Գալիք շաբաթ

10/10/2006

Թուրքական ռազմական կազմավորումները Լիբանանի հարավում խաղաղապահ առաքելություն իրականացնող միջազգային ուժերին կմիանան գալիք շաբաթ: Ըստ «Չիհան» լրատվական գործակալության, թուրքական հեռուստաընկերություններից մեկի տեղեկատվության համաձայն, որը դեռեւս չի հաստատվել թուրքական իշխանությունների կողմից, 260 զինվորներից բաղկացած ինժեներական միավորումը կտեղակայվի Լիբանանի Տիր քաղաքում: Երեկ թուրքական Մարմարիս միջերկրածովյան նավահանգստից միջազգային խաղաղապահ ռազմածովային ուժերին միանալու մեկնեց «Գազիանտեպ» ռազմանավը: Հիշեցնենք, որ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի միանալու մասին որոշումը թուրքական խորհրդարանն ընդունել էր սեպտեմբերին: Անցած ամիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը հայտարարել էր, թե Թուրքիան Լիբանանում տեղակայելու է 1100 խաղաղապահների: Լիբանանահայերը բացասաբար են արձագանքել Լիբանանում թուրք խաղաղապահների տեղակայման հնարավորությանը՝ դա թույլ չտալու պահանջով դիմելով ԱՄՆ-ի, Լիբանանի եւ ՄԱԿ-ի ղեկավարությանը: Ի դեպ, Տիր քաղաքում, ուր պատրաստվում են մեկնել թուրք խաղաղապահները, հայ համայնք չկա: