«Սթրաթֆոր» վերլուծական կենտրոնի նոր զեկույցի համաձայն, մինչեւ տարեվերջ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում կլինեն Իրաքի պատերազմը, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հետ լարված հարաբերություններն ու Կոնգրեսի ընտրությունները, ուստի շատ ժամանակ չի հատկացվի Մոսկվայի հետ հարաբերություններին: Մինչդեռ, Ռուսաստանն այս ընթացքում շարունակելու է ԱՊՀ-ի տարածքում իր ազդեցությունն ամրապնդելու քաղաքականությունը, որի հիմնական լծակներից մեկն էներգետիկան է: Ըստ «Սթրաթֆոր»-ի վերլուծաբանների, չնայած նրան, որ տեղի կունենան նոր բանակցություններ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը մինչեւ տարեվերջ չի լուծվի: «Ադրբեջանը հզորացնում է բանակը, սակայն մեծ հաջողության այդ հարցում դեռ չի հասել»,- գտնում են վերլուծաբանները: Ըստ «Սթրաթֆոր»-ի, այս տարվա վերջին եռամսյակում Ադրբեջանը ֆինանսական եկամտի նոր աղբյուր է ստանալու՝ ի հավելումն արդեն գործող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարի, դեկտեմբերին սկսելու է գործել նաեւ գազատարը: «Սթրաթֆոր»-ը կանխատեսում է, որ Վրաստանում հակամարտությունները կսրվեն, նոյեմբերի 12-ին Հարավային Օսիայում նշանակված անկախության հանրաքվեն էլ ավելի բարդ իրավիճակ է ստեղծելու: «Սթրաթֆոր»-ի վերլուծաբանների կանխատեսումներով՝ Վրաստանն ամեն կերպ ձգտելու է ամրապնդել կապերն Արեւմուտքի, նախեւառաջ՝ ԱՄՆ-ի հետ: «Վրաստանում ափսոսանքով կարձագանքեն, եթե Թբիլիսիին չտրվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ խոստում, բայց, բոլոր դեպքերում, Վրաստանը կշարունակի համագործակցել ամերիկացի զինվորականների հետ»,- կարծում են «Սթրաթֆոր»-ի վերլուծաբանները: Վերջիններս նաեւ նշում են, թե Ռուսաստանը կփորձի խրախուսել անջատողական շարժումները եւ քայլեր ձեռնարկել ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցությունը խափանելու ուղղությամբ: