«Ազատություն» ռադիոկայանը «Eurasia House International» կազմակերպությունից ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի գործունեության հետ կապված պարզաբանումներ է ստացել: «Արմեն Սարգսյանի անունը բավական հաճախ է հոլովվում հայաստանյան քաղաքական շրջանակներում ու զանգվածային լրատվամիջոցներում: Հարկ ենք համարում մեկ անգամ եւս նշել, որ Արմեն Սարգսյանը չի մասնակցում Հայաստանի քաղաքական կյանքին»,- նշված է պարզաբանման մեջ, ուր նաեւ ասվում է, թե վարչապետի պաշտոնից հեռանալուց ու ՀՀ-ին տասնամյա դիվանագիտական ծառայությունից հետո Ա. Սարգսյանը երբեք հարցազրույցներ չի տվել եւ Հայաստանի քաղաքականության կամ քաղաքական զարգացումների վերաբերյալ հրապարակային ելույթներ չի ունեցել: Պարզաբանման հեղինակները նաեւ վստահեցնում են, որ Ա. Սարգսյանի վերաբերյալ հայաստանյան մամուլում «հավաստի աղբյուրների» վկայակոչմամբ հրապարակված տեղեկատվության ճնշող մեծամասնությունը չի համապատասխանում իրականությանը եւ պարզապես լրագրողական երեւակայության արդյունք է: «Արմեն Սարգսյանը բազմաթիվ լավ ընկերներ ունի Հայաստանի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր շրջանակներում, հայաստանյան հասարակության բոլոր խավերում: Ա. Սարգսյանը ներկայումս չի հետաքրքրվում Հայաստանի քաղաքական գործընթացներով ու չի ձգտում որեւէ դերակատարություն ունենալ երկրի քաղաքական կյանքում»,-ասված է «Eurasia House International»-ի պարզաբանման մեջ: Փաստվում է նաեւ, որ Ա. Սարգսյանը «Knightsbridge Associates»-ի հիմնադիրներից է: Ընկերությունը գտնվում է Եվրոպայում եւ աշխատում է բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտում ամենատարբեր երկրներում: Ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության բնագավառում ներդրումներն են, ինչպես նաեւ տեխնիկական գործառնությունները, միջոցների արտահանումն ու նոր արտադրությունների հիմնումը եւ խորհրդատվությունը:
«Knightsbridge Associates»-ի եւ դուստր ընկերությունների գործարար գործունեությունը ընդգրկում է աշխարհագրական մեծ տարածք: Դրանք գրասենյակներ ունեն Չինաստանում, Մոնղոլիայում, Ռուսաստանում (Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում), Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Չեխիայի Հանրապետությունում, Լեհաստանում, Սլովենիայում, Նիդեռլանդներում եւ Միացյալ Թագավորությունում: Հնդկաստանում «Knightsbridge Associates»-ը չի գործում: Ինչ վերաբերում է «ԱրմենՏել»-ին, ապա, համաձայն ներկայացված պարզաբանումների, մրցույթի վաղ փուլում «Knightsbridge Associates»-ը ցուցաբերել է առաջին փուլն անցած ընկերություններից մեկի հետ միասին ներդրումներ կատարելու հետաքրքրություն, սակայն հուլիսի 1-ին «Knightsbridge Associates»-ի տնօրենների խորհուրդը որոշել է առայժմ չմասնակցել եւ ներդրում չկատարել «ԱրմենՏել»-ում»: