Լաս Վեգասում նրա դեմ ռինգ էր դուրս եկել ֆիլիպինցի Գլեն Դոները։ Նշենք, որ Դոները IBF-դասակարգման ցուցակում զբաղեցնում է 15-րդ տեղը, IBO-ի ցուցակում՝ 27, իսկ WBO վարկածով՝ 2-րդ հորիզոնականը։ Մինչ Վախթանգի հետ մրցամարտը, 27-ամյա ֆիլիպինցին անցկացրել էր 19 հանդիպում, որից 2-ում պարտվել էր, իսկ մեկն ավարտել ոչ-ոքի արդյունքով։
Գաղտնիք չէ, որ այս քաշային կարգի բռնցքամարտիկները վախենում են Վախթանգի հետ մենամարտել։ Հայազգի բռնցքամարտիկը ցանկանում է պայքարել նաեւ մյուս վարկածների տիտղոսի համար եւ արդեն մի քանի անգամ մարտահրավեր է նետել իր քաշային կարգի չեմպիոններին։ Սակայն բոլորը խուսափում են։ Իսկ հանրահայտ Խորխե Արսեն, որին համարում են թեթեւ քաշային կարգում ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկը, տեղափոխվել է հաջորդ քաշային կարգ։
Գլեն Դոներն, այդուհանդերձ, համարձակվել էր ձեռնոց նետել Վախթանգին։ Սակայն առաջին իսկ ռաունդից պարզ դարձավ, որ ուժերը խիստ անհավասար են։ 4-րդ ռաունդում Դոները հայտնվեց ռինգի հատակին, սակայն կարողացավ ուշքի գալ եւ շարունակել մարտը։ Ակնհայտ երեւում էր, որ Վախթանգն ուզում է տպավորիչ հաղթանակ տանել՝ նոկաուտով։ Հաղթանակ նա տարավ, եւ հաղթեց ժամկետից շուտ, սակայն ոչ նոկաուտով։ Մրցամարտին հետեւած մեր հայրենակիցները երեւի նկատած կլինեն, որ նա ինչ-որ բանից դժգոհ էր։
Պարզաբանենք՝ ի՞նչ էր տեղի ունեցել։ Բռնցքամարտում կա «նոկաուտ» հասկացություն, եւ կա «տեխնիկական նոկաուտ»։ Տեխնիկական նոկաուտ գրանցվում է այն դեպքում, երբ հարված ստանալու արդյունքում բռնցքամարտիկն այնպիսի վնասվածք է ստանում, որը նրան թույլ չի տալիս շարունակել հանդիպումը։ Այդ դեպքում, եթե վնասվածք պատճառած հարվածը չի հակասել կանոններին, վնասվածք ստացած բռնցքամարտիկին գրանցվում է պարտություն։
Իսկ եթե բռնցքամարտիկներից մեկը ոչ միտումնավոր կանոնների խախտմամբ է վնասել մրցակցին (օրինակ, գլխով պատահական իրար բախվելը), ապա մարտը կանգնեցվում է, եւ հաղթողը որոշվում է մինչ այդ պահը մրցավարների արձանագրած միավորներով։ Դա կոչվում է «տեխնիկական որոշում»։
Վախթանգին հաղթանակը տրվեց հենց այսպիսի որոշմամբ։ 6-րդ ռաունդում Վախթանգի հարվածից հետո Դոների ծնոտը կոտրվեց։ Սակայն վերջինս մրցավարին ասաց, որ Վախթանգն իրեն հարվածել է գլխով։ Թեեւ ոչ ոք գլխով հարված չէր տեսել (նաեւ խաղից հետո տեսագրությունը դիտելու ժամանակ), սակայն մրցավարը, չգիտես ինչու, հավատաց Դոներին եւ կանգնեցրեց մարտը։ Մրցավարները միաձայն որոշմամբ՝ 60-53 հաշվով հաղթանակը շնորհեցին Վախթանգին, սակայն նա ակնհայտորեն դժգոհ էր։
«Չեմ կարող հասկանալ՝ ինչու ես հաղթեցի տեխնիկական որոշմամբ։ Դոների մարտավկաները կանգնեցրին մարտը, եւ նա հրաժարվեց շարունակել։ Հարվածը տեղի է ունեցել ձեռքով, ոչ թե գլխով»,- մարտից հետո հայտարարել է Դարչինյանը։
Ըստ Allboxing.ru կայքի, Վ. Դարչինյանն ու նրա թիմը պատրաստվում են բողոքարկել մրցավարների վճիռը Նեւադա նահանգի Ատլետիկական հանձնաժողովում՝ պահանջելով Դոներին գրանցել տեխնիկական նոկաուտ։
Հիշեցնենք նաեւ, որ Դարչինյանն այս մարտից առաջ հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ կփոխի քաշային կարգը եւ կբարձրանա մեկ աստիճան վերեւ։
«Այս մարտից հետո ես նորից միավորիչ մրցամարտ կառաջարկեմ։ Եթե մեկ ամսվա ընթացքում ինձ ոչ ոք չպատասխանի, կտեղափոխվեմ առաջին թեթեւագույն քաշային կարգ եւ կհանդիպեմ այդ քաշի աշխարհի չեմպիոններից մեկին»,- Դոների հետ մրցամարտից առաջ հայտարարել էր Վախթանգը։
Ներկայումս Վախթանգը հանդես է գալիս 112 ֆունտ (50.802 կգ) քաշային կարգում։ Այս քաշում WBC վարկածի գոտին պատկանում է թայլանդցի Պոնսագլեկ Վոնխոնգկամին, իսկ WBO-ի տիտղոսակիրն արգենտինացի Օմար Նարվաեսն է։
Թեեւ պետք է նշել, որ WBC վարկածով շատ ավելի մեծ հեղինակություն ուներ Խորխե Արսեն։ Այժմ նա տեղափոխվել է հաջորդ քաշային կարգ՝ 52.163 կգ։ Ըստ երեւույթին, այս կարգում Վախթանգը կձգտի մենամարտել հենց Արսեի հետ, որի վրա «ատամ ունի»։ Իհարկե, եթե Վախթանգի գալուց հետո Արսեն նորից չվերադառնա իր նախորդ քաշային կարգը։