Նորություն չէ, որ դասական եւ ժամանակակից արտասահմանյան կերպարվեստը Հայաստանում գրեթե չի ներկայացվում` բացառությամբ հատուկենտ դեպքերի։ Եվ եթե Երեւանում բացվում է արտասահմանցի որեւէ հեղինակավոր արվեստագետի աշխատանքների ցուցադրություն, ուրեմն այն արդեն եզակի է։ Սակայն օրերս Փարիզի Մագ (Maeght) պատկերասրահի համագործակցությամբ Հայաստանի Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսը հենց այդպիսին էր, մանավանդ, որ այդ «հեղինակավոր գեղանկարիչը» XX դարի առաջին կեսի ամենաազդեցիկ արվեստագետներից է` ֆրանսիացի Ժորժ Բրաքը (1882-1963թթ.)։ Ժ. Բրաքն այն գեղանկարիչն էր, որ Պիկասոյի հետ սերտ համագործակցությամբ սկիզբ դրեց կուբիստական շարժմանը կերպարվեստում, որ պայմանականորեն սկսվել է 1907թ. եւ ավարտվել 1914-ի պատերազմի սկզբին։ Դժվար է բացահայտել կուբիստական շարժմանը հարած գեղանկարիչների (Ժ. Բրաք, Պ. Պիկասո, Ա. Գլեզ, Ժ. Մետցենժե, Խ. Գրիս եւ այլք) անհատական ներդրումներն այդ ոճի ձեւավորման մեջ, սակայն սխալ կլիներ Պիկասոյին վերագրել գերիշխող ազդեցությունը։ Էստաքում 1908-ի ամռանը Բրաքի կատարած որոշ բնապատկերներ անմիջականորեն կանխարկել են այն բնանկարները, որ Պիկասոն ստեղծել էր 1909-ի ամռանը Հորտա դե Էբրոյում։ Բրաքն իր գործունեության ընթացքում հաստատեց մի ոճական ամբողջականություն, միակ արժանիքը, որին Պիկասոն չէր կարող հավակնել, եւ այս ամբողջականությունը սկիզբ է առնում կուբիզմի կազմավորման շրջանից։ Կուբիստները նկարչության մեջ ներմուծեցին առարկաներ, որոնք նախկինում անտեսվել էին, իսկ Բրաքը` մտահոգված ձեւի խնդիրներով, ջանում էր միացնել ֆիգուրների եւ առարկաների տարբեր ասպեկտները միեւնույն նկարում։ Բրաքի արվեստում թեմաների շրջանակը միեւնույն ժամանակ սահմանափակ է ու նշանակալի. լրագրերի հետ համադրված երաժշտական գործիքներ, գինու բաժակները` պաստառների, խաղաթղթերը` ծխամորճերի հետ։ 1912-14 թվականներին Բրաքը սկսեց օգտագործել բնական նյութեր` փակցնելով լրագրերի, պաստառների, գործվածքների կտորներ կտավի մակերեսին` կապելով դրանք ներկատարածքի կամ էլ ածխամատիտի ուրվագծերի հետ (collage)։
Բրաքի զարգացումը շարունակվում էր Պիկասոյի զարգացմանը զուգահեռ նախքան պատերազմի սկսվելը, այնուհետեւ նա զինակոչվեց եւ վիրավորվեց։ Ժ. Բրաքի երեւանյան ցուցահանդեսն ընդգրկում էր նկարչի ինչպես վաղ, այնպես էլ միջին եւ ուշ շրջանի գործերը` վիմագրություններ, օֆորտներ, քանդակներ եւ երկու յուղանկար, ընդհանուր առմամբ մոտ քառասուն աշխատանք, որոնք ցուցադրվում էին պատկերասրահի` իրար հաջորդող երկու սրահներում եւ շատ փոքր մասն էին կազմում Բրաքի թողած ժառանգության։