Մեր հասարակությունը ոչ միայն պատրաստ չէ պայքարել կոռուպցիայի, կրիմինալի դեմ, այլ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստակամությամբ սպասարկում է յուրաքանչյուր հանցագործի, եթե վերջինս փող կամ պաշտոն ունի: Հիշենք, թե ինչ պատահեց, երբ Լոռվա մարզպետ Հենրիկ Քոչինյանի մեղքով ձյան տակ մնացին եւ մահացան նրա պատվերով որսի գնացած երկու որսորդներ: Թե ինչ ակնկալիքով էին իրենց կյանքը վտանգելով՝ տղաները որսի գնացել, քննարկելն արդեն տեղին չէ: Բայց ի՞նչ հետեւեց ողբերգությանը, ի՞նչ արեց հասարակությունը, ինչպե՞ս արձագանքեցին զոհվածների հարազատները: Հայտարարեցին, որ որեւէ բողոք, դժգոհություն Քոչինյանից չունեն: Այժմ որոշ կուսակցություններ փորձում են պայքարել կրիմինալի դեմ, եւ դա տեսականորեն կարելի է եւ հասկանալ: Պայքարի ռազմավարությունն արդեն հայտնի է՝ հրապարակվեցին անուններ, որոնց դեմ գործնականում պայքարելն անհնար է. պայքարի ելածներից եւ ո՛չ մեկի առողջությունը չի ներում: Միակ ելքը մնում է կրիմինալի մի տեսակի դեմ պայքարի հանել կրիմինալի մեկ այլ տեսակ, որը չունի կախվածություն պաշտոնից, սակայն ունի շատ փող եւ մեծ իշխանություն հասարակության հատկապես լյումպենի եւ մտավորականության շրջանում: Եվ, ահա, «Հակակրիմինալ» շարժումը՝ որպես վստահելի կապի գործիք օգտագործելով «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի բջջային հեռախոսը՝ կրիմինալի դեմ պայքարում իրեն աջակցելու նպատակով դիմում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այստեղից բնական հարց է առաջանում՝ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, փաստորեն, վստահ է, որ պարոն Ծառուկյանը ոչ մի «պարամետրով» չի համապատասխանում «կրիմինալ» եզրին, հետեւաբար եւ ցանկալի է նրա ակտիվ մասնակցությունը կրիմինալի դեմ անխնա պայքարին: «Իմ ցուցակում Գագիկ Ծառուկյանի անունը չկա»,- մեր հարցին այսպես պատասխանեց «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը՝ հավելելով. «Ենթադրենք, Գագիկ Ծառուկյանն ունի անցյալ, որը կարող է եւ կրիմինալացված լինել, սակայն դա անցյալ է: Իսկ այն, թե հիմա ինքը որ դաշտում է՝ կրիմինալի՞, թե՞ դրա դեմ պայքարողների, պիտի երեւա նրա դիրքորոշումից»: Մեր վերոնշյալ զրույցն Արամ Կարապետյանի հետ տեղի էր ունեցել նախորդ շաբաթ, երբ «ԲՀԿ»-ից դեռ որեւէ կերպ չէին արձագանքել առաջարկին: Օրերս, սակայն, «ԲՀԿ»-ին անդամագրված սկզբունքային լրագրող Արամ Սաֆարյանի գեղեցիկ ձեւակերպած մերժումով պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանն այլ շտապ գործեր ունի: Ի դեպ, «ՆԺ» կուսակցության առաջնորդն անհամբեր սպասում էր Գ. Ծառուկյանի պատասխանին՝ հետեւություն անելու՝ «ԲՀԿ» նախագահը ո՛ր դաշտում է՝ կրիմինա՞լ, թե՞ հակակրիմինալ: Քանի որ Արամ Կարապետյանը մինչեւ կիրակի քաղաքում չի լինելու, նրա եզրակացությունը ճշտելու հնարավորություն չունեինք: Վերջինիս հետ դեռեւս նախորդ շաբաթ ունեցած մեր զրույցի ժամանակ պարոն Կարապետյանը Գ. Ծառուկյանի մասին իր կարծիքն ասելուն պես՝ ավելացրեց, որ իր ցուցակի «Ա» տառի դիմաց նշված չէ նաեւ «Ալրաղացի Լյովի» (ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյան) անունը. «Ա՛յ, ասում են՝ Ալրաղացի Լյով, Ալրաղացի Լյով: Իսկ որ Ալրաղացի Լյովան կրիմինալ է, նման տեղեկություններ անձամբ ես չունեմ: Մինչեւ չստուգվեն փաստերը, մինչեւ չապացուցվեն, հնարավոր չէ որեւէ մեկին մեղադրանք առաջադրել: Անուններ հրապարակելու համար պետք է 100 տոկոսանոց ստուգված փաստեր ներկայացնել»:
Այն, թե սրտի որպիսի թրթիռով է հասարակությունը սպասում բարձրաձայն հնչեցված կոնկրետ անունի, գիտենք, թերեւս, բոլորս` մեր սեփական օրինակով: Սակայն հնչած յուրաքանչյուր անունից հետո հետաքրքրությունը կոռումպացված գործչի հանդեպ վայրկենապես մարում է: Եվ սկսվում է նոր հանցագործի, կաշառակերի, դավաճանի անվան սպասումը: «Մտավորականների ֆորումը», որն իր վրա է վերցրել անուններ հրապարակելու պատիվը, այս շաբաթ հնչեցրեց հերթական կրիմինալների անունները՝ Անդրանիկ Մարգարյան, Հովիկ Աբրահամյան, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Արագածոտնի նախկին մարզպետ Հրայր Կարապետյան: Ինչպես տեսանք, բարձրաձայն հնչեցված անունների տերերից եւ ոչ մեկը չէր արձագանքել իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ գտնելով, թե դրանք մտացածին են եւ կարոտ չեն արձագանքի: Նույն կերպ վարվեց նաեւ Հրայր Կարապետյանը՝ նշելով, թե իրեն կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահումների մեջ մեղադրողները կա՛մ նախկին կուսակիցներն են, կա՛մ չարակամ մարդիկ: Սակայն դատարանի միջոցով իր բարի անունը վերականգնելու հայցով դատարան որեւէ մեկը չդիմեց: Սրա պատճառները մի քանիսն են՝ ա) անունները հնչում են առանց կոնկրետ փաստերի, բ) քաղաքականության մեջ լուրջ դերակատարություն չունեցող մարդկանց շուրթերից, գ) հասարակությունը խոշոր հաշվով կաշառակերության եւ կրիմինալի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում, դ) կրիմինալ համարվողը թքած ունի հասարակական կարծիքի վրա, քանի որ այդ կարծիքից չէ, որ կախված է իր օրվա հացը, ե) իրավապահների հետ անմիջական շփումից օլիգարխները, կոռումպացված չինովնիկներն իրենց զգում են հարազատ միջավայրում: Հետեւաբար, այսօր քաղաքական ասպարեզում քիչ թե շատ հրապարակային գործունեություն ծավալող մեկն իրեն թույլ չի տա նշել որեւէ օլիգարխի անուն, քանի որ գիտի, որ հաջորդ օրն իր գլխին վերեւից կարող է եւ աղյուս ընկնել: Իսկ հենց այնպես որեւէ մեկի գլխին, ինչպես փաստում է հայտնի հերոսը, աղյուս չի ընկնում: Սա է, թերեւս, պատճառը, որ անուններ տալուց առաջ դրանք բարձրաձայնողները երկար են մտածում եւ ընտրում այն անունները, որոնց կոռումպացված լինելու փաստը որքան հայտնի է, նույնքան անվտանգ է հրապարակման համար:
Իսկ ինչ վերաբերում է «Հակակրիմինալի» առավել լուրջ եւ գործնական քայլերին, «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավարը մեզ վստահեցրեց, որ լրանալու են ժամանակները, եւ երբ հեռուստաընկերությունները ընտրություններից առաջ արդե՛ն ստիպված կլինեն եթերը տրամադրել իրենց, այդ ժամանակ կհրապարակվեն իրենց ձեռքի տակ եղած փաստերը: Դրանք, սակայն, սպորտային հետաքրքրությունից բացի՝ հասարակության մեջ այլ արձագանքի չեն արժանանում: