Ասում է Վանաձորի «Միգ» հեռուստաընկերության տնօրենն ու «Օրինաց երկրի» նախագահին հորդորում` սուտ-սուտ բաներ չխոսել, որովհետեւ «ամոթ է»: Նաեւ հիշեցնում է, որ շաբաթ օրն այսօր է, այնպես որ` դեռեւս նա կարող է Արթուր Բաղդասարյանի վճարովի-պատվերով հարցազրույցը եթեր հեռարձակել:
«Օրինաց երկիրը» երեկ հայտարարություն է տարածել այն մասին, թե Վանաձորի «Միգ» հեռուստաընկերությունը երկու օր առաջ իրենց նախագահ Արթուր Բաղդասարյանից հարցազրույց է վերցրել` տեղեկացնելով, որ այն եթեր կհեռարձակի շաբաթ օրը երեկոյան: Ըստ ՕԵԿ հայտարարության, «Միգը» նաեւ հեռուստատեսային անոնս է տվել, որպեսզի ժողովուրդը շաբաթ երեկոյան հեռուստացույցի առջեւից չհեռանա եւ Ա. Բաղդասարյանի ելույթը դիտելու առիթը բաց չթողնի: Սակայն, ըստ ՕԵԿ հայտարարության, չորեքշաբթի օրը «Միգի» տնօրեն Սամվել Հարությունյանը զանգահարել է իրենց եւ ասել, որ հարցազրույցը չեն կարող հեռարձակել, քանի որ «արգելել են»: «Ավելին, մեր տեղեկություններով, եղել է հարցազրույցի նախնական դիտում գրաքննության 37 թվի մեթոդներով, եւ հեռուստաընկերությանը փաստացի ճնշել են»,- ասված է հայտարարության մեջ: Իսկ երեկ ԱԺ ճեպազրույցում ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանն ու Հեղինե Բիշարյանը հայտարարեցին, թե «արգելողն», ըստ իրենց ունեցած տեղեկատվության, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանն է: «Ով նման հայտարարություն է արել, երեւի գիշերը երազ է տեսել»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Հենրիկ Քոչինյանը` ավելացնելով, որ ինքը «Միգի» հետ որեւէ առնչություն չունի: Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը «37 թվի մեթոդներով գրաքննության» ենթարկելու ՕԵԿ մեղադրանքներին, ապա Հ. Քոչինյանն ասաց, որ նման բան ասողները դարձյալ երազ են տեսել: «Լավ կլիներ, որ մի քիչ ազատ ժամանակ ունենայի ու մի քիչ էլ գրաքննությամբ զբաղվեի, բայց չունեմ ազատ ժամանակ»,- ասաց նա` տեղեկացնելով, որ ինքն իր ազատ ժամանակը, եթե, իհարկե, ունենում է, անց է կացնում մարզի բնակիչների հետ զրույց անելով: «Հիմա, օրինակ, Քարինջ գյուղում մարդկանց հետ զրույց եմ անում»,- վստահեցրեց նա:
Երեկ մենք զրուցեցինք նաեւ Վանաձորի «Միգ» հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հարությունյանի հետ` պարզելու, թե ինչո՞ւ է հրաժարվել հեռարձակել Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը: Պարզվեց, որ այդ հարցազրույցի համար Արթուր Բաղդասարյանը վճարել է «Միգին», եւ այն եղել է պատվերով, ինչի մասին սակայն ոչ ՕԵԿ հայտարարության մեջ էր նշված, ոչ էլ ՕԵԿ-ականներն էին երեկ ԱԺ ճեպազրույցում ասում` տպավորություն ստեղծելով, թե հերիք չէ «Միգը» Բաղդասարյանից ժամանակ է խլել, դեռ չի էլ ուզում հեռարձակել: «Ես կարող եմ Արթուրի փողերը հետ տալ, բայց չի կարելի էդքան սուտ բաներ ասել: Ես կարամ չէ՞ նրան իր սուտ հայտարարությունների համար դատի տամ, իրեն դրա համար պատիժ հասնո՞ւմ է, թե՞ չէ: Ինչի՞ է խաբում, սուտ-սուտ հայտարարություններ տարածում, թե ես իրենց ասել եմ, որ իբր ինձ արգելել են եթեր տալ իր հարցազրույցը: Ամոթ է, չէ՞»,- ասաց Սամվել Հարությունյանը եւ որպես Արթուր Բաղդասարյանի հերթական սուտ մեջբերեց հայտարարության այն հատվածը, ուր ասվում է, թե «հեռուստատեսային անոնս է եղել»: «Նման բան չի եղել, մեկին գտեք, ով կասի, թե ինքը նման անոնս է տեսել: Եթե նման բան չի եղել, էդ որտեղի՞ց են հորինում, չեմ հասկանում,- ասում է Ա. Բաղդասարյանը,- Բացի այդ սուտը նաեւ ասեմ, որ մեր նախնական պայմանավորվածությունը եղել է օրենքի սահմաններում տալ հարցազրույցը»: Իսկ «հարցազրույց` ըստ օրենքի», ինչպես նշեց Ս. Հարությունյանը, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն նշանակում է` չհեռարձակել վիրավորանք, զրպարտություն եւ չփաստարկված տեղեկություններ: «Օրենքն արգելում է նաեւ քաղաքական քարոզարշավ, երբ դեռեւս նախընտրական քարոզարշավն ըստ օրենքի մեկնարկած չէ: Այսօր դեռ ընտրություններ չկան եւ արգելվում է նման քարոզչությունը: Խոսքն այդ մասին է եղել, նրան ոչ ոք չի ասել, թե չենք հեռարձակելու այն»,- ասաց «Միգի» տնօրենը` նշելով, որ Արթուր Բաղդասարյանն իր հարցազրույցում վանաձորցիներին կոչ է անում միանալ ՕԵԿ-ին: «Հարցազրույցում ասում է` եկեք միացեք մեզ, մենք պետք է հաղթենք, էս ենք անելու, էն ենք անելու: Ես էլ ասում եմ` հիմա նախընտրական փուլ չի, օրենքով դա հիմա արգելվում է, եկեք դրանք հանեք` հեռարձակենք: Ու իրենք դեռ որեւէ պատասխան ինձ չեն տվել: Փոխարենը, ինչ-որ հայտարարություններ են ընդունում, սուտ-սուտ բաներ են ասում, բա եղա՞վ,- ասաց Ս. Հարությունյանը` նկատելով,- Հետո շաբաթը վաղն է (այսինքն` այսօր:-Լ.Ս.), վաղը պետք է այդ նյութը եթեր գնար: Ի՞նչ գիտեն, թե չի գնալու, ինչո՞ւ են նախապես նման հայտարարություններ տարածում: Եթե ես այն հեռարձակող չլինեի, իմ լրագրողներին կհանեի-կուղարկեի՞ Երեւան, որ հարցազրույց անեին: Այդտեղ ո՞րն է տրամաբանությունը, ես չեմ հասկանում: Եթե ցույց տվող չլինեի` հենց սկզբից էլ կասեի` չէ, ու իմ լրագրողներն էլ չէին հասնի իր մոտ: Ծիծաղելի է ուղղակի այս ամենը»:
Ս. Հարությունյանը վստահեցնում է, որ իր խնդրանք-առաջարկն Արթուր Բաղդասարյանին եղել է բացառապես օրենքի շրջանակներում, եւ ինքը ՕԵԿ-ին չի ասել, թե հրաժարվում է հարցազրույցը հեռարձակելուց, որ նրանք նման «բաներ» են սկսել հայտարարել: «Ընդամենն ասել եմ` քարոզարշավ չի, եւ ես, ըստ օրենքի, իրավունք չունեմ նման բան եթեր տալ: Կրկնում եմ` այդ հաղորդումը պետք է շաբաթ օրը եթեր դուրս գա, ինչո՞ւ են իրենք հինգշաբթի օրվանից բղավում, թե եթեր չի գնալու: Ես իսկականից չեմ հասկանում: Ասում են` ես արգելում եմ իրենց ազատ խոսքը: Այ ձեր ցավը տանեմ, ես ո՞վ եմ, որ արգելեմ կամ չարգելեմ ձեր ազատ խոսքը: Ես ձեր ընդունած օրենքի կատարողն եմ: Էս օրենքն ընդունելուն կողմ քվեարկածներից մեկն էլ Արթուրն է, թող կնոպկեքը չսեղմեր, ու մեզ էլ նման արգելքների առաջ չկանգնեցներ: Լավ, բա հիմա խի՞ չի ստորագրում «ԶԼՄ-ների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին Աշոտ Մելիքյանի ներկայացրած նախագծի տակ: Ինչի՞: Էնպես որ` կնոպկեն սեղմողն էլ է ինքն եղել, օրենք ընդունող-չընդունողն էլ»։
Ինչ վերաբերում է ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանի երեկվա հայտարարությանը, թե իրենց տեղեկություններով` Արթուր Բաղդասարյանի հարցազրույցի հեռարձակման խոչընդոտը Հենրիկ Քոչինյանն է եղել, Ս. Հարությունյանն ասաց. «Ասում է` թող ասի, ի՞նչ ասեմ: Բա որ ես վաղը որոշեմ, որ էդ հաղորդումը ծերից ծեր եթեր եմ տալիս, էդ դեպքում ի՞նչ պիտի ասեն: Ամոթ է, էլի: Շաբաթ օրը վաղը չի՞: Ես չեմ հասկանում, էդ «Օրինաց երկիրը» Վանաձորից ի՞նչ է ուզում: Ես իրենց ուղիղ ասել եմ, եթե նախընտրական քարոզչություն լինի, չեմ հեռարձակելու, ես դրա իրավունքը չունեմ: Ասել եմ` դուք ինձնից լավ գիտեք իմ իրավունքները, դուք եք ընդունել էդ օրենքը, երբ ԱԺ նախագահ էիք: Ասել են` լավ, կզանգենք` կասենք, մարզպետի անունը հանեք, եւ այլն: Լավ, բա չասե՞մ` ո՞նց իմ կոլեգա ստուդիայի մասին ասած ձեր զրպարտություններն ու վիրավորանքները հեռարձակեմ: Բա ամոթ չի՞: Վանաձորում երկու հեռուստաընկերություն կա` «Միգը» եւ «Լոռին»: ՕԵԿ-ը վեր է կենում ու իմ գործընկերոջ մասին ինչ ասեք` ասում է, էլ պատվեր կատարող, էլ իշխանության խամաճիկ, մի խոսքով` ինչ ասեք: Լրագրողական էթիկա, համերաշխություն գոյություն ունի: Ի՞նչ պարտադիր է, որ նրանք վեր կենան մայր հայհոյեն, որ ասենք` վայ, զրպարտեց կամ հայհոյեց: Ցանկացած հեռուստաընկերության, եթե ասում են` պատվեր է կատարում, դա էլ է վիրավորանք ու զրպարտություն: Կրկնում եմ` էս քաղաքում երկու ստուդիա կա, ու մենք պետք է համերաշխ լինենք: Էդ ո՞ր մամուլը, հեռուստաընկերությունն իր կոլեգայի մասին բան կտպագրի կամ եթեր կտա: Բա չե՞ն ասի` լավ, տղամարդ չէի՞ր, ինչո՞ւ նման բան արեցիր: Թող տպավորություն չստեղծվի, թե իրենք զոհ են, ես մենակ թացն ու չորը չեմ տարբերում. թացը խոնավությունից էլ եմ տարբերում»:
Ի դեպ, Ս. Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն ՕԵԿ-ին նույնիսկ տեղյակ է պահել, որ նման քարոզարշավային նյութերն այլ գին ունեն, բայց քանի որ ընտրություններ չեն ու նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել` իրենք չեն կարող նման բովանդակության նյութեր հեռարձակել: «Ասել եմ, որ մեր մոտ քարոզարշավի գներն ուրիշ են, էդ գնով քարոզարշավ չի արվում: Ասել եմ` քարոզարշավի ժամանակը որ գա` կտաս, կխոսաս: Այնպես որ` դեռ շաբաթ օրը չի եկել, դեռ իրենց վճարած փողն ինձ մոտ է, եթե ուզում են` ես կտամ Արթուրին»,- ասաց Ս. Հարությունյանը ու հարցրեց` բա որ հաղորդումը եթեր հեռարձակվի, այդ ժամանակ ՕԵԿ-ն ի՞նչ է ասելու: «Բայց հեռարձակելը կախված է իրենցից. իրենք չեն զանգել ու ինձ չեն ասել` հա, քարոզարշավի ու լրատվամիջոցների մասին արված հայտարարությունները հանի` եթեր տուր: Ես իրենց զանգել ու խորհուրդ եմ տվել` նայել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, որն իրենց նախագահն իր հարցազրույցում խախտել է: Բայց ՕԵԿ լրատվականից ինձ սկսեցին հարցեր տալ` ո՞վ է քեզ ըտեղ հետեւում, ոչ ոք չի իմանա, ում ես հաշվետու: Ասացի` ՀՌԱՀ-ին եմ հաշվետու, հո մենք ինքնագլուխ չե՞նք»:
Հ.Գ. Ս. Հարությունյանը մեզ հետ զրույցում նաեւ հայտարարեց, որ ինքը 10 օրից ավելի է` չի տեսել մարզպետ Քոչինյանին: Մոտիկից: Տեսել է միայն հեռուստաէկրանին` «բնակչության հետ հանդիպումների մասին պատմող ռեպորտաժների մեջ»: Այնպես որ` եթե նույնիսկ Հ. Քոչինյանը շատ ուզենար ու ժամանակ գտներ «Միգում» գրաքննություն մտցնելու համար, էլի իրեն չէր հաջողվի, որովհետեւ չէր գտնի Ս. Հարությունյանին, ով, իր իսկ խոսելով, «նոր վիշկան է սարքում»: «Բայց ՕԵԿ-ի գործն է, եթե ուզում են նման սուտ բաներով հիմա էլ զբաղվել, ռադի բոգա, թող անեն, ես պրոբլեմ չեմ տեսնում: Հիմա ի՞նչ անեմ, հո չե՞մ կռվելու հետները»,- ասաց նա: