«Սահմանադրական դատարաններն ունեն հատուկ նշանակություն»

10/10/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Անի Պլազա» հյուրանոցում երեկ մեկնարկեց «Սահմանադրական դատարանների դերը ժողովրդավարական ընտրությունների ապահովման գործում» միջազգային երկօրյա խորհրդաժողովը, որը կազմակերպել են ՀՀ Սահմանադրական դատարանը, Եվրախորհրդի՝ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը, երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսը եւ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը:

Խորհրդաժողովին մասնակցում են մի շարք երկրների սահմանադրական դատարանների, Եվրախորհրդի, ԵԱՀԿ, մարդու իրավունքների դատարանի եւ շատ այլ կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ: Խորհրդաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ս. Սմիթը: Խորհրդաժողովին ներկա էր եւ բացման խոսքով հանդես եկավ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջոանի Բուքիքիոն: Նա կարեւորեց ընտրական գործընթացից հետո ձայների ճիշտ հաշվարկը: Ջ. Բուքիքիոն ընդգծեց նաեւ այդ հաշվարկի արագության կարեւորությունը: Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ մինչ ընտրությունները եւ ընտրությունների ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր մասնագետները հատուկ ուշադրությամբ հետեւեն, թե ինչ է կատարվում: Ըստ նրա, վերջին տարիներին ժողովրդավարական ընտրություններն ավելի ու ավելի մեծ նշանակություն են ստանում, եւ դրանում հատուկ տեղ է գրավում մարդու իրավունքների հանդեպ հարգանքը: Ջ. Բուքիքիոն կարեւորեց նաեւ այն, որ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր ոք «ազատ ելքի հնարավորություն ունենա» զանգվածային լրատվության միջոցներով: «Ակնհայտ է, որ ընտրական ցուցակները պետք է կազմվեն նախօրոք: Եվ հենց այդ ժամանակվանից պետք է ուշադրություն դարձնել նրա վրա, որ լինում են որոշակի անհամապատասխանություններ: Հատուկ տեղ է զբաղեցնում նաեւ իրավիճակն ընտրություններից հետո: Սա Եվրոպայի նախարարների խորհրդի համար մեծ նշանակություն ունի»,- հայտարարեց պրն Բուքիքիոն: Վերջինիս խոսքերով՝ բոլոր երկրներում էլ կան սահմանադրական դատարաններ կամ սահմանադրական խորհուրդներ, եւ այդ օրգանը հատուկ կառույց է, որպեսզի որոշի ընտրությունների եւ հատկապես դրանցից հետո ծագած բոլոր հարցերը: «Եվ այդկերպ եվրոպական սահմանադրական դատարաններն ունեն հատուկ նշանակություն. նրանք պետք է լուծեն ծագած բոլոր խնդիրները: Պետք է օրենքը լինի պարզ, հստակ եւ հասանելի»,- նշեց նա: Ըստ նրա, սահմանադրական դատարանի լիազորությունների մեջ մտնում է նաեւ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների լիազորությունների որոշումը, սակայն սահմանադրական դատարանը կարող է մասնակցել դրան միայն վերջին պահին: Խոսքը վերաբերում է հատկապես ընտրելու իրավունքին: «Պետք է հարգանք լինի ոչ միայն բուն քվեարկության, այլ ընտրական ողջ գործընթացի եւ հատկապես արդյունքների հանդեպ»,- ընդգծեց Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը: Վերջինս շեշտեց նաեւ այն հանգամանքը, որ սահմանադրական դատարանը պետք է ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու լիազորություն ունենա: Իսկ եթե օրենքների մեջ կան այնպիսի բացթողումներ, որոնք ազդում են ընտրությունների արդյունքների վրա՞: Ի՞նչ անել: Իր առաջադրած այս հարցին Ջ. Բուքիքիոն ինքն էլ պատասխանեց. «Նախ պետք է որոշել, թե այդ բացթողումն, այդ սխալը որքանո՞վ է ազդում ընտրությունների արդյունքների վրա», եւ ապա ավելացրեց, թե բողոքարկումների համակարգը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ հնարավորություն կա չեղյալ համարել քվեարկության արդյունքները: «Շատ կարեւոր է նաեւ գործընթացի արագությունը, որովհետեւ երկրները երկար ժամանակ չեն կարող սպասել նման տիպի հարցերի լուծումներին: Դրա համար էլ Սահմանադրական դատարանը պետք է նաեւ շատ արագ գործի»,- գտնում է Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը: Ըստ նրա, սահմանադրական դատարանը պետք է որոշակի իրավունք ունենա նաեւ չեղյալ համարել այլ դատարանների կայացրած վճիռները: «Երբ ընտրական գործընթացները բավարար չափով թափանցիկ չեն, դա բերում է նրան, որ տվյալ ինստիտուտը բավարար չափով լեգիտիմ չի լինում»,- ավելացրեց Ջ. Բուքիքիոն: Հարկ է նշել, որ երեկ մեկնարկած եւ այսօր ավարտվող վերոնշյալ խորհրդաժողովը բավական ներկայացուցչական կազմ ունի, որում, բացի վերը նշված կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներից, մասնակցում են նաեւ հայաստանյան մի շարք կուսակցությունների՝ ՀՌԱԿ-ի, ՀՔԴՄ-ի, «Հզոր Հայրենիքի», ԱԻՄ-ի ղեկավարները եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, օմբուդսմենը, գլխավոր դատախազը եւ այլք: