Կոտայքի դատախազությունում շարունակվում է «Ավիասերվիս» ընկերության տնօրեն Արթուր Խալաթյանի սպանության փաստով հարուցված քրգործի նախաքննությունը: Պարզվել է, որ սպանությունը կազմակերպել է ՀՀ քաղաքացի Ռ. Սարգսյանը, որը, նախապես համաձայնության գալով իր հորաքրոջ որդու` Հ. Հովնիկյանի եւ դպրոցական ընկեր Թ. Միրզոյանի հետ, փաստաթղթեր կեղծելու միջոցով փորձել է տիրանալ Խալաթյանի բնակարանին: Նոտարական գրասենյակում համապատասխան ձեւակերպումներ կատարելուց հետո, գումարը վճարելու պատրվակով, Միրզոյանը եւ Սարգսյանը վերջինիս պատկանող ավտոմեքենայով խաբեությամբ Խալաթյանին տարել են Երեւանի Ավետիսյան փողոց, ծեծել են նրան, խեղդելու միջոցով սպանել, որից հետո դիակը տեղափոխել են Զառ գյուղ: Ճանապարհին նկատելով, որ Խալաթյանը կենդանության նշաններ է ցույց տալիս, Հովնիկյանը խեղդամահ է արել Խալաթյանին: Սարգսյանին եւ Հովնիկյանին դեռ չեն հայտնաբերել: