Մեր նյութերն ո՞ւր էր տանում

12/10/2006

Երեկ հրավիրած ասուլիսում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն` անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի` իր հասցեին հնչեցրած` ապօրինի զենք եւ զինամթերք պահելու, թմրամիջոցներ օգտագործելու, մաքսանենգության հետ առնչություն ունենալու մասին մեղադրանքներին, ասաց. «Եթե ես թմրամոլ եմ, տանը զենք եմ պահում եւ որեւէ հարկ չեմ մուծել, ապա ես դիմում եմ Հայաստանի ղեկավարությանը եւ Գլխավոր դատախազին՝ թող իմ դեմ քրեական գործ հարուցեն: Եթե դա չի արվելու, ապա կարող եմ հայտարարել, որ դա պետական պատվեր է»: Նա վստահ է, որ Ուրիխանյանն աշխատանք է տարել իշխանության, հատկապես ուժային հատվածի հետ: Ա. Կարապետյանը պարզել է, որ Տ. Ուրիխանյանի ծրագիրը մշակել են Սերժ Սարգսյան-Սեյրան Շահսուվարյան-Տիգրան Ուրիխանյան եռյակը, իսկ կատարումը` Գորիկ Հակոբյան-Եպիսկոպոսյանինն է: «Ասացեք խնդրեմ. որեւէ քաղաքական կուսակցության ղեկավար ինչպե՞ս կարող է իմանալ, թե մյուս քաղաքական կուսակցության ղեկավարը Հայաստան մտնելուց ի՞նչ դեկլարացիաներ է լրացրել, ինչպիսի՞ գումարներ է բերել, եթե նա կապված չէ Ազգային անվտանգության, Ոստիկանության կամ Մաքսային ծառայության հետ»,- հարցնում է Կարապետյանը: Նա ԱԱԾ-ին կոչ է անում «հիմարություններ չանել»: ՆԺԿ ղեկավարի խոսքերով՝ իր հետ վարվում են խորհրդային ոստիկանության մեթոդներով. «Դնում են զենքը եւ թմրանյութն ու ասում են՝ ընտրեք»: Իսկ Կարապետյանն էլ, ինչպես կեսկատակ նշեց, ընտրում է զենքը: Եթե իշխանությունները չկատարեն իր պահանջները, ապա Կարապետյանը կպահանջի հրապարակել «արտաքին եւ ներքին գործակալների» ցանկը: Եթե սա էլ չանեն, ապա ինքն ընտրություններից առաջ, որոնք նրա կարծիքով` արտահերթ են լինելու, կհրապարակի այդ ցանկը: Այս պահին ՆԺ ղեկավարի ունեցած ցանկում կա 8 քաղաքական գործչի անուն, որոնց մեջ կան բարձրաստիճան պաշտոնյաներ: Նա տեղեկացրեց նաեւ, որ առաջիկա օրերին կհաստատվի հակակրիմինալ շարժման գործողությունների ծրագիր: Ըստ Ա. Կարապետյանի, հակակրիմինալ շարժումը հավանաբար քննարկումներ կկազմակերպի, կապված՝ «ՏԷՑ-ի կռուգի» եւ դոլար-դրամ փոխարժեքի հետ: Նա տեղեկացրեց նաեւ օրերս իր Մոսկվա մեկնելու հետ կապված որոշ մանրամասների մասին: Պարզվում է` Ա. Կարապետյանն օդանավակայանում ստուգման ժամանակ իր մոտ եղած թղթերը պատռել եւ նետել է ստուգողների վրա, քանի որ նրանք անհարգալից տոնով ասել են. «Եթե չթողես կարդանք, չենք թողի տանես»: Կարապետյանը նրանցից հետաքրքրվել է՝ բոլորի՞ն եք այդպես ստուգում. «Օրինակ՝ Սաշիկ Սարգսյանին ստուգո՞ւմ եք»: Իսկ այդ թղթերում եղել են հակակրիմինալ շարժման մասին ԶԼՄ-ների հոդվածների ռուսերեն թարգմանությունները: Ըստ նրա, եթե հաջորդ անգամ նման ցինիկ պահվածք լինի, ինքն ուժի կդիմի: