Երեկ Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքի փոփոխություն, որով ցեղասպանությունը հերքելը դառնում է քրեորեն պատժելի արարք: Ըստ այդմ, «համակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը եւ խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված սույն գլխի մյուս հոդվածներով նախատեսված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելիության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելիության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։