Նախօրեին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին՝ Մոսկվայում: Ըստ Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի, մոսկովյան հանդիպումից շուրջ մեկ շաբաթ հետո արտգործնախարարները դարձյալ կհանդիպեն, ինչից հետո արդեն կարող են քննարկվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրի եւ ժամկետների մասին հարցերը: Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի փոխանցմամբ՝ իրենք այս պահին կտրուկ լուծումներ չեն ակնկալում եւ չեն գտնում, թե բոլոր դժվարությունները հարթված են, սակայն նկատում են խնդիրները խորությամբ դիտարկելու եւ առաջ շարժվելու կողմերի պատրաստակամությունը: Ամերիկացի համանախագահի գնահատմամբ՝ միակ գործոնը, որը խոչընդոտում է գործընթացին, կողմերի միջեւ վստահության պակասն է: Բ. Ֆասիեն հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն հաղորդագրությունը, թե ինքը Բաքվում բացառել է Ղարաբաղի մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին: Համանախագահները Երեւանում հանդիպել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղեկցող՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը տեղեկացրել է, թե հակամարտության գոտում հրադադարի ամրապնդման հարցը քննարկելու համար համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման համար: Երեկ համանախագահները չեն կարողացել այցելել Լեռնային Ղարաբաղ անբարենպաստ եղանակի պատճառով: