ԼՂՀ Սահմանադրության նախագիծն անցավ առաջին ընթերցմամբ

10/10/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Սկզբից փակ գաղտնի քվեարկությամբ (որին մասնակցում էին 33 պատգամավորից 28-ը), ԱԺ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանը: Նշենք, որ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հանձնաժողովի պաշտոնից հրաժարվել էր «Հայրենիք» խմբակցության եւ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Մեր հարցին, թե ինչո՞ւ նա հրաժարվեց այդ պաշտոնից, Ա.Հարությունյանը պատասխանեց, որ դա կուսակցության նախագահության որոշմամբ էր: Նշենք նաեւ, որ Բ. Բախշիյանի պարտականությունները կստանձնի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Պետրոսյանը: Վերոնշյալ հանձնաժողովների փոխնախագահներ են ընտրվել Վալերի Հարությունյանը եւ Արարատ Դանիելյանը: Օրակարգային երկրորդ հարցի` ԼՂՀ Սահմանադրության նախագծի, քննարկումը շատ կարճ տեւեց, քանի որ ԱԺ խումբ-խմբակցությունները երկու օր առաջ կայացած նիստում ներկայացրել էին իրենց առաջարկությունները: Գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունից հետո Սահմանադրության նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց, իսկ երկրորդ ընթերցումը նախատեսվում է հոկտեմբերի վերջերին: Նիստի վերջում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը տեղեկացրել է, որ Սահմանադրության այս տարբերակը մի քանի օրից կտպագրվի «Ազատ Արցախ» թերթում (5-7 հազար տպաքանակով, հայերեն եւ ռուսերեն լեզուներով) համաժողովրդական քննարկման համար: Բնակիչները 10 օրվա ընթացքում պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները, որից հետո ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կընդունի երկրի գլխավոր օրենքի նախագիծը, որն այնուհետեւ կներկայացվի ժողովրդի դատին: