Կիրակի օրն առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում իր տան մոտակայքում հարձակման է ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար, նախկին քաղաքապետ, գեներալ Սուրեն Աբրահամյանը: «Հանրապետություն» կուսակցությունում կատարվածը համարում են հրահանգված գործողություն եւ քաղաքական հաշվեհարդարի ու ահաբեկման ակտ` առաջարկելով պատվիրատուին փնտրել «իշխանության կրիմինալ վերնախավում»: Կուսակցությունում հրավիրված երեկվա ասուլիսին ներկա էր նաեւ Սուրեն Աբրահամյանը:
Հարվածը պրոֆեսիոնալ էր ու շեշտակի
Սուրեն Աբրահամյանը պատմեց, որ սովորաբար ինքն առավոտյան զբոսանքի է դուրս գալիս իր թոռնիկի հետ, բայց, բարեբախտաբար, այդ օրը մենակ է եղել: «Նույնիսկ իմ պաշտոնավարման ժամանակ ես քաղաքում մենակ եմ շրջել: Ինձ կարող էին ավելի հարմար տեղ բռնացնել, բայց սեփական փողոցում… Անպատժելիության, սանձարձակության, լկտիության դրսեւորում էր. ուզում էին ասել, որ մենք կարող ենք այստեղ էլ նման բան անել: Այդ ամբողջ գործողության ընթացքում մսագործի նման նա իր գործն էր անում»,- ասաց Ս. Աբրահամյանը` նկատելով, որ հարվածը բավական մարզված ու շեշտակի էր: «Միամիտ կամաց թիկունքիս ձեռք տվեցին, ու ես ժպիտը դեմքիս շրջվեցի, դրան հետեւեց հարվածը (հարվածը մի փոքր է քունքից հեռու եղել: -Լ.Ս.): Ինձ թվաց հենց այդ մի հարվածից ես տապալվեցի, որովհետեւ խփողը շատ մարզված ու պրոֆեսիոնալ էր: Տարիքը` տարիք, բայց մի հարվածով ինձ տապալելն էլ այնքան հեշտ չէ: Բայց ականատեսներից մեկն ասաց, որ ես երկրորդ հարվածից եմ ընկել, որովհետեւ առաջին հարվածի ժամանակ, այսպես ասած, «նոկդաունի» մեջ եմ եղել եւ երկրորդ հարվածից տապալվել եմ: Հետո փորձ արեցին քացիներով հարվածել, ես էլ, իբր, ոտքերով-ձեռքերով պաշտպանվում էի: Վնասվածքները ոտքերիս վրա էլ կան: Բայց հետո, ճիշտն ասած, ամոթս մի կողմ թողեցի ու օգնություն կանչեցի, մարդիկ այս կողմից, այն կողմից եկան, ու դրանք փախան: Երեւի 3 րոպե տեւեց այդ ամենը: Ասում են` երկու հոգի են եղել, իսկ երրորդը մեքենայի մեջ է սպասելուց եղել: Ընկած պահին միայն ինձ խփողին տեսա: Ամբողջությամբ ուղեղս չմթագնեց ու որոշ չափով կարողացա դիմանալ ու մեկի դեմքը տեսա. ոտքից գլուխ սեւ հագնված, բավական թիկնեղ, ինձանից մի գլուխ բարձր տղա էր, իր գործն արեց, զգուշացրեց, որ` կգնաս ներողություն կխնդրես ու փախավ»,- պատմում էր Սուրեն Աբրահամյանը:
Թող ապացուցի, որ պատվիրատուն ինքը չէ
«Հանրապետություն» կուսակցությունում վստահ են, որ Ս. Աբրահամյանի դեմ կատարված ոտնձգությունը պայմանավորված է վերջին շրջանում Ս. Աբրահամյանի կողմից արված հրապարակային հայտարարություններով: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակման, Ս. Աբրահամյանն իբր ի պատասխան Անդրանիկ Մարգարյանի հորդորին, թե` թող կրիմինալի մեկ անուն տան, ասել էր. «Իրենից էլ լավ անուն»: Դրան էլ հաջորդել էր վարչապետի պատասխանը, թե ինքը Սուրեն Աբրահամյան անունով մարդ չի ճանաչում: Լրագրողների հարցին` մի՞թե պատվիրատուն այդքան պարզունակ է, որ անմիջապես այդ հայտարարություններից հետո դիմի նման քայլի, եւ արդյոք չե՞ն կարծում, որ կարող է լինել երրորդ ուժի կողմից արված սադրանք ընդդեմ վարչապետի, որպեսզի հետքերը տանեն դեպի վարչապետ, կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը պատասխանեց. «Կարող է քողարկել ոչ միայն կասկածյալին, այլեւ պատվիրատուին` շեղելով ուղղությունը (նկատի ունի սափրագլխի զգուշացումը, թե` կգնաս ներողություն կխնդրես: -Լ.Ս.): Մեզ մոտ երկրորդ կարծիք չկա, որ դա Ս. Աբրահամյանի վերջին մերկացուցիչ հայտարարությունների հետ է կապված: Եթե նրանք ցանկանում են իրենցից հեռու վանել կասկածները, ապա նրանք ունեն բոլոր լծակները, որպեսզի օրը ցերեկով ականատեսների ներկայությամբ կատարված հանցագործությունն արագ բացահայտվի»: Նույն տեսակետն ունի նաեւ Ս. Աբրահամյանը. «Անկախ նրանից` ինքն է պատվիրատուն, թե ոչ, պատասխանատուն ու մեղավորը վարչապետն է: Միանշանա՛կ: Եթե անգամ երրորդ ուժն իր նկատմամբ որոշակի քայլեր անելու համար կազմակերպել է այս սադրանքը, ապա ի տարբերություն մյուս սուբյեկտների, Ա. Մարգարյանն այսօր իշխանություն է, եւ կարող է փոքր ջանք գործադրել, հանցագործին ձերբակալել ու ձերբազատվել իմ կողմից նրա նկատմամբ անհիմն մեղադրանքներից: Համենայնդեպս, ես հասկացա, որ այն գործողությունները, որ նրանք սկսել են այս գործի բացահայտման ուղղությամբ` հեռանկար չունի: Այս ոտնձգությունը կատարվել է ՆԳ նախկին նախարարի, գեներալ Աբրահամյանի նկատմամբ: Բայց դեպքի վայր են եկել բաժնի Քրեական հետախուզության վարչության պետը, «ամենամեծ» պետական չինովնիկը, որ բարեհաճել էր գալ հետաքրքրվելու, թե ինձ ոնց են խփել` բաժանմունքի պետն է եղել: Այս նկատառումներից ելնելով` ես, ինչու չէ` նաեւ իմ մտահոգությունն եմ հայտնում: Ամեն ինչ իր ձեռքին է: Թող ինքը երկու լավ բան անի` բացահայտի, ցույց տա, որ ինքը չի պատվիրատուն, իրեն չեն հաճոյացել դա անելու համար, կամ երրորդ ուժերը չեն հորինել այս սադրանքը, եւ երկրորդ` կիմանա իր իրական թշնամուն: Իսկ թշնամին Աբրահամյանը չէ, իր մոտ կանգնած մարդիկ են»:
Վարկած
Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարեց, որ չնայած իշխանությունների կողմից իրականացվող բռնություններին, իրենք իրենց գործունեությունը շարունակելու են բացառապես քաղաքական պայքարի շրջանակներում: Նա չբացառեց այն վարկածը, որ ինչ-որ մեկը կարող է Անդրանիկ Մարգարյանի հետ հաշվեհարդար տեսնելու փորձ անել ու հետո հայտարարել, թե` «հետքերը տանում են Դավալու»: Այսինքն` հայտարարեն, թե այս «հակամարտության» վերջը եղավ Ա. Մարգարյանի դեմ ոտնձգությունը: «Եթե իշխանությունները մեր գործողություններից վախեցած փորձում են մեզ որոշակի քայլերի հրահրել` չի՛ ստացվելու: Իզուր մի՛ փորձեք, հստակ ծրագրավորված է, եւ մենք մեր գործերը կանենք ճիշտ ժամանակին ու միայն քաղաքական ճանապարհով,- ասաց Արամ Սարգսյանը` ավելացնելով,- Եթե ձեզանից որեւէ մեկին, որին դուք ավելորդ կհամարեք եւ իր մուտքում կծեծեք, չասեք, թե հետքերը բերում են Դավալու: Մենք այդ ճանապարհով չենք գնալու, եւ մեր զգուշացումը սա է: Իսկ որ դուք ձեր մեջ բազմաթիվ ավելորդ մարդիկ ունեք, որոնց դուք ուտող բերան եք համարում, որոնց քաղաքական առումով աննպատակահարմար եք համարում ու նրանց հետ ապագա չեք տեսնում` միանշանակ է: Բայց նրանք ուզում են մեզանով հրահրել, որպեսզի մենք հիմա փորձենք գործընթացներ ու քայլեր կատարել, որ փորձեն վիժեցնել մեր ծրագրերը` չի ստացվելու»: Արամ Սարգսյանը նաեւ հիշեցրեց հոկտեմբերի 27-ը` ավելի կոնկրետացնելու համար իր մատնանշած վարկածը. «Վարչապետ Վազգեն Սարգսյանին սպանեցին խորհրդարանում: Ոչ ոք չի կարող ասել, թե նույն բանը չի կարող կրկնվել Անդրանիկ Մարգարյանի հետ իր տան բակում, հետո էլ հետքերը բերեն Դավալու: Իմ ասածի իմաստը սա է: Կա նաեւ նման վարկած, նման տարբերակ, դրա համար էլ ի սկզբանե ասացինք, որ մենք նման տարբերակի չենք գնալու: Եթե իրենք խնդիրների լուծումն այդպես են տեսնում, մենք նրանցից տարբերվում ենք նրանով, որ մենք պետություն ենք տեսնում: Դրա համար ենք ասում, որ դատարանով է ամեն ինչ բացվելու»: Ա. Սարգսյանը չբացառեց լրագրողի դիտարկումը, թե Ս. Աբրահամյանի դեմ կատարված ոտնձգությունը կարող է սադրանք լինել երրորդ ուժի կողմից` ակնկալելով, որ Անդրանիկ Մարգարյան-Սուրեն Աբրահամյան հեռակա բանավեճից հետո այն կարող է ընկալվել որպես հաշվեհարդար Ս. Աբրահամյանի նկատմամբ: «Չեմ բացառում: Շատերն են այսօր ուզում, որ մեր այսօրվա կռիվը տեղափոխվի «Հանրապետություն»-վարչապետ դաշտ: Չէ, չի՛ լինելու: Վերեւում մարդ կա, ու մեր կռիվն իր հետ է»,- ասաց նա:
Հ.Գ. Ս. Աբրահամյանը հայտարարեց, որ իրեն իրենց զորակցությունն են հայտնել գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը: Անձամբ զանգահարել է նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանը: Սակայն իր մարտական, գեներալ ընկերներից եւ ոչ ոք չի արձագանքել կատարվածին: «Երեւի դեռ չգիտեն,- հեգնեց Ս. Աբրահամյանը` կատակելով,- Ճիշտն ասած, մեր տան կողմերը տանկ-մանկ, ուղղաթիռ չտեսա: Իրենց հետ կապված որ բան է լինում` դրանք ոտքի են հանում, չէ՞: Բայց չգիտեմ` իմ հետ կապվածի համար դրանով կգա՞ն, թե՞ չէ»: