«Հայաստանը սպասարկում է ռուսաստանի շահը»

10/10/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Հայելի» ակումբում երեկ այս մասին հայտարարել է ՀՀԿ անդամ, Աժ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով՝ Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացման է գնացել երկու պատճառով՝ կարճաժամկետ եւ միջնաժամկետ: Կարճաժամկետն, ըստ Գ. Մինասյանի, այն է, որ Վրաստանի իշխանությունները գնացին այդ քայլին, որպեսզի արտաքին թշնամու կերպար ստեղծելով` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում որոշակի հաջողության հասնեն: Իսկ միջնաժամկետն էլ Գ. Մինասյանի համոզմամբ՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները մինչեւ Կոսովոյի հակամարտության կարգավորումը լուծելն էր: Եվ քանի որ Ռուսաստանը Կոսովոյի օրինակն այլ հակամարտությունների վրա տարածելու կողմնակիցն է, իսկ Կոսովոն փաստացի անկախություն է ստանալու, ապա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ըստ Գ. Մինասյանի, ցանկանում է մինչ այդ արագացնել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրների կարգավորումը, որպեսզի Կոսովոն դրանց համար նախադեպ չդառնա: «Խնդրի սրումը բերելու է պրոցեսի ավելի արագ հանգուցալուծման եւ, որպես արդյունք, Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հետ կապված վրացանպաստ տարբերակի լուծման, քանի դեռ աշխարհը չի հայտնվել այն իրավիճակում, երբ ազգերի ինքնորոշման իրավունքը, մասնավորապես` Կոսովոյի պարագայում, ավելի կարեւոր կընկալվի, քան տարածքային ամբողջությունը»,- գտնում է Գ. Մինասյանը: Վերջինիս կարծիքով՝ ռուս-վրացական լարման հարցում կա նաեւ ամերիկյան քաղաքականության, կամ, այսպես ասած՝ Վրաստանի արեւմտամետության եւ դեպի ՆԱՏՕ ձգտելու խնդիրը: Գ. Մինասյանի ընդդիմախոսը՝ ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ նշեց, թե ճիշտ է, Վրաստանի իշխանությունները գտնվում են ամերիկյան ազդեցության տակ, սակայն դա համահունչ է Վրաստանի ազգային շահին ու բացի այդ էլ՝ Արեւմուտքը Վրաստանից չի պահանջում մի գործընթաց, որով ոտնահարվի Վրաստանի ազգային շահը: Խ. Քոքոբելյանը գտնում է նաեւ, որ Հայաստանի իշխանությունն ամբողջովին գտնվում է ռուսական իշխանության «մամլիչի տակ», եւ Հայաստանի ազգային շահը ստորադասվում է Ռուսաստանի ազգային շահին: Ըստ Խ. Քոքոբելյանի, Հայաստանի կառավարությունն ուղղակի աչք է փակում ռուս-վրացական հակամարտության վրա, մինչդեռ այդ հակամարտությունն ուղղակի ողբերգական կարող է լինել Հայաստանի տնտեսական վիճակի համար: ՀՀՇ վարչության փոխնախագահը նաեւ հիշեցրեց ռուս-վրացական հարաբերությունների վերջին սրման առաջին օրերին Հայաստանի բանակի շտաբի պետի հայտարարությունը, որն, ըստ Խ. Քոքոբելյանի, բովանդակային իմաստով գրեթե չէր տարբերվում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչի տեսակետից: «Ավելին, ես գտնում եմ, որ այս իրավիճակում Հայաստանի իշխանությունն իր տեսակետը հնչեցնում է Ռուսաստանի տեսակետին համահունչ: Դա ակնհայտ է պարզապես»,- նշեց Խ. Քոքոբելյանը: Վերջինիս խոսքերով, եթե նույնիսկ լինում են նաեւ Հայաստանի պաշտոնական մտահոգությունն արտահայտող հայտարարություններ, ապա պետք չէ բավարարվել միայն դրանցով, այլ պետք է իրականացնել մեզ համար ռուս-վրացական լարման հետեւանքը մեղմելու գործողություններ: ՀՀՇ վարչության փոխնախագահի գնահատմամբ՝ ռուս-վրացական լարումը հերթական անգամ վկայեց, որ Հայաստանը չունի իր արտաքին քաղաքականությունը եւ ընդամենը սպասարկում է Ռուսաստանի շահը: Բնականաբար Գ. Մինասյանը չի կիսում այս տեսակետը: Նրա հավաստմամբ՝ Հայաստանի իշխանություններն անում են հնարավորը, որպեսզի ռուս-վրացական լարվածությունը հնարավորինս մեղմ ազդեցություն թողնի մեր երկրի վրա: Ռուս-վրացական հակամարտության հետեւանքներից խուսափելու համար հայ-թուրքական հարաբերության վերանայումը Գ. Մինասյանն ավելորդ եւ աննպատակահարմար է համարում: Այդ հարաբերությունների վերանայումը նա որակեց որպես «կտրուկ քայլ» եւ համոզմունք հայտնեց, որ իրավիճակի հետագա լարումը քիչ հավանական է: Ըստ Գ. Մինասյանի, կարճ ժամանակ անց ռուս-վրացական հարաբերությունները կվերադառնան մոտավորապես այն իրավիճակին, որը կար երկու-երեք ամիս առաջ, եւ այդպես կշարունակվի մինչեւ Կոսովոյի վերջնական լուծումից երկու երեք ամիս առաջ: ՀՀԿ ներկայացուցչի հետ այստեղ եւս իր անհամաձայնությունը հայտնեց ՀՀՇ վարչության փոխնախագահը: Ըստ Խ. Քոքոբելյանի, ռուս-վրացական հարաբերությունները ոչ միայն չեն վերադառնալու նախկին վիճակին, այլ ընդհանրապես գործ ենք ունենալու այդ երկու երկրների միջեւ բոլորովին նոր որակի հարաբերության հետ, ինչը կպայմանավորվի Վրաստանի՝ ՆԱՏՕ անդամ դառնալու գործընթացով: Խ. Քոքոբելյանը կարծում է նաեւ, որ նախ` հայ-թուրքական հարաբերությունների վերանայումը կտրուկ քայլ չէ եւ, բացի այդ, նաեւ անհրաժեշտություն է եւ օրվա հրամայական: