք իշխանության մեջ եղած ժամանակ էլ չեն դադարել իշխանություններին քննադատելուց: Պարզապես նրանք մի կողմից ԱԺ ամբիոնից քննադատում էին ՀՀ կառավարության գործունեությունը տարածքների սեփականաշնորհման համար, մյուս կողմից` նույն ընթացքում` սեփականաշնորհում այս տարածքը: Այսինքն` ԱԺ ամբիոնն օգտագործում էին ժողովրդին հաճոյանալու համար, իսկ ՕԵԿ ղեկավարությունն այդ ընթացքում «հասել» է նրան, որ Երեւանի քաղաքապետարանի 28.09.2004թ. թիվ 1888-ա որոշման համաձայն` Երեւանի Գյուղակադեմիայի երկու մասնաշենքի մեջտեղում գտնվող 520 քմ տարածքն անհատույց տրվել է «Օրինաց երկիր» կուսակցությանը, որն այնուհետեւ դարձրել են կենտրոնական գրասենյակը: Բավականաչափ արագ ՕԵԿ ղեկավարությունը սկզբում պայմանագիր է կնքել «Էպալ» ԲԲԸ-ի հետ, որը իրականացրել է շինության նախագծային աշխատանքը: Որոշ ժամանակ անց ՕԵԿ-ն իր շենքը կառուցելու համար պայմանագիր է կնքել «Ուրբան» ՍՊԸ-ի հետ, որը մոտ մեկ տարի ժամկետում` հիմնականում առանց ցույց տալու շինարարության վրա ծախսված հսկայական ֆինանսական միջոցների իրական հոսքերը, խուսափելով հարկային բազմաթիվ մուծումներից (բնականաբար ՕԵԿ ղեկավարության հովանավորությամբ) շահագործման է հանձնել շենքը: Շենքը եւ նրա հարակից բոլոր օժանդակ հարմարությունները գտնվել են ՕԵԿ տրամադրության տակ որպես նրա սեփականություն այնքան ժամանակ` մինչեւ ՕԵԿ նախագահ Ա. Բաղդասարյանը հրաժարական չի տվել Աժ խոսնակի պաշտոնից: Աժ նախագահի պաշտոնից հրաժարականից մեկ ամիս հետո, 28.06.2006 թ. որպես կատարված շինարարական աշխատանքների դիմաց վարձատրություն` ՕԵԿ ղեկավարությունը շենքի մեծ մասը` 1-ից մինչեւ 4-րդ եւ 7-րդ ու 8-րդ հարկերը 2200,13 քմ. ընդհանուր մակերեսով նույն օրը ստորագրված թիվ 5932 նոտարիատի պայմանագրով որպես նվիրատվություն` սեփականության իրավունքով փոխանցել է «Ուրբան» ՍՊԸ-ին: ՕԵԿ գրասենյակին որպես սեփականություն փաստաթղթային ձեւակերպմամբ մնացել են 5-րդ եւ 6-րդ հարկերը: Սկզբում չհասկացանք, թե ինչի համար էր այս բարեգործությունը, սակայն պարզվեց` իրականությունը բոլորովին այլ է, ինչն էլ ապացուցում է, որ ՕԵԿ ղեկավարությունը փորձել է խաբել ոչ միայն պետությանը, այլեւ ՕԵԿ ղեկավարներից շատերին եւ անդամներին, որոնք գրեթե մինչ այժմ տեղյակ էլ չեն վերը նշված պայմանագրի մասին: Փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ է ՕԵԿ նախագահը եւ նրա մերձավոր շրջապատը այդքան բարի գտնվել «Ուրբան» ՍՊԸ-ի նկատմամբ: Բանն այն է, որ «Ուրբան» ՍՊԸ- ի (իրավաբանական հասցեն Բագրատունյաց 18-86) նախագահ Սերյոժա Արտավազդի Մխիթարյանը հանդիսանում Է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի թիկնազորի պետ, նրա մորաքրոջ որդի, ՕԵԿ նախագահի վստահված եւ մերձավոր մարդկանցից մեկի` Աբրահամ (Աբո) Ռուբենյանի աները: Ա. Ռուբենյանը, մշտապես գտնվելով Ա. Բաղդասարյանի կողքին, տնօրինել եւ համակարգել է Ա. Բաղդասարյանին ու նրա ընտանիքին պատկանող տնտեսական ոլորտի գործառույթները, ֆինանսները, այդ թվում սկզբից մինչեւ վերջ վերահսկել է ՕԵԿ կենտրոնական գրասենյակի կառուցման աշխատանքները: ՕԵԿ նախագահը հենց Ա. Ռուբենյանի եւ նրա կապերի միջոցով ստեղծելով «Ուրբան» ՍՊԸ-ն` սկզբից այդ

ՍՊԸ-ի միջոցով «լվացման է ենթարկել» ՕԵԿ-ին պատկանող անհայտ ծագումով մեծ չափերի ֆինանսները, դրանք ներդնելով շինարարության մեջ, իսկ հետագայում վախենալով, որ ՕԵԿ-ից հեռացված տարբեր գործարարներ, անհայտ անձինք եւ անդամներ կարող են պահանջել ՕԵԿ-ի գրասենյակի շինարարության համար ՕԵԿ ղեկավարի պարտադրանքով նախկինում հանգանակված գումարները, շենքը «ապահովագրել է», տալով փաստացի իրենց պատկանող ՍՊԸ-ին: Բացի այդ, ՕԵԿ ղեկավարները դրանով փորձել են հասարակական քարոզչությունից եւ պետության նկատմամբ տարբեր պարտավորություններից ազատել ՕԵԿ-ին:

ՀՀ Կառավարության, երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի եւ կադաստրի վարչությունում մեր ունեցած աղբյուրներից էլ ճշտեցինք, որ Երեւանի քաղաքապետարանի 28.09.2004թ. թիվ 1888-Ա որոշումը ՕԵԿ-ին 520 քմ հող հատկացնելու վերաբերյալ կատարվել է օրենքի կոպիտ խախտումով, քանի որ այդ որոշման հիմքը հանդիսացող ՕԵԿ-ի հայտը եւ Գյուղակադեմիայի գրավոր համաձայնությունը բավարար չէին այդ որոշման կայացման համար: ՀՀ Կառավարության 2002թ. ապրիլի 27-ի թիվ 471 որոշումով, ՀՀ Գյուղակադեմիան ճանաչվել է որպես ոչ պետական ոչ առեւտրային կազմակերպություն եւ նրան ամրագրվել է գույք, հողատարածք: Իսկ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` պետական ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրագրված գույքը կամ հողատարածքն օտարել, անհատույց հանձնել: Նման իրավունք ունի միայն պետական ոչ առեւտրային կազմակերպության հիմնադիրը` այսինքն ՀՀ Կառավարությունը: Փաստորեն` Գյուղակադեմիան չէր կարող առանց կառավարության թույլտվության համաձայնություն տալ հողատարածքի օգտագործման համար. դա պետք է արվեր միայն եւ միայն ՀՀ Կառավարության որոշմամբ: Այս դեպքում ՕԵԿ-ն ու Գյուղակադեմիան փոխադարձ պայմանավորվածությամբ շրջանցել են ՀՀ Կառավարությանը, իսկ քաղաքապետարանը չգիտես ինչու «չի նկատել» այս օրինախախտումը: Սրանից ելնելով` կարելի Է փաստել, որ Երեւանի քաղաքապետարանի 28.09.2004 թ. թիվ 1888-ա որոշումը եւ դրան հետեւած պայմանագիրը իրականացվել է խախտումով եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305 հոդվածի համաձայն կարող է անվավեր ճանաչվել: Անվավեր կարող է ճանաչվել նաեւ «Ուրբան» ՍՊԸ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ 2005թ. հունիսի 25-ին կնքված պայմանագիրը շինարարություն իրականացնելու վերաբերյալ, որը նոտարական գրանցումից հետո Անշարժ գույքի եւ կադաստրի կոմիտեում չի գրանցվել:

Իրավաբաններից մեկը մեզ նաեւ տեղեկացրեց, որ առոչինչ կարող է ճանաչվել ՕԵԿ եւ «Ուրբան» ՍՊԸ-ի միջեւ 28.06.2006թ. կնքված պայմանագիրը, որով ՕԵԿ-ը որպես նվիրատվություն «Ուրբան» ՍՊԸ-ին տվել է շենքի մի զգալի մասը սեփականության իրավունքով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ սահմանվում է, որ գույքի հանդիպական պարտավորության դեպքում պայմանագրով տվածը նվիրատվություն չի համարվում (այս դեպքում դա առկա է)` նվիրատվություն տրվում է անհատույց, ոչ թե կատարված աշխատանքի դիմաց: Փաստորեն դրանով ՕԵԿ-ն ու ՍՊԸ-ն խուսափել են կնքել փոխադարձ առք ու վաճառքի պայմանագիր, քանի որ այդ դեպքում պետբյուջե կմուծեին խոշոր չափերի հարկեր:

ՕԵԿ գրասենյակի տարածքի մեծ մասը տալով «Ուրբան» ՍՊԸ-ին, ՕԵԿ-ը ներկայումս էլ շարունակում Է փաստացիորեն տնօրինել կուսակցության գրասենյակը, ՕԵԿ նախագահի աշխատասենյակը գտնվում Է իրավաբանորեն «Ուրբան» ՍՊԸ-ին պատկանող 7-րդ հարկում, ՕԵԿ-ի կողմից ՍՊԸ-ին իրավաբանորեն պատկանող 1-ին հարկում բացվել է «Ջազ» ակումբ: Ըստ էության, ՕԵԿ ղեկավարներն իրենք իրենց իրականացրել են ՕԵԿ-ի կողմից «Ուրբան» ՍՊԸ-ին շենքի նվիրատվությունը, իսկ դա վկայում է նաեւ այն, որ 28.06.2006թ. նվիրատվության պայմանագրի համար որպես հիմք ծառայել է 29.06.2006թ. (1 օր ուշացումով) ինչ-որ կեղծ պայմանագիր(նվիրատվության պայմանագրում ֆիքսված չէ, թե ով է վճարել շենքի կադաստրի արժեքը` 9.906 մլն դրամը): Դրա կարիքը հավանաբար չի եղել, քանի որ ՕԵԿ ղեկավարները վստահ են, որ «Ուրբան» ՍՊԸ կոչվածն իրենց ստեղծած տնտեսվարող սուբյեկտն է, որը որոշ ժամանակ անց կարող է լուծարվել եւ նույն հաջողությամբ իր սեփականությունը հանդիսացող տարածքները նորից իրավաբանորեն նվիրատվության կարգով թողնել ՕԵԿ-ին:

Այնպես որ` որքան մոտենում են նախընտրական գործընթացները, այնքան շատանում են միմյանց դեմ ի հայտ եկող փաստերը, որոնք տեղի են ունեցել դեռեւս տարիներ առաջ, սակայն ամեն կերպ փորձել են այդ ամենը թաքցնել հանրությունից: Ահա թե ինչու էր ՕԵԿ-ն ամեն կերպ ջանում Վանաձորի «Միգ» հեռուստաընկերությամբ պատասխանել «Լոռի» հեռուստաընկերությանը, որն այս ամենը հեռարձակել էր, ու Լոռիում բոլորը տեսել ու խոսում էին հենց այդ ռեպորտաժի մասին: