Հոկտեմբերի 9-ին ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանամերձ գոտու բնապահպանական իրավիճակի գնահատման ԵԱՀԿ առաքելության անդամներին: Մ. Մայիլյանը դժգոհել է, որ հրդեհների հարցի առնչությամբ մոնիտորինգների անցկացումից ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի պատրաստած հաշվետվությունից հետո Ադրբեջանը հարցը տեղափոխել է ՄԱԿ: Նա նաեւ դժգոհել է, որ վերջերս հրդեհների հարցերով Վիեննայում անցկացված քննարկումներն անցել են առանց ԼՂՀ ներկայացուցիչների: «Դուք գիտեք, որ տվյալ մոնիտորինգը համարյա անկման եզրին էր գտնվում, եւ այն կայացավ մեր ջանքերի շնորհիվ: Սակայն ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի տակ է գտնվում Լեռնային Ղարաբաղի տարածքների 15%-ը՝ Մարտունու շրջանի արեւելյան մասը, Մարտակերտի շրջանի հյուսիս-արեւելյան մասը, ողջ Շահումյանի շրջանը: Մենք ցավում ենք, որ միջազգային փորձագետները չեն գնում Շահումյանի շրջանի տարածքներ, քանի որ մեզ շատ է մտահոգում այնտեղ ստեղծված բնապահպանական վիճակը: մեր տվյալներով, այնտեղ անտառների մասսայական հատում է իրականացվում, հրդեհներ են լինում»,- նշել է Մ.Մայիլյանը: