Հակոբ Հակոբյանը ձերբակալված է

12/10/2006

Նախօրեին ձերբակալվել է Էջմիածնի թիվ 26 ընտրատարածքից մեծամասնական կարգով Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, պատգամավորը մասնակցել է «զենքի գործադրմամբ խուլիգանության», ինչի մասին ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժնում: Կայանի տարածքում պայմանագրային կարգով ծառայություն իրականացնող «ՀՀ Ֆուլ-կոնտակտ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը, նույն ֆեդերացիայի մարզիչ Էդգար Պողոսյանը, եւ Հակոբյանի վարորդ Սերյոժա Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է «Վինչեստեր» տիպի հրացան։ Փաստի առթիվ Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը Հայաստանի գլխավոր դատախազի հանձնարարությամբ շարունակվում է ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչության վարույթում։ Պատգամավորն այժմ գտնվում է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության, Հակոբ Հակոբյանն «իր թիկնազորի անդամների հետ 2006 թվականի հոկտեմբերի 8-ին` ժամը 18-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղի մոտ գտնվող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաբաշխիչ կայանի տարածքում զենքի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է գազաբաշխիչ կայանի անվտանգությունն ապահովող եւ Հակոբյանին պատկանող գազալիցքավորման կետերի կողմից ապօրինի գազօգտագործումը կանխող անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ: Միջադեպի ընթացքում չորս անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց»: Պարզվում է, որ ԱԺ ղեկավարությունը պատգամավորի ձերբակալման մասին չի տեղեկացվել, ինչպես պահանջում է Սահմանադրությունը: Համաձայն գործող օրենսդրության` Աժ պատգամավորը ձերբակալված կարող է մնալ առավելագույնը 72 ժամ: