Դրա համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է նախագահների հանդիպում, որը կարող են նախապատրաստել Ռուսաստանի եւ Վրաստանի հեղինակավոր հասարակական գործիչներից կազմված պատվիրակությունները, բնականաբար, արտաքին գործերի նախարարությունների մասնակցությամբ…
– Ի՞նչ շրջադարձ կարող է ունենալ Վրաստանի եւ Ռուսաստանի ներկա դիմակայությունը:
– Հետեւանքները կարող են շատ ծանր լինել, եթե ժամանակին կանգ չառնեն եւ չվերացնեն լարված իրավիճակը: Ռուսաստանն արդեն դադարեցրել է անցագրեր տալը, թողնելով միայն աննշան բացառություններ, չեղյալ է համարել Վրաստանի քաղաքացիների բնակության եւ աշխատանքի համար քվոտաները: Բայց կարող է ավելի առաջ գնալ:
– Այդ ասելով ի՞նչ նկատի ունեք:
– Մոսկվայում եւ ընդհանրապես Ռուսաստանում բնակվող վրացիների տեղահանում: Այնտեղ ապրում է մոտ մեկ միլիոն վրացի: Եթե Ռուսաստանը որոշի նրանց վտարել, ապա հետեւանքները շատ ծանր կլինեն: Էլ չենք խոսում այն մասին, որ Ռուսաստանում աշխատող Վրաստանի քաղաքացիները պահում են հայրենիքում մնացած իրենց ընտանիքներին, եւ նրանց գործազրկությունը շատ կբարդացնի Վրաստանի ներքին սոցիալական իրավիճակը, իսկ նրանց վտարումը եւ վերադարձը հայրենիք՝ կարող է Վրաստանի համար սոցիալական պայթյունի հիմք ստեղծել: Պետք է առանց ձգձգելու այստեղ պատվիրակություն ձեւավորել, որը կմեկնի Մոսկվա` երկու նախագահների հանդիպումը նախապատրաստելու համար: Այն ե՞րբ կկայանա՝ կախված է միայն Մոսկվայից: Ոչինչ, երկխոսությունից բացի, չի փրկի իրադրությունը: Ես հույս ունեմ, որ դա կազմակերպելու հարցում կարող է օգնել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ես նրան կարող եմ բնութագրել միայն դրականորեն: Նա աշխատել է ՄԱԿ-ում եւ նույնիսկ լարվածության երեւան գալու պարագայում, երբ որ Ռուսաստանը սկսեց ճնշել ձեզ, նա փորձում էր թուլացնել լարվածությունը, իսկ երբեմն էլ նույնիսկ որոշ չափով դեմ էր գնում իր կառավարությանը՝ մեզ աջակցելով:
– ԱՄՆ-ը կամ Արեւմուտքը կարո՞ղ են, արդյոք, ընդհանուր առմամբ որպես երաշխավոր հանդես գալ, որ ռուս-վրացական ճգնաժամը չի վերաճի ռազմական առճակատման:
– Հարկ չկա այդքան էլ շատ բարձրացնել Ամերիկայի դերը եւ ավելի քիչ՝ պետք է հույս դնել Ամերիկայի միջամտության վրա: Նա կարող է ինչ-որ քայլեր նախաձեռնել, բանակցություններ անցկացնել, խորհուրդներ եւ առաջարկություններ տալ: Բայց, դժվար թե դրանք շատ բան նշանակեն Ռուսաստանի համար: Ինձ շատ են հուսահատեցնում Ռուսաստանի պաշտպանության նախարարի ելույթները, որոնցում նա անընդհատ ընդգծում է, որ Ռուսաստանը պաշտպանում է իր քաղաքացիների շահերը: Աբխազիայում համարյա բոլորն ունեն ռուսաստանյան քաղաքացիություն: Ցխինվալյան շրջանում այդ նույն պատկերն է: Եթե իրավիճակը բարդանա այդ ուղղություններով, ապա ո՞վ է խանգարելու Ռուսաստանին իրականացնել իր ծրագրերը: Պատերազմի վերսկսումն աղետ է: Եվ ինչպե՞ս է մեզ պաշտպանելու Ամերիկան: Ինչ է, պատերա՞զմ է հայտարարելու Ռուսաստանին: Ոչ: Կարող է նրան բողոքի նոտա ուղարկել: Ռուսաստանի վրա ներգործելու այլ լծակներ չկան: Հարկ է հաշվի առնել, որ այսօրվա Ռուսաստանը բավականաչափ ուժեղ է եւ հզորությամբ համարյա Ամերիկայի հակակշիռն է հանդիսանում:
– Իսկ ձեր կարծիքով, որքանո՞վ է իրատեսական, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է նախաձեռնում Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:
– Պաշտպանության նախարար Իվանովը խոսում է Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելուն պատրաստ լինելու մասին: Ռուսաստանի տարածքում նրանց վտանգ չի սպառնում՝ Վրաստանը երբեք չի հարձակվի Ռուսաստանի վրա: Նշանակում է` նա խոսում է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների մասին: Իսկ դա շատ վտանգավոր է: Չի կարելի որեւէ բարդացում թույլ տալ: Բայց դրա հետ մեկտեղ, վրացական առաջնորդներն անընդհատ կրկնում են, որ հունվարի 1-ը պատրաստվում են դիմավորել Ցխինվալում: Իսկ եթե՝ ոչ: Ստացվում է, որ խոսքի տերը չեն: Դրանից հետո նրանց խոստովանություններն ի՞նչ արժեք կունենան: Ցխինվալ մտնելը նշանակում է պատերազմի սկիզբ, եւ եթե բանը հասնի դրան, պարտությունն անխուսափելի է, այդ պատճառով պետք է ելք գտնել: Ավելացնեմ, որ, չնայած Աբխազիայում ռուսներն իրենց նողկալի պահեցին, իմ եւ Պուտինի միջեւ հարաբերությունները միշտ նորմալ են եղել:
– Ինչպե՞ս եք գնահատում «լրտեսական խայտառակությունը», որի ընթացքում վրաց իշխանությունները ձերբակալեցին ռուսաստանյան սպաների խմբի:
– Եթե լրտեսական գործունեության անվիճելի ապացույցներ կան, ապա դրանից պետք է օգտվել: Այդ ցանցի բացահայտումն ինքնըստինքյան նվաճում է: Բայց դրանից պետք էր առավելագույն օգուտը քամել: Եթե այսպիսի աղմուկ չբարձրացնեին, ապա կարելի էր փորձել բանակցությունների ճանապարհով Ռուսաստանից որոշ զիջումներ ձեռք բերել:
Նյութը տպագրվում է հատվածաբար
Մայա ՄԱՐԳՎԵԼԱՆԻ
«Ջորջիան Թայմս» (Վրաստան)
www.mediadialogue.org