Սկսել են հայտնի վրացիներից ու վրացի երեխաներից

12/10/2006

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ակադեմիայում խախտումներ կան, բյուջեից հատկացված 2.1 մլն ռուբլին ոչ նպատակային էր օգտագործվել, եւ ակադեմիան ծրագրեր է իրականացնել` առանց մրցույթ հայտարարելու կամ մրցույթի սկզբունքներին ծանոթացնելով միայն սեփական կայքէջում եւ ոչ թե այլ ԶԼՄ-ներում, ինչպես պահանջում է կանոնադրությունը: Պարզվել է նաեւ, որ ակադեմիայում գոյություն ունեն այնպիսի պաշտոններ, որոնք նորմատիվ իրավական ակտերով նախատեսված չեն: «Հարվածենք մոսկվացի վրացիներին» կարգախոսով իրականացվող շարժումը մեծ թափ է հավաքում եւ ռուսների շրջանում երկրպագուներ է ձեռք բերում:

«Կեցցե Ռուսաստանը, որտեղ չկան վրացիներ, հայեր ու հրեաներ»,- նման լոզունգներով են հեղեղված ռուսական ինտերնետային ֆորումները, որտեղ տարբեր տարիքի ու զբաղմունքի տեր մարդիկ միահամուռ «Այո» են ասում նեոֆաշիստական շարժմանը: Այդ գործին ակտիվորեն միացել է Ռուսաստանի Ոստիկանությունը, որը սկսել է Վրաստանից Մոսկվա ժամանած ոչ լեգալ միգրանտների դեմ պայքարել՝ դպրոցներում սովորող երեխաների ցուցակները ստուգելով եւ ճշտելով նրանց իրական թիվը։ «Կոմերսանտ» թերթի հավաստմամբ՝ Ոստիկանությունը Մոսկվայի տարբեր դպրոցներ հաղորդագրություն է ուղարկել՝ պահանջելով իրենց մոտ սովորող վրացի երեխաների ազգանունները։ Այդ ցուցակները հնարավորություն կտան ոստիկաններին հետեւել վրացի երեխաների ծնողների զբաղմունքին ու ճշտել նրանց մոտ ռեգիստրացիայի առկայությունը։ Բանն այն է, որ «Համընդհանուր կրթության օրենքի» համաձայն՝ Մոսկվայում դպրոց հաճախելու իրավունք ունեն նաեւ մոսկովյան ռեգիստրացիա չունեցող անձինք։ Այդ է պատճառը, որ երեխաների միջոցով են փորձում ստուգել նրանց ծնողներին։ Այդ միտքն իրավապահ մարմինների «վերնախավում» է ծագել, որոնց առջեւ հստակ նպատակ է դրված՝ ջրի երես հանել Մոսկվայում գրանցում չունեցող եւ հետեւաբար՝ հարկեր չմուծող վրացիներին։ Ուսումնական շատ հաստատություններ աշխատում են չհրապարակել այն փաստը, որ Ոստիկանությունից նման հրահանգ են ստացել, եւ արդարանում են, թե իրենցից հաճախ են արտասահմանցի երեխաների մասին ինֆորմացիա պահանջում, քանի որ «դա թույլ է տալիս օրենսդրությունը»։ Սակայն վրացի երեխաների ստուգումներն առաջին անգամ են բացեիբաց ու հրապարակային անցկացվում (մի քանի տարի առաջ էլ դպրոցները գաղտնի նման ստուգումների են ենթարկել Բեսլանի ողբերգության դեպքերի մեջ «չեչենական հետք» գտնելու համար, սակայն այդ փորձերը կասեցվել են)։ Իսկ այժմ Ռուսաստանն անհնազանդներին հրապարակայնորեն է պատժում՝ չցանկանալով հաշվի առնել խնդրի բարոյական կողմը։ Որոշ դպրոցներում նման նախաձեռնությունները բողոքի ալիք են բարձրացրել, ստուգումները որպես «ձեռառնոցի» են որակավորվել, եւ վիրավորված վրացական սփյուռքը պարզաբանումներ է պահանջում Մոսկվայից։ «Գուցե հիմա էլ սկսեն մեր երեխաների՞ն հարցաքննել…»,- հռետորական հարց է տվել Վրացական համայքի ղեկավար Թեյմուրազ Ստուրուան։ «Մենք թույլ չենք տա, որ դպրոցներում էթնիկական դիսկրիմինացիա տեղի ունենա, քանի որ չի կարելի պատերազմել երեխաների դեմ»,- ասել է Մոսկվայի Կրթության դեպարտամենտի ղեկավարուհին։ Մոսկվայի Ոստիկանության գործողությունները, որոնք առայժմ միայն վրացի երեխաների դեմ են ուղղված, կարող են միայն վրացիներով չսահմանափակվել։ Արդեն իսկ շատ դպրոցներում «սեւ» ցուցակներ են շրջանառվում, եւ լարվածություն ու անհանդուրժողականություն ստեղծում տարբեր ազգերի աշակերտների միջավայրում։ Շատ վտանգավոր, վառոդի տակառ հիշեցնող այս մոտեցումը Ռուսաստանում կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, եթե իրավապահ մարմինները, միջէթնիկական կրքերը զսպելու փոխարեն, որոշեն արհեստականորեն բորբոքել դրանք։

«Ռուսաստանը ռասայական ժողովուրդ է, որը միշտ ուժեղ անձերի պակաս է ունեցել: Սլավոնական ժողովուրդը հսկայական մարմնի է նման, որի վերեւում հազիվ նշմարվում է թույլիկ ու փոքր մանկական գլուխը: Իհարկե, ընտրյալ փոքրամասնությունները դրական ազդեցություն են ունենում ռուսների կյանքի վրա, սակայն նրանք դա դժվարությամբ են ընդունում»,- ժամանակին գրել է 20-րդ դարի խոշոր մտածող Խոսե Օրտեգա-ի-Գասետը:

«Ես սարսափում եմ, երբ պատկերացնում եմ՝ ի՞նչ վիրավորանքների կարող է դպրոցում արժանանալ իմ ութամյա դուստրը»,- ասում է Ռուսաստանի քաղաքացի մի երիտասարդ վրացուհի, ով մտադիր է ժամանակավորապես հեռանալ իր պետությունից ու սպասել կրքերի հանդարտվելուն։ Եթե, իհարկե, դրանք հանդարտ ավարտ ունենան…