Նախ սկսվեցին տնտեսական պատժամիջոցները։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ սկսեցին զարգանալ նոր թափով, քանի որ մինչ այդ արդեն որոշ քայլեր կատարվել էին (գինու եւ հանքային ջրերի ներմուծման արգելումը, Վերին Լարս անցակետի փակումը եւ այլն)։ Տարբերությունն այն է, որ ՌԴ-ն այն ժամանակ ձեռնպահ էր մնում «պատժամիջոց» ձեւակերպումից, իսկ այժմ դրա մասին հպարտությամբ հայտարարում են ՌԴ տարբեր պաշտոնատար անձինք։
ՌԴ-ն շրջափակման ենթարկեց Վրաստանը՝ ընդհանրապես դադարեցնելով հաղորդակցությունն այս երկրի հետ, եւ վրացիները Ռուսաստանից իրենց հայրենիք են հասնում երրորդ երկրների միջոցով։ Վրացիները նույն կերպ ստիպված կլինեն վարվել նաեւ այն դեպքում, եթե արգելվեն դրամական փոխանցումները ՌԴ-ից Վրաստան։ Նշենք, որ իշխանություններին այդպիսի առաջարկ է արել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ալեքսանդր Բաբակովը։ Հաղորդագրություն եղավ նաեւ այն մասին, որ ռուսները երկու անգամ բարձրացնում են Վրաստանին մատակարարվող գազի գինը, սակայն «Ռեգնում» գործակալության համաձայն, «Գազպրոմը» հերքել է այդ լուրը։ Վերջին օրերին ռուս-վրացական հակամարտությանը վերաբերող լրահոսին հետեւելիս տպավորություն է ստեղծվում, որ կարդում ես ՌԴ Ներքին գործերի նախարարության «քրեական խրոնիկան»։ Սկսվել է ձերբակալությունների հզոր ալիք։ Ներկայացնենք դրանցից առավել ուշագրավները։
– Օռլովի երկրամասում կասեցվել է հանցավոր խմբի գործունեությունը, որի 12 ակտիվ անդամները վրացիներ են։ Պարզվում է՝ խումբը 3 տարի շարունակ զբաղվել է ավտոմեքենաների առեւանգմամբ եւ վաճառքով։
– Ըստ «Կոմերսանտ» թերթի, ՌԴ ՆԳՆ Պրիվոլժիեի դաշնային օկրուգի գլխավոր վարչության աշխատակիցները բացահայտել ե ն 50 հոգուց բաղկացած «շատ լուրջ» հանցավոր խմբավորում։ Խմբավորումը կազմված է եղել վրացիներից, որոնց թվում կան 2 «օրենքով գողեր»։ Հաղորդագրության համաձայն, հանցախումբը գործել է իրավաբանական գրասենյակի քողի տակ եւ դուստր ձեռնարկությունների միջոցով զբաղվել է մաքսանենգ ապրանքների վաճառքով։ «Գումարները կուտակվել են արեւմտյան բանկերի հաշիվների վրա, իսկ հետո փոխանցվել են Վրաստան», – նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
– Հոկտեմբերի 3-ին Մոսկվայում ձերբակալվել է 45-ամյա վրացի «օրենքով գող» Գիյան (հայտնի է նաեւ «Վաժա» անունով)։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է մի քանի գրամ հերոին։
– Մոսկվայի «Ոսկե փիղ» ռեստորանում տեղի ունեցող «գողական հավաքի» («սխոդկայի») ժամանակ ձերբակալվել են 16 հոգի, որոնց թվում՝ 4 «օրենքով գող» (նրանցից մեկին կոչում են «Թբիլիսցի Էդիկ»)։
– Եկատերինբուրգում ձերբակալվել է 5 հոգանոց խումբ, որի անդամները զբաղվել են ավտոմեքենաների միջից տարբեր իրեր գողանալով։ Բոլորը վրացիներ են։
Այս ոչ լրիվ ցուցակին ավելացնենք նաեւ վրացիներին պատկանող օբյեկտների համատարած ստուգումը եւ փակումը։ Նախ, խախտումներ հայտնաբերվեցին Մոսկվայի ամենամեծ կազինոներից մեկում, «Կրիստալում», հետո նույն ճակատագրին արժանացավ «Գոլդեն Փելեսը»։ Տարբեր խախտումներ կատարելու պատճառաբանությամբ փակվել են «Թիֆլիսյան բակ», «Բակկարա», «Գենացվալե VIP» ռեստորանները եւ վրացիներին պատկանող մի շարք հյուրանոցներ։ Այս միջոցառումները լայն թափով շարունակվում են։ Օրինակ, միայն Պրիվոլժիեում հայտնաբերվել է վրացիների կողմից կատարված 113 իրավախախտում, ձերբակալվել են Վրաստանի 64 քաղաքացիներ, հայտնաբերվել է 11 միավոր հրազեն։ Եվ այս ամենը՝ վերջին 3-4 օրվա ընթացքում։ Ըստ էության, ռուսներն իրենց սպաների ձերբակալությանը որոշել են պատասխանել նույն ձեւով։ Իհարկե, ի տարբերություն վրացիների, նրանք լրտեսության մեղադրանքով չեն ձերբակալում, քանի որ դա կհարվածի ռուսական հատուկ ծառայությունների հեղինակությանը։ Դժվար էլ է պատկերացնել վրացի հետախույզ՝ Ռուսաստանում։ Փոխարենը, մի քանի օրվա ընթացքում հայտնաբերվում են տարիներ շարունակ անպատիժ մնացած հանցագործություններ։ Իհարկե, դա հավատ չի ներշնչում։ Եթե հանցագործություններն իրոք նոր են բացահայտվել, ապա դա խոսում է ռուս իրավապահների անգործության մասին, որոնք այսքան ժամանակ ոչինչ չեն արել։ Եթե իմացել են, պարզապես նոր են սկսել գործել, ապա դա անուղղակիորեն ցույց է տալիս իրավապահների հանցակցությունը։ Կա նաեւ երրորդ տարբերակը՝ շատերին ձերբակալում են հենց այնպես, առանց լուրջ փաստերի։ Այս ամենն, իհարկե, հարուցելու է միջազգային հանրության, մասնավորապես, իրավապաշտպան կառույցների վրդովմունքը։ Սակայն Ռուսաստանը թքած ունի այդ վրդովմունքի վրա, որը, որպես կանոն, սահմանափակվում է դեկլարատիվ բնույթի հայտարարություններով։ Ռուսաստանը չի էլ թաքցնում, որ այս ամենն ուղղված է կոնկրետ վրացիների դեմ։ Կարճ ասած՝ պատասխան հարված է։ Հետաքրքիր է նաեւ, որ տարբեր ռուս պաշտոնյաներ ամեն առիթով նշում են, որ իրենց քայլերն ուղղված են ոչ թե վրաց ժողովրդի, այլ Վրաստանի իշխող վարչախմբի դեմ։ Սակայն չեն ուզում խոստովանել, որ նույն այդ վարչախումբը ոչ թե տուժում, այլ ընդհակառակը՝ օգուտներ է քաղում՝ բարձրացնելով իր սասանված հեղինակությունը։ Որպես ապացույց կարելի է նշել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ըստ նախնական արդյունքների, Սահակաշվիլու թիմը համոզիչ հաղթանակ է տարել գրեթե բոլոր տարածքներում։
Ռուսները նաեւ նշում են, որ, այսպես կոչված, «էթնիկ հանցավորության դեմ պայքարը» ՌԴ-ում ապրող օրինապահ վրացիներին չի առնչվում։ Մինչդեռ «Կոմերսանտը» երեկ գրել է, որ ոստիկանությունը հրահանգել է մոսկովյան մի քանի դպրոցներից իրենց տրամադրել վրացական ազգանուն ունեցող բոլոր երեխաների տվյալները։ Ըստ թերթի, տեղեկատվությունը ստանալուց հետո ոստիկանները պետք է ստուգեին նրանց ծնողներին՝ գրանցում ունե՞ն, որտե՞ղ են ապրում, ինչո՞վ են զբաղվում, եւ մուծո՞ւմ են արդյոք հարկերը։ Իսկ այս ամենի ֆոնի վրա ակտիվանում են սքինհեդները՝ ոգեւորվելով իշխանությունների կողմից անուղղակիորեն պրոպագանդվող կեղծ հայրենասիրությամբ։ Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ազգայնական մի խմբավորման կողմից Մոսկվայում սպանվել է սպորտի վարպետ, արմրեսթլինգի բազմաթիվ մրցույթների հաղթող 32-ամյա Գիորգի Գվիչիանին։ Հարազատները պնդում են, որ նա ռուսների հետ վեճի է բռնվել ռուս-վրացական վերջին իրադարձությունների թեմայով։ Վրացիների նկատմամբ սկիզբ առած պետական քաղաքականությունն, այսպես թե այնպես, նպաստելու է ազգայնական տրամադրությունների աճին, եւ իրավիճակը կարող է դուրս գալ հսկողությունից։ Այս մասին խոսել է նաեւ «Ինդեմ» Տարածաշրջանային հասարակական հիմնադրամի նախագահ Գեորգի Սարատովը։ «Հանկարծ պարզվում է, որ այն մարդը, որին դու համարում էիր նորմալ, ինտելիգենտ անձնավորություն, սկսում է ազգայնական բնույթի հիմարություններ դուրս տալ։ Այդ բանը կա մեզնից յուրաքանչյուրի մեջ։ Եվ պետությունը սկսել է անզգույշ խաղ խաղալ հայրենասիրության հետ։ Դա չափազանց վտանգավոր է»,- նշել է Սարատովը։ Եթե պետական պատժամիջոցները վերաբերում են միայն Վրաստանին (թեեւ Հայաստանն էլ դրանցից պակաս չափով չի տուժում), ապա ռուս սքինհեդներին առանձնապես չի հետաքրքրում՝ դու հա՞յ ես, վրացի՞, թե՞ ադրբեջանցի։ Եվ անչափահաս թափթփուկների կողմից մահացու ծեծվելու կամ դանակահարվելու վտանգը, որը վերջին ժամանակներս միշտ կախված է եղել մեր հայրենակիցների գլխին, այժմ աննկարագրելի չափով մեծացել է։
Ինչ վերաբերում է Վրաստանի նկատմամբ տարվող պետական քաղաքականությանը՝ ապա Հայաստանը հայտնվել է իրոք դժվարին կացության մեջ՝ ո՞ւմ պաշտպանել՝ «ռազմավարական գործընկեր Ռուսաստանի՞ն», թե՞ անմիջական հարեւան Վրաստանին։ Առայժմ հաջողվում է շատ թե քիչ չեզոք դիրք պահպանել, սակայն հարաբերությունների վատթարացման պայմաններում միգուցե դա այլեւս հնարավոր չլինի։ Իսկ այս ամենից մենք ընդամենը կարող ենք պատկերացնել, թե ինչ կարող է անել Ռուսաստանը մեզ հետ, եթե մի քիչ անհնազանդ լինենք։ Հո միայն վրացի «օրենքով գողեր» չկա՞ն ՌԴ-ում։ Իսկ ի տարբերություն վրացիների, մենք չունենք ելք դեպի ծով, սահմանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ է, իսկ մեր էներգետիկայի 80%-ը գտնվում է ռուսների ձեռքին։ Եվ շատ ցավալի է, որ այս ամենն առավել տեսանելի է դառնում մեր անկախության 15-րդ հոբելյանական տարում։